Թեև նիկոլի ասուլիս կոչվածը չեմ լսել, բայց երբ ՖԲ-ում աչքիս ընկավ «Մեզ թուրք ասելով՝ չեն կանգնեցնի» մի տեսանյութ (հատված
ասուլիսից) հասկանալի պատճառով հետաքրքրությունս շարժվեց:
Պարզվում է՝ այս մարդը մինչ այսօր տեղյակ չէ՝ Թուրքիան և Ադրբեջանը ուզու՞մ են ոչնչացնել Հայաստանը, հայերի ցեղասպանությունը ավարտին հասցնել, թե՞ ոչ:
Այս հարցի պատասխանից է կախված նրանց ճանապարհ տալ-չտալու պայմանը:
Ճշտելու համար ուզում է այս հարցն ուղղել այդ պետություններին և նրանցից ստանալ պատասխան, բայց, պատկերացրեք, ոչ թե «հայտարարություններով», այլ՝ «գործողություններով» (իր բառերն են):
Կարծում եմ՝ ամենաանհասկացողին էլ պարզ է, որ այս մարդը մինչև այսօր Արցախի և, ընդհանրապես, հայության ապրելու իրավունքի համար մղվող դարավոր պայքարին ի պատասխան թուրք-ադրբեջանական գործողությունները չի հասկացել և դարձյալ նրանց նույն հարցերն է ուզում տալ, որ նույն պատասխանն ստանա՝ դարձյալ նույն գործողություններով...
Հասկանու՞մ է, արդյոք, որ թուրք-ադրբեջանական հերթական պատասխան-գործողություններից հետո Հայաստանի ու հայության հարցը կարող է իսպառ լուծվել:
Չգիտեմ իմաստ ունի՞ հիշեցնել, որ ավելի քան 100 տարի Թուրքիան պետականորեն չի ճանաչում Հայաստանի գոյությունը, պետական կրթական ծրագրերում և դասագրքերում բացակայում է Հայաստանը որպես պետություն, իսկ քարտեզներում Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես Թուրքիայի տարածք:
Մեր պետությունը ոչնչացնելու, Քեմալ Աթաթուրքի ձևակերպմամբ՝ «Հայաստանը մեջտեղից վերացնելու» ծրագիրը ոչ մի թուրք ղեկավար կամ թուրքական կառավարություն չեղյալ չի հայտարարել:
Հայտնի թուրքագետ, ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը իր «Մուսթաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.)» արժեքավոր հետատազոտության մեջ, քննելով Աթաթուրքի հակահայ գործունեությունն ու Հայաստանի և հայության մասին արտահայտած տեսակետները, գալիս է հետևյալ եզրակացությանը. «Հայկական հարցի արդարացի լուծումը, ըստ Մուսթաֆա Քեմալի, հետևյալն էր. հայ ժողովրդի բնօրրանի մի հատվածի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումը, նրա բռնակցումը Թուրքիայի Հանրապետությանը, հայ ժողովրդի բնօրրանի մեկ այլ հատվածում առաջացած Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ և ինքնիշխան պետության, «մեջտեղից վերացումը» և տարածքային տեսակետից խիստ աղճատված տեսքով «խորհրդայնացումը» և, ըստ էության, վերացումը որպես անկախ պետություն: Այդպիսով, Քեմալը հավատարիմ մնաց իր երիտթուրքական անցյալին՝ շարունակելով նրանց գործը և իր պատկերացմամբ՝ հասցնելով այն ավարտին» (էջ 56):
Շատ մեծ կարողություններ պետք չեն հասկանալու համար, որ ժամանակակից Թուրքիան անշեղորեն շարունակում է երիտթուրքերի և Քեմալի (որը նունպես երիթուրք էր) հայաջինջ քաղաքականությունը:
Եթե հարյուր տարվա պատմությունը դժվար է հասկանալը, թող դիմի Ալիևի՝ վերջին ամիսների հայտարարություններին, որոնց համաձայն՝ Վարդենիսից, Սևանից, Սյունիքից մինչև Երևան Ադրբեջանի պատմական հողեր են:
Նաև հիշի, որ Արցախի վերաբերյալ նրա բոլոր հայտարարությունները ի վերջո վերածվեցին գործողությունների, որոնք լավագույն պատասխանն են պատմության դասերը չսովորածներին:
Կարծես այս մարդը չի լսել կամ չի հասկացել, թե դա ինչ է նշանակում... անգամ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախը նվաճելուց և Հայաստանի Հանրապետության սահմաններ ներխուժելուց հետո:
Հայկազուն Ալվրցյան
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն,
բանասիրական գիտությունների դոկտոր