կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 16:24
Քաղաքական

«3+3»-ը թուրքական պրոյեկտ է, որով նա կարող է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը. Ռուբեն Մելքոնյան

«3+3»-ը թուրքական պրոյեկտ է, որով նա կարող է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը. Ռուբեն Մելքոնյան

«3+3» ձևաչափը թուրքական պրոյեկտ է։ Այն դեռևս 2008 թվականին Թուրքիան է առաջարկել։ Այն ժամանակ ձևաչափը կոչվում էր «Խաղաղության պլատֆորմ», հիմա՝ «3+3» կամ Կովկասյան պլատֆորմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, որ Հայաստանը ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով մասնակցելու է դեկտեմբերի 10-ին կայանալիք «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստին։

«Սա թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սրանով Թուրքիան ուզում է մասնակցություն ունենալայս տարածաշրջանի տարբեր պրոցեսներին, այդ թվում՝ կոնֆլիկտների լուծմանը։ Իսկ Թուրքիայի մասնակցությունը Արցախյան հակամարտության լուծմանը որևէ տրամաբանական մտածողության մեջ պրոհայկական չենք կարող որակել։ Այս ձևաչափով Թուրքիան կարող է չեզոքացնել միջազգային մյուս հարթակները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը և ձեռք բերել ցանկալի դե յուրե մասնակցություն այն պրոցեսներին, որ երբեք չի ունեցել։

Ամենևին պատահական չէ, որ իր այս ծրագիրը Թուրքիան ակտիվացրել է 44-օրյա պատերազմից հետո, երբ դե ֆակտո հայտնվել է տարածաշրջանում, դե յուրե հիմա էլ ուզում է իր ներկայությունն ամրագրել։

Եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կամ այն կառույցները, որոնք աշխատում են և չեն տեսնում, որ այս ձևաչափի մեջ թուրքական բացահայտ վտանգ կա, դա ուղղակի մեր պետության, պետականության, պետական ինստիտուտների հետ կապված հերթական ողբերգությունը կարող է լինել»,- ասաց թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու, որպեսզի Թուրքիան «3+3» ձևաչափ չբերի Արցախյան հակամարտությունը։

Թուրքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, որ այս հարթակում չպետք է հակամարտություններ քննարկվեն, վստահություն կարող են ներշնչել միայն իր կուսակիցների և իր հետևորդների մոտ։

«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը հայտարարել է, որ այս ձևաչափն իր համար անցանակալի է, որովհետև այդ ֆորմատը ենթադրում է կոնֆլիկտների լուծում։ Իսկ Վրաստանը կոնֆլիկտ ունի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ կապված, և մինչև այդ հարցը չլուծվի, նա չի մասնակցի։ Այսինքն՝ այս պահին «3+3» ֆորմատ էլ չէ, այլ «3+2»»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը նշված ֆորմատով նախանիստին ՀՀ մասնակցության մասին խորհրդարանում հայտարարեց խիստ իմիջիայլոց՝ աշխատելով տպավորություն ստեղծել, որ դա անկարևոր, անվտանգ դրվագ է։

«Իրականում սա շատ մեծ վտանգ է, բայց մի իշխանության ընկալմամբ, որը մեր պետականության հիմքերն է քանդել և Արցախի մեծ մասը հանձնել, «3+3»-ը լուրջ վտանգ չի կարող ներկայացնել»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։