կարևոր
5317 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-20 14:56
Քաղաքական

Փաշինյանը վիժեցրել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ողջ գործընթացը․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը հետևողական է իր խեղաթյուրումների մեջ, ինքը պարտությունից անմիջապես հետո շրջանառեց «ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» թեզը, որից հետո արդեն 3 տարի է փորձում է մեղավորներ կարգել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մեղավոր են բոլորը՝ նախկին նախագահները, նախկին վարչապետերը, միջազգային հանրությունը և այլն, և որպեսզի ինքն իրեն մեղքերից մաքրի գնում է բացահայտ աղճատումների։ Օրինակ՝ ասում է, որ Ադրբեջանը վավերացրել  է Բելովեժյան համաձյանագրերը, ոչ՛, Ադրբեջանը չի վավերացրել, Ադրբեջանը ընդունվել է ԱՊՀ 1993 թվականի սեպտեմբերին։ Երբ Հայաստանը վավերացրել է՝ Ադրբեջանը ԱՊՀ կազմում չէր, հետևաբար  ուզենար էլ չէր կարող աղճատել Ադրբեջանի տարծքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ չէր։ Ասում է՝ նախկին իշխանությունները Ղարաբաղը դուրս են մղել բանակցություններից, այն դեպքում, երբ եռակողմ ֆորմատը դադարել է գործել 90-ականների ամենասկզբից, երբ Մինսկի խորհրդաժողով անցկացնելու փոխարեն համանախագահները սկսեցին մաքոքային դիվանագիտություն իրականացնել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանը 2019 թվականին Վիեննայի բանակցություններից հետո, որն ի դեպ, միակ բանակցություններն էր, որին Փաշինյանը մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ֆորմատով, ասաց որ Ղարաբաղը միշտ էլ մասնակցել է բանակցություններին, քանի որ ՀՀ նախկին իշխանությունները Ղարաբաղի ներկայացուցիչն էին, հիմա փորձում է իր խոսքը 180 աստիճանով փոխել․

«Այո՛, բանակցությունները սկսել են ցածր կետից 1996 թվականի ԵԱՀԿ նախագահողի հայտարարությունը վկա, բայց այն ինչ-որ Փաշինյանը ժառանգել է 2018-ից՝ սևով սպիտակի վրա գրված է և ինքն է գաղտանզերծել, չէ՞ որ Արցախի կարգավիճաը որոշվելու է համաժողովրդական քվեարկությամբ։ Այսինքն, այն, ինչ ինքը ժառանգել է թույլ է տալիս Արցախի ժողովրդին գնալ քվերակության և որոշել իր ճակատագիրը»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը վիժեցրել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ողջ գործընթացը․

«Ալիևի հետ նա հանդիպել է 7-8 անգամ տետատետ, ինքը ընդամենը մեկն է այդ հանդիպումներից անցկացրել Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, ավելին՝ Մինսկի խմբի համանախագահները ստիպված մի քանի անգամ հայտարարություն են տարածել՝ ասելով, որ փորձում են կանխել այն սպեկուլիացիան այն փաստաթղթերի շուրջ, որոնք այսօր շրջանառվում են և հստակ ներկայացրել են, թե ինչպես պետք է լինի կարգավորումը՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ազատ ինքնորոշում և իրավահավասարություն և ուժի չկիրառում»,- ասաց նա։