կարևոր
2884 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-13 10:58
Քաղաքական

«Խաղաղության դարաշրջանի» օրակարգն ու Ադրբեջանի ագրեսիայի «լեգիտիմացումը». «Փաստ»

«Խաղաղության դարաշրջանի» օրակարգն ու Ադրբեջանի ագրեսիայի «լեգիտիմացումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երբ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը համարձակվեց Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսել, ապա միջազգային հանրությունը որևէ կերպ դեմ չկանգնեց դրան և չկանխեց պատերազմը։ Իսկ հայկական կողմից էլ միջազգայնորեն լեգիտիմացրին այդ քայլը, քանի որ փոխանակ Հայաստանի և Արցախի իշխանությունները պնդեին ռազմական էսկալացիայի անընդունելիության մասին, պատերազմից առաջ խրոխտ կերպով հայտարարում էին, թե պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք։ Ու Ադրբեջանը աննախադեպ ռազմական հանցագործություններ իրականացրեց արցախահայության նկատմամբ, սակայն Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան մինչև հիմա որևէ կերպ չի դատապարտվում։

ՀՀ իշխանություններն էլ, կարծես, դա նորմալ են համարում, քանի որ ոչ մի խոսք չեն ասում, որ կոնկրետ ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել, փոխարենը պարտության պատասխանատվությունը գցում են նախկինների գրպանը։ Տպավորություն է՝ կարծես այդպես էլ պետք է լիներ։ Իսկ որոշ ժամանակ անց Ադրբեջանը համարձակվեց նոր ագրեսիա նախաձեռնել՝ այս անգամ Հայաստանի դեմ։ Եվ անցյալ տարվա մայիսին ադրբեջանական զինուժը առանց լուրջ դիմադրության հանդիպելու Գեղարքունիքում և Սյունիքում ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Այդ ժամանակ ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը կոնկրետ ամենաբարձր մակարդակով միջազգայնորեն դնելու փոխարեն Փաշինյանը առաջարկեց զորքերի հայելային հետքաշման և միջազգային դիտորդների տեղակայման գաղափարը, սակայն ո՛չ զորքերի հետքաշում տեղի ունեցավ, ո՛չ էլ դիտորդների տեղակայում։

Ու այդպես մեկ տարուց ավելի ժամանակ անցավ, ու Ադրբեջանը կրկին դիմեց իր նախընտրած գործելակերպին՝ տեսնելով, որ ՀՀ իշխանությունները համակերպվում են առկա իրավիճակի հետ և խաղաղության օրակարգի անվան տակ միշտ պատրաստ են գնալ զիջումների, միայն թե շարունակեն մնալ իշխանության ղեկին։ Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց Հայաստանի նկատմամբ, ու ադրբեջանական զորքերը խորացան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի տարածքներում՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հիմա էլ ՀՀ իշխանությունները նոր գործելակերպ են որդեգրել. մի կողմից՝ հայտարարում են, թե պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ՝ պահանջում են, որ Ադրբեջանը դուրս հանի իր զորքերը ՀՀ տարածքից։

Բայց որևէ լծակ կա՞, որ հակառակորդը դուրս է գալու մեր տարածքից, միանշանակ չկա։ Բաքուն անտեսում է անգամ միջազգային տարբեր շրջանակների կողմից Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու կոչերը։ Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողություն չկա։ Իսկ նրանք, ովքեր հույսեր են կապում ԵՄ հատուկ առաքելության հետ, որն ուղարկվելու է Հայաստան, ապա նրանց հուսախաբություն է սպասում։ Մոտ երկու ամիս տևող այդ առաքելությունը ձևական նշանակություն է ունենալու, քանի որ ընդունակ չէ որևէ կերպ ճնշում գործադրել Բաքվի վրա ու կանխել ադրբեջանական ագրեսիայի հետագա ծավալումը։ Բայց այսքանով հանդերձ Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, և դրա ֆոնին մեր իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղության ճանապարհով են գնում՝ նպատակ ունենալով փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ այն համատեքստում, թե՝ մի քիչ էլ համբերեք, խաղաղության պայմանագիրը կկնքվի ու խաղաղության դարաշրջանը կբացվի։

Իսկ խաղաղության դարաշրջան բացելու խոսակցություններով էլ տևական ժամանակ կանցնի, ու մարդիկ կրկին կհամակերպվեն առկա վիճակի հետ, իսկ մեկ տարի հետո Ադրբեջանն արդեն նոր ագրեսիա կնախաձեռնի Հայաստանի նկատմամբ և նոր պահանջներ կդնի հայկական կողմի առաջ։ Չէ՞ որ մենք դրա փորձը տեսնում ենք փաստերի հիման վրա։ Մինչև հնարավոր չլինի թշնամուն կանգնեցնել, նրանք չեն կանգնելու։ Եվ պետք է հնարավորինս շուտ արվի այդ քայլը, բայց այլ հարց է, որ գործող իշխանությունները պարզապես ընդունակ չեն նման քայլի գնալու։ Կամ չեն ցանկանում...

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում