կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 22:40
Հասարակություն

Դիրքային մրցակցության միտումները հետպատերազմյան տարածաշրջանում

Դիրքային մրցակցության միտումները հետպատերազմյան տարածաշրջանում

Նոր ուժային հարաբերակցությունն ու վերադիրքավորման ընդհանուր միտումները

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Այսրկովկասում հիմնովին փոխված ուժային հարաբերակցությունն առարկայորեն հանգեցրել է նաև դիրքային նոր պայքարի, բարդ վերադասավորումների՝ անզիջում մրցակցության պայմաններում նախկին և նոր բանաձևումների միջոցով կորսված հնարավորությունները վերականգնելու, ձեռք բերված առավելություններն ամրապնդելու տրամաբանությամբ։ Տարածաշրջանում դիրքային մրցակցության բովանդակային նոր շրջափուլն ընթանում է ոչ միայն առանձին դերակատարների, այլև ֆորմալ և ոչ ֆորմալ դաշինքների, բանակցային ձևաչափերի, ենթակառուցվածքային նախագծերի հարթություններում՝ առավել խտացնելով հետպատերազմյան ժամանակահատվածում շահերի բախման խճանկարը։

Պատերազմի հետևանքները հանգեցրին տարածաշրջանում «հաղթած-պարտված», «դիրքերը կորցրած-ամրապնդած», «գործընթացներից դուրս մնացած-հաստատվել ձգտող» պայմանական «խաղային» բանաձևումների։ Այսպես՝ հայկական երկու պետությունների հետպատերազմյան դիրքավորումը տարածաշրջանում կարելի է բնութագրել որպես պարտվածի, Ադրբեջանինը՝ հաղթածի, Վրաստանինը՝ թուլացածի։ Տարածաշրջանում շահեր և ներկայություն ունեցող խաղացողների դիրքավորման տիրույթում կատարված փոփոխությունների հետևանքով ձևավորված մրցակցային պատկերը հետևյալն է. Իրանը՝ որպես կորցրած, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան` գործընթացներից դուրս մղված, Ռուսաստանը՝ դիրքերն ամրապնդած, Թուրքիան՝ ազդեցությունը մեծացրած, Իսրայելը, Պակիստանը և Հնդկաստանը` բացահայտորեն հաստատվել, ամրապնդվել ձգտող դերակատարներ։

Զարգացնելով վերոնշյալ տրամաբանությունը՝ փաստենք, որ պատերազմի հետևանքով հաջողություն արձանագրեց Ադրբեջան-Թուրքիա դաշինքը, լայն առումով` Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Իսրայել ոչ ֆորմալ համագործակցությունը, պարտվեց Հայաստան-Ռուսաստան դաշինքը։ Հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափերից, որպես մենաշնորհային իրավազորությամբ օժտված միջազգային կառույց, իր դիրքերը զիջեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը, ձևավորվեց նորը՝ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության» (պայմանականորեն՝ «Նոյեմբերի 9-ի»), խաղի մեջ է մտել «Վրացական հարթակը», ակտիվորեն քննարկվում է նոր՝ թուրք-ադրբեջանական «3+3»-ի կամ «6»-ի հարթակի ստեղծման հարցը։

Վերոնշյալ բազմակողմանի դիրքավորումների համատեքստում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերից մրցակցության մեջ են մտել նաև բովանդակային առումով իրար մոտ, փոխլրացնող իրանական «Պարսից ծոց-Սև ծով» ու հնդկա-իրանական «Կովկասյան միջանցքի», հնդկական «Հյուսիս-Հարավ» նախագծերը` մի կողմից, թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքը»՝ մյուս կողմից՝ որպես նաև «Արևելք-Արևմուտք» կապուղու լրացուցիչ նախագիծ։

Միևնույն ժամանակ հարկ է հավաստել, որ վերոնշյալ մրցակցային հարթությունների դասակարգումը խիստ պայմանական է, քանի որ առաջացած և խտացող շահերի պատկերը կարևոր է դիտարկել ամբողջական համատեքստում, իսկ մրցակցային տարաբնույթ դրսևորումները՝ որպես փոխլրացնող, մեկը մյուսին օժանդակող միջոցներ։

Դիրքային մրցակցության դրսևորումները

Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը, մեծ հաշվով, ոչ միայն ռազմական գործողությունների ավարտն ազդարարող նոր հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածություն է, այլև, ըստ էության, ճանապարհային քարտեզ՝ Արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հակամարտության երկարաժամկետ կարգավորման՝ Մոսկվայի վճռորոշ միջնորդական դերակատարմամբ։ Ընդ որում, վերջինը ոչ միայն դե-յուրե ամրագրված իրավաքաղաքական միջնորդության վավերացում է, այլև ամրապնդված է մարդասիրական գործառույթների հիմքով ձևավորված ռազմական գործիքակազմով ևս՝ ի դեմս Արցախում հրադադարի հսկման ՌԴ խաղաղապահ առաքելության, որը, հումանիտարին զուգահեռ, փաստացի իրականացնում է Արցախի անվտանգության ապահովման գործառույթը։ Որպես «Նոյեմբերի 9»-ի ձևաչափի զարգացման տրամաբանություն կարելի է դիտարկել նաև հունվարի 11-ի հերթական եռակողմ հայտարարությունը, որը տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային ապաշրջափակման մեխանիզմի միջոցով զարգացնում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խնդիրների ամբողջական փաթեթի կարգավորման գործընթացը։ Ընդ որում, հարկ է նշել, որ «Նոյեմբերի 9-ի» ձևաչափի ստեղծումից ի վեր Մոսկվան ակտիվորեն ջանքեր է գործադրում հենց այս հարթակում պահելու հայ-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման բոլոր բաղադրիչները՝ հրադադարի վերահսկումից մինչև Հայաստան-Ադրբեջան սահմանագծման, սահմանազատման գործընթացները, Արցախի կարգավիճակի հարցը, մարդասիրական խնդիրներ և այլն՝ դրանով իսկ պահպանելով տարածաշրջանում ներգրավված մրցակիցների հանդեպ ձեռք բերված առավելությունները։ Որպես նշվածի հավաստում կարելի է դիտարկել նաև հոկտեմբերի 21-ին «Valdai» միջազգային բանավիճային ակումբում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության հետպատերազմյան զարգացումների և օրակարգային խնդիրների վերաբերյալ. «….Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, ոչինչ հնարավոր չէ անել։ Սակայն այստեղ թերևս մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ՝ բացի երկու կողմերից։ Ինչո՞ւ: Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք ռուսական բանակի գլխավոր շտաբում են»։

Վերոնշյալի համատեքստում կարելի է փաստել, որ պատերազմի հետևանքով և հետպատերազմյան շրջանում ձեռք բերած առավելությունները Ռուսաստանը ձգտում է կապիտալիզացնելու ինչպես Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների, այնպես էլ հենց «Նոյեմբերի 9»-ի ձևաչափի հարթությունում՝ երկու տիրույթում էլ փորձելով չեզոքացնել մրցակիցների հավակնությունները։ Բայց և այնպես, Մոսկվան սկսել է բախվել մրցակիցների՝ սեփական դիրքերը վերականգնելու փորձերին։ Մասնավորապես, հատկապես պաշտոնական Երևանի դիրքորոշման և գործադրվող ջանքերի շնորհիվ արցախյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով աստիճանաբար վերակենդանանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը՝ որպես այս հիմնախնդրի հանգուցալուծման հարցով միակ իրավազոր միջազգային կառույց։ Բացի նշվածից՝ Ռուսաստանը զգալի բարդությունների է բախվում նաև Ադրբեջանում ու Հայաստանում։ Առաջին դեպքում հատկապես պատերազմի արդյունքների ազդեցությամբ Մոսկվան էականորեն զիջում է Անկարային։ Իսկ Հայաստանում, հատկապես հասարակական շրջանակներում, զգալիորեն անկում է ապրում Ռուսաստանի հեղինակությունը՝ որպես «իր պարտավորություններում թերացած» դաշնակից պետության։

Պատերազմի հետևանքով ունեցած ձեռքբերումները զարգացնելու և հաղթածի էֆեկտը հնարավորինս կապիտալիզացնելու նպատակով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվեց «6-յակ»-ի հարթակը՝ Այսրկովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և տարածաշրջանին հարևան տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությամբ։ Այդ մասին առաջին անգամ 2020 թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին հաջորդած Ալիև-Էրդողան հանդիպումն ամփոփող ասուլիսից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Իր խոսքում քննադատելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի 30-ամյա ապարդյուն գործունեությունը Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում՝ Ռ. Թ. Էրդողանը մասնավորապես նշել է. «Եթե Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը ընդունեն, համաձայնեն, Հայաստանն էլ այս հարթակում կարող է տեղ գտնել։ Այսպիսով «6-յակ» հարթակի միջոցով տարածաշրջանային խաղաղություն կհաստատենք…

Բավական է, որ դրական քայլ անեն։ Մեր դարպասները Հայաստանի առաջ փակելու խնդիր չունենք, քանի որ ուզում ենք խաղաղության աղավնիները լինել, ուզում ենք խաղաղության համար քայլեր անել»։

Փաստացի, այս ձևաչափի առաջմղմամբ Անկարան և Բաքուն նպատակ էին հետապնդում տնտեսական, ապա նաև քաղաքական հիմքով նոր հարթակի ձևավորմամբ ստեղծելու այլընտրանք մինչ այդ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առանցքային դերակատարում ունեցած ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և «Նոյեմբերի 9»-ի ձևաչափերին, որոնցում ուղղակիորեն բացակայում էր Թուրքիան։

Ձևավորվելիք «6-յակ» հարթակում ունենալով պարզ մաթեմատիկական տրամաբանությամբ առնվազն 2 ձայն՝ թյուրքական տանդեմը ձգտում է առաջնային դեր ստանձնելու տարածաշրջանում իրադրության գլոբալ վերահսկման առումով։ Սակայն այս հարթակի ձևավորումը բավականաչափ խնդրահարույց է՝ հաշվի առնելով դրան ներգրավվելիք որոշ խաղացողների միջև եղած բարդ, անգամ հակամարտային հարաբերությունները։ Մասնավորապես, շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես միասին կաշխատեն Վրաստանն ու Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ի դեպ, Վրաստանն արդեն իսկ հայտարարել է այդ հարթակից հրաժարվելու մասին, ինչի հետևանքով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից «6-յակ»-ի հարթակը սահուն կերպով վերաձևակերպվել է «5-յակ»-ի հարթակի։
Հարկ է նշել, որ, բացի նշված հարթակից, թյուրքական դաշինքի՝ սեփական դիրքերի համակողմանի ամրապնդմանը միտված մեկ այլ քայլ էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվող տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում սեփական՝ միջանցքային տրամաբանությամբ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի առաջմղումը։ Ուշագրավ է, որ ծրագիրը «Թյուրքական միջանցք», «Թյուրքական դարպաս», «Նախիջևանի միջանցք» ձևակերպումներից հետո վերջնականապես ամրագրվեց «Զանգեզուրի միջանցք» ալիևյան անվանումով։ Դրա տրամաբանությունը Հայաստանի ինքնիշխանությունից դուրս Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին ու Թուրքիային կապող ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծումն է։ Հատկապես մեծ է այս նախագծի ռազմավարական կարևորությունը, քանի որ, մաս կազմելով «Արևելք-Արևմուտք» միջանցքին, այն նաև պետք է ապահովեր նոր՝ ավելի կարճ և իրավական առումով շահավետ ցամաքային այլընտրանքային կապուղի մի կողմից Թուրքիայի և թյուրքախոս երկրների, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ դրանով իսկ էականորեն նվազեցնելով ներկայումս նշված կապի առումով կախվածությունն Իրանից ու Վրաստանից։ Սակայն թյուրքական միջանցքային այս նախագծի իրականացումը ևս առայժմ բախվում է էական խոչընդոտների՝ մի կողմից՝ Երևանի ու Թեհրանի բացահայտ ընդդիմության, մյուս կողմից՝ այլ հնարավոր շահագրգիռ դերակատարների բացահայտ կողմ դիրքորոշման բացակայության պատճառով։

Պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ տարածաշրջանային գործընթացներից դուրս մնացած Իրանի կողմից ևս ակտիվորեն ձեռնարկվում են քայլեր՝ սեփական դիրքերի վերականգնման համար։ Այս տեսանկյունից հատկապես քաղաքական հռետորաբանության և քարոզչական հարթություններում Թեհրանն օգտագործում է մի շարք թեմատիկ թեզեր, ինչպես՝ «տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը որպես կարմիր գիծ», «տարածաշրջանում ահաբեկիչների և Իսրայելի ներկայության բացառում», «բոլոր հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիականություն», որոնք տեղ էին գտել նաև ընթացիկ տարվա հունվարին և մայիսին տարածաշրջանային այցերի ընթացքում Իրանի նախկին ԱԳ նախարար Մ. Ջ. Զարիֆի շեշտադրումներում։ Մասնավորապես հունվարի 27-ին Զարիֆը Երևանում հայտարարել է. «Իրանը շատ է կարևորում բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքներ միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»։

Հարկ է նշել, որ «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական նախագիծը Թեհրանի կողմից գնահատվել է որպես Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լրջագույն սպառնալիք, որի իրացման մարտահրավերները բազմիցս բարձրաձայնվել են իրանական տարբեր ազդեցիկ շրջանակների տեղեկատվական-քարոզչական ռեսուրսներում և վերլուծական շրջանակների կողմից։

Թեհրանը սեփական դիրքերի վերականգնման ակտիվ փորձեր է անում նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման միջոցով՝ ընդ որում փորձելով ապահովել մասնակից դերակատարների հնարավորինս լայն համախոհություն։ Մասնավորապես, խոսքն իրանական «Պարսից ծոց-Սև ծով», իրանահնդկական «Կովկասյան» և հնդկական «Հյուսիս-Հարավ» միջանցքների նախագծերի գործարկման մասին է, որոնք նախատեսում են Իրանից դեպի Սև ծով, Ռուսաստան ու Եվրոպա ելքի հնարավորություն Հայաստանի և Վրաստանի տարածքներով՝ նպատակ ունենալով նվազեցնելու ներկայումս նշված ուղղություններով Իրանի կախվածությունը Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այս խնդիրը Թեհրանի համար օրակարգի առաջնային հարց դարձավ հատկապես ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջան-Իրան լարվածության ընթացքում, երբ Բաքուն, ունենալով Անկարայի անվերապահ աջակցությունը, տարանցման խոչընդոտներ ստեղծեց իրանցի վարորդների համար Հայաստանի Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածներում։

Բայց և այնպես, հարկ է հավաստել, որ սեփական դիրքերի վերականգնման փորձերում առայժմ Իրանը ևս հանդիպում է զգալի խոչընդոտների, որոնք ստեղծում է թյուրքական տանդեմը Ադրբեջանում և տարածաշրջանում Իրանի հնարավորությունների, ազդեցության լծակների զրոյացման նպատակային քաղաքականության միջոցով, Արևմուտք-Իրան հակամարտության (սա կողմնակի բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանային գործընթացների վրա՝ Իրանի հետ և դեմ համագործակցության առումով), ինչպես նաև Հայաստանի սահմանափակ և խնդրահարույց տրանսպորտային ենթակառուցվածքների պատճառով։

Սեպտեմբերի 25-ին կայացած ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի ընթացքում Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հայտարարեց տարածաշրջանում «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մասին, որն առավելապես շրջանառվում է «Վրացական հարթակ» պայմանական անվամբ։ Այս նախաձեռնությունը ևս բազմանպատակ է։ Առարկայական առումով այն միտված է նախ Վրաստանի տարածաշրջանային կշռի բարձրացմանը, որը ևս օբյեկտիվորեն նվազել է 44-օրյա պատերազմում Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հաղթանակից հետո։ Բովանդակային տեսանկյունից նախաձեռնությունը ենթադրում է Այսրկովկասում «3»-ի, այսինքն՝ տարածաշրջանային 3 երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ քաղաքական ձևաչափի ստեղծում, որի հիմքում տարածաշրջանի խնդիրները հենց իր շրջանակներում ու ներուժով լուծելու գաղափարն է։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից «Վրացական հարթակը» իր թիկունքում ունի Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությունը։ Նրանք մի կողմից իրենց տարածաշրջանային ռազմավարական գործընկերոջ ձեռամբ փորձում են մեկ այլ ձևաչափի միջոցով ևս անուղղակի մասնակցություն ունենալ Այսրկովկասում, մյուս կողմից՝ հնարավորինս չեզոքացնել տարածաշրջանային մրցակիցների՝ Արևմուտքին դուրս թողնելու փորձերը, որոնք ցայժմ ուրվագծվում են «Նոյեմբերի 9»-ի, «6-յակ»-ի հարթակի առաջմղման ջանքերում։ Որպես հարթակի գործադրման հաջողված նախերգանք կարելի է դիտարկել Թբիլիսիի ուղղակի միջնորդությամբ, Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությամբ ս.թ. հունիսի 12-ին Ադրբեջանից 15 հայ գերիների վերադարձի և Երևանի կողմից Բաքվին ականապատված տարածքների որոշ քարտեզների փոխանցման վերաբերյալ պայմանավորվածության իրացումը։

«Վրացական հարթակի» նախագծի կենսագործման նպատակով ս.թ. սեպտեմբերի 29-ին Ղարիբաշվիլին այցելեց Բաքու, հոկտեմբերի 9-ին՝ Երևան։ Եվ չնայած 2 մայրաքաղաքներում էլ տրամադրվածությունը դրական է, այնուամենայնիվ, տարածաշրջանում խտացված արտատարածաշրջանային դերակատարների շահերը և դրանց առարկայացմանը միտված նպատակային ջանքերը զգալիորեն նվազեցնում են վրացական նախաձեռնության հնարավորությունները։

Հայտնի արդյունքներով պատերազմի ավարտից հետո նաև մի շարք օբյեկտիվ գործոնների ազդեցությամբ տարածաշրջանային գործընթացներից զգալիորեն դուրս էին մղվել արևմտյան դերակատարները։ Նրանցից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ուղղակի ներգրավվածություն ունեն նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ։ Եթե հետպատերազմյան շրջանում նշված դերակատարները որոշակի փորձեր էին կատարում՝ սեփական դիրքերը վերականգնելու նպատակով (օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների բացահայտ նպատակային գործունեությունը), ապա ՄԽ ձևաչափի առումով առանձնակի ակտիվություն չէր նկատվում՝ չհաշված պատերազմից հետո հնչեցված մի քանի հերթապահ արարողակարգային, ոչ առարկայական, հստակ թիրախավորված հայտարարությունները։

Ս.թ. սեպտեմբերի 24-ին ձևաչափի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Ա. Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջ. Բայրամովի հանդիպումը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՄԽ համանախագահության մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումն էր: Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում էր. «Միջնորդները ողջունում են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թ. նոյեմբերից ի վեր՝ այն գնահատելով որպես տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատում են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու նպատակով կողմերի հետ աշխատանքն իրենց տրված մանդատով շարունակելու հանձնառությունը»: Այս հանդիպումից հետո նաև տեղեկատվություն տարածվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Արցախի տարածաշրջան աշխատանքային այցերի վերսկսման մասին, ինչը համաձայնեցվել է նաև Բաքվի ու Երևանի հետ։ Վերոնշյալի համատեքստում, սակայն, դեռևս անորոշ է ձևաչափի շրջանակներում բանակցությունների ոլորտային և թեմատիկ շրջանակը։ Այս տեսանկյունից Երևանը փորձում է ձևաչափի օրակարգ մղել Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը։ Մինչդեռ ադրբեջանական կողմը, որը պատերազմից հետո մշտապես ընդգծում է հակամարտության ավարտի մասին, չընդունելով ձևաչափի հետագա նպատակահարմարությունը, վերջին շրջանում փորձում է ՄԽ գործունեությունը սահմանափակել հումանիտար խնդիրների կարգավորմամբ կամ ավելի լայն՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացով: Միևնույն ժամանակ Բաքվի նախկին՝ ձևաչափը մերժելու դիրքորոշման փոփոխությունը կարելի է պայմանավորել ադրբեջանական կողմի՝ դրանից բխող վտանգների (դիցուք՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացի հնարավորությունը) օբյեկտիվ գնահատմամբ։ Այդուհանդերձ, այս ձևաչափի հետագա գործունեությունը զգալիորեն բարդանում է ինչպես եռանախագահ երկրներից Ռուսաստանի սեփական խաղի հնարավորությունների, Ադրբեջանի՝ ձևական շահագրգռվածության ցուցադրման, այնպես էլ Բաքվի դաշնակից Թուրքիայի կողմից կողմնակի քայլերի նախաձեռնման պատճառով։

Բացի նշվածից՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Արևմուտքը տարածաշրջանում ակտիվանալու փորձեր է կատարում նաև տնտեսական ոլորտում, հատկապես ԵՄ-ի նպատակային քայլերի միջոցով։

Այսպես՝ ս.թ. հուլիսի 17-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելը հայտարարել է. «Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Եվ այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Եվրամիության ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին խոսելու: Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ, աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը»: Հատկանշական է, որ Բրյուսելի պահանջով ֆինանսական աջակցության մի զգալի հատված ուղղվելու է հետպատերազմյան շրջանում անվտանգային, տնտեսական և հոգեբանական էական խնդիրների բախված Սյունիքի մարզի խնդիրների լուծմանը և ենթակառուցվածքների բարեկարգմանը։

Հարկ է նշել, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված բարենպաստ իրավիճակից փորձում են հնարավորինս օգտվել մի շարք կողմնակի արտատարածաշրջանային դերակատարներ։ Այսպես, օրինակ, Իսրայելը և Պակիստանը՝ որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկերներ, հակամարտության ողջ ընթացքում Բաքվին ցուցաբերած համակողմանի աջակցության դիմաց ստացան նոր հնարավորություններ։ Մյուս կողմից՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմավարական գործընկերության հավակնությունները զսպելու համար տարածաշրջանում ակտիվանում է Հնդկաստանը (որպես նշվածի հավաստում կարելի է դիտարկել այդ երկրի ԱԳ նախարարի աննախադեպ այցը Հայաստան)։

Հայաստանի՝ որպես պատերազմում պարտված և դիրքերն էականորեն զիջած դերակատարի համար ստեղծված իրավիճակը բավականաչափ բարդ է միաժամանակ մի քանի հարթություններում։ Գլոբալ դիրքային մրցակցության պայմաններում Երևանի համար զգալի խնդիր է բազմակողմանի արտաքին ճնշումներին դիմակայելը, ընդ որում՝ ինչպես թշնամական տանդեմի, այնպես էլ ռազմավարական դաշնակցի, այլ գործընկերների։ Թուրք-ադրբեջանական դաշինքը, որի գործողությունները հնարավորինս համաձայնեցված են, և կատարված է հստակ դերաբաշխում, հետպատերազմյան շոկային իրավիճակից օգտվելով, ձգտում է Հայաստանից հնարավորինս արագ կորզելու առավելագույն զիջումներ՝ Արցախյան հիմնախնդրի, «Զանգեզուրի միջանցք» նախագծի, Անկարայի և Բաքվի հետ մի շարք այլ խնդրահարույց հարցերի առնչությամբ։ Ընդ որում, այդ նպատակով զուգահեռաբար օգտագործվում են բոլոր հնարավոր գործիքները՝ և՛ դիվանագիտական-քաղաքական, և՛ քարոզչական-հոգեբանական, և՛ շանտաժի։

Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և հետպատերազմյան գործընթացների առանցքային միջնորդ, օգտվելով Մոսկվայից Երևանի կախվածության զգալի աճի հանգամանքից, Հայաստան-Ադրբեջան հակամարտության գոտում հնարավորինս անցնցում մթնոլորտ ապահովելու խնդիրը երբեմն լուծում է Հայաստանից զիջումներ պահանջելով: Բացի դրանից՝ նկատվում են Հայաստանի արտաքին մանևրների նկատմամբ Ռուսաստանի ակնդետ վերահսկողության և զգայուն արձագանքի միտումներ։

Սեփական դիրքերը վերականգնելու, ամրապնդելու նպատակով Երևանի վրա տարաբնույթ ճնշումներ են գործադրվում նաև այլ գործընկերների՝ Արևմուտքի, Իրանի և այլոց կողմից:

Բայց և այնպես, այս իրավիճակում Հայաստանի համար ստեղծվել են ինչպես մտահոգիչ մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ։ Այս համատեքստում Երևանի համար գերխնդիր է զգուշավոր, հեռատես, հավասարակշռված, ճկուն, ոչ շտապողական վարքի դրսևորումը։ Օրակարգային հարց է և՛ ռազմական, և՛ տրանսպորտային ներուժի ու ենթակառուցվածքների հնարավորինս արագ վերականգնումը։

Առանցքային է կենսական խնդիրները մեկ ձևաչափի շրջանակներում լուծելու արտաքին փորձերը չեզոքացնելու ուղեգիծը։ Որպես վերոնշյալի օրինակ կարելի է դիտարկել Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափին այլընտրանքի բացակայության ընդգծումը, տարածաշրջանային խնդիրները «Վրացական հարթակում» լուծելու շեշտադրումը և այլն։

Դիվանագիտական հարթությունում կարևոր է մանևրի հնարավորությունների ընդլայնումը՝ հետպատերազմյան տարածաշրջանում ձևավորված նոր ուժային հարաբերակցության պայմաններում փնտրելով համադրելի շահեր, անգամ պատերազմի ցավալի արդյունքներից հետո սեփական տարածքի և քաղաքական սուբյեկտայնության կարևորության ճիշտ ներկայացման միջոցով։ Իսկ նման համադրելի շահեր վստահաբար կան հարավում՝ հանձինս Իրանի և Թուրքիայի հետ մրցակցող արաբական մի շարք կարևոր դերակատարների, արևելքում՝ հանձինս Հնդկաստանի և Չինաստանի, արևմուտքում՝ հանձինս ավանդական գործընկերների, և բնականաբար հյուսիսում՝ ի դեմս դաշնակից Ռուսաստանի։


Արմեն Պետրոսյան
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ

«Դրօշակ» թիվ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.