կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 15:04
Տարածաշրջան

Թեհրանը պատրաստ է ադրբեջանական էլեկտրացանցերի հետ սինքրոնացմանը. Իրանը դարձյալ «մի կողմ է հրել» Հայաստանին

Թեհրանը պատրաստ է ադրբեջանական էլեկտրացանցերի հետ սինքրոնացմանը. Իրանը դարձյալ «մի կողմ է հրել» Հայաստանին

Իրանը պատրաստ է միացնել երկրի էլեկտրական ցանցերը Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերին։ Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով IRNA պետական լրատվական գործակալությունը, հաղորդել են, որ այդ մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ EADaily-ի՝ Իրանի էներգետիկայի նախարարության ղեկավարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը շարունակելու և ընդլայնելու՝ Թեհրանի պատրաստակամությունը։

«Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվել։ Իրանը պատրաստ է սկսել իր էլեկտրացանցերի սինքրոնացումն այս երկրների հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեք երկրներում գագաթնակետին հասած սպառման տարբեր ժամանակաշրջանների պատճառով հնարավոր է ամռանը և ձմռանը մեծացնել էլեկտրաէներգիայի տարանցումը միմյանց կարիքները բավարարելու համար։

«Վերջին տարիներին Ադրբեջանը շատ լավ ձեռքբերումներ է ունեցել էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի արդյունահանման, ինչը հիացմունքի է արժանի»,- ասել է Մեհրաբիանը։

Որպես Արևմտյան Ասիայի էներգետիկ շուկայի հիմնական խաղացող՝ Իրանն այժմ ձևավորվում է որպես տարածաշրջանում էներգիայի մատակարարման հիմնական հանգույց, քանի որ Իսլամական Հանրապետությունը հետևում է իր էներգահամակարգը հարևան երկրների հետ սինքրոնացնելու համապարփակ ծրագրին: Իրաքն առաջին հարևանն էր, որի ազգային էլեկտրացանցը սինքրոնացվել էր Իրանի էլեկտրացանցերի հետ դեռևս 2019 թվականի նոյեմբերին, և այժմ Իրանի էներգետիկայի նախարարությունն իրականացնում է Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերը իրանական ցանցին միացնելու ծրագիր: Թեհրանն ավելի վաղ մատնանշել էր Իրանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերի սինքրոնացման երկու հնարավոր ուղիներ, որոնցից մեկն անցնում է Հայաստանով և Վրաստանով, մյուսը՝ Ադրբեջանով։ Ինչպես նշում է ԻՌՆԱ-ն, ներկայումս ավելի հավանական է երկրորդը:

2021 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 1 մլրդ 156 մլն կՎտ/ժ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28,2%-ով)։ Միաժամանակ դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները կազմել են 252,8 մլն կՎտ/ժ, Թուրքիա՝ 318,6 մլն կՎտ/ժ, Ռուսաստան՝ 79,1 մլն կՎտ/ժ, Վրաստան՝ 505,5 մլն կՎտ/ժ։

Նշված ժամանակահատվածում Ադրբեջան էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 130,8 մլն կՎտ/ժ (աճը՝ 13,7%)։ Ներմուծման մեջ Իրանին բաժին է ընկել 27,3 մլն կՎտ/ժամ, Ռուսաստանին՝ 78,9 մլն կՎտժ, Վրաստանին՝ 24,6 մլն կՎտժ։

Միևնույն ժամանակ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020 թվականի վերջին 2019 թվականի համեմատությամբ նվազել է 1,1%-ով՝ հասնելով 25 մլրդ 811,2 մլն կՎտժ-ի։

Ավելի վաղ  հայ փորձագետները նշել էին, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքում հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման տեմպերը կտրուկ ընկան, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագիծն ամբողջությամբ սառեցվել է. այսպիսով՝ իրականացվում է Բաքվի երկարաժամկետ սցենարը, ըստ որի՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն անցնում է Ադրբեջանի տարածքով։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ կային, որ Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղի կազմակերպելու շուրջ։ Նման համաձայնագրի գոյության մասին հայտարարել է Իրանի ճանապարհների սպասարկման կազմակերպության միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ Մինչև վերջերս Իրանը հավատարիմ էր այլ առաջնահերթության՝ դեպի Սև ծով իր առևտրի ելքը Հայաստանի տարածքով կառուցելու հարցում: 

Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հանձնումը թշնամուն, որից հետո իրանցի վարորդները հարկադրաբար տուրք են վճարում նաև Ադրբեջանին, ինչպես նաև նոր կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհի անհարմարությունը պատճառ են դարձել, որ Իրանը հրաժարվի Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, դիտարկելուց: