Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022-ին Ադրբեջանը պատրաստվում է բազմաթիվ հայտեր ներկայացնել միջազգային ատյաններ ընդդեմ Հայաստանի: Դրա մասին արդեն պաշտոնապես հայտարարել է Ապշերոնի սուլթանատի ԱԳՆ-ն՝ փոխնախարարի մակարդակով: Ընդ որում, խոսքը վերաբերում է միլիարդավոր դոլարների հասնող բնապահպանական ու տնտեսական վնասների վնասին, որոնք իբրև հասցվել են Ադրբեջանին հայերի կողմից:
Մասնավորապես, խոսվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման արդյունքում Ողջի գետի քիմիական թափոններով աղտոտման մասին: Նշվում է, որ հենց այդ գետն է ապահովում Ադրբեջանի խմելու ջրի շուրջ 30%-ը:
Դրա հետ մեկտեղ խոսվում է նաև հայկական կամ Հայաստանի կողմից ներգրավված կապիտալով 5 հանքավայրերի շահագործման արդյունքում Ադրբեջանին հասցված վնասի մասին: Առանձնացվում են Vallex Group, First Dynasty Mines, Base Metals, Lydian International, GeoProMing, Vedanta Group ընկերությունների անունները: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև Franck Muller ժամագործական ընկերության սեփականատեր Վարդան Սիրմակեսին, որը «օկուպացված տարածքներում» արդյունահանել է 302 մլն դոլարի ոսկի: Առանձնացված են նաև նույն տարածքներում ծառահատման խնդիրները՝ որակվելով որպես «բնապահպանական ահաբեկչություն»:
Առանձին ուշադրություն է դարձվում էներգետիկ ենթակառուցվածքների ու ռեսուրսների օգտագործմանը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայտերը վերաբերելու են 20 ենթակայանների, 16400 կմ էլեկտրահաղորդման գծերի, 2000 կմ գազամուղերի ՛՛ոչնչացմանն ու թալանմանը՛՛: Այս ամենին Բաքուն գումարում է նաև ՛՛հայկական օկուպացիայի հետևանքով՛՛ Խուդաֆերինի ու Ղըզ Ղալասի հիդրոօբյեկտների կառուցման ձախողումը:
Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա, բնականաբար, ազերիները կրկին փորձում են օրակարգ բերել Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցը: Միաժամանակ պնդում են, որ զրկվել են Շուշիի (412 խմ) ու Քելբաջարի (3093 խմ) երկրաջերմային պաշարների օգտագործման հնարավորությունից: Չեն մոռացել նաև Մաղավուզից Երևանի ՋԷԿ-ի համար ածխի ներկրման փորձերի մասին:
Սա է «խաղաղության դարաշրջանի» իրական պատկերը:
Հիբրիդային պատերազմը շարունակվում է:
Վահե Դավթյան
տնտեսագետ