կարևոր
49015 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 20:10
Տնտեսական

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման տագնապալի միտումները Շիրակի մարզում շարունակվում է. ահազանգ

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման տագնապալի միտումները Շիրակի մարզում շարունակվում է. ահազանգ

Պետության կազմաքանդումը շարունակվում է․․․․ Այս մասին գրել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Հայրենական անասնապահությունը, որը վերջին տարիներին որևէ լուրջ ձեռքբերումով աչքի չէր ընկնում, այժմ գտնվում է շատ մտահոգիչ վիճակում։ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը սիստեմատիկորեն նվազում է։ Իսկ տավարի մսի ինքնարժեքը, որը երբեք էժան չի եղել սպառողների համար, ավելի է թանկանում։

Վերջերս հարցումով դիմել էի Շիրակի մարզի բոլոր համայնքների (բացառությամբ Գյումրի համայնքի) ղեկավարներին՝ ճշտելու համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։ Ստացված տվյալները շատ մտահոգիչ էին։ Մարզում շարունակվում է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման տագնապալի միտումը։ Անասնագլխաքանակի հատկապես զգալի կրճատում է նկատվել Ամասիա և Աշոցք համայնքներում։

Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ կրճատումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ներքին գյուղատնտեսության և ընդհանրապես երկրի պարենային անվտանգության համար: Անասնագլխաքանակի պակասումը հանգեցնում է կաթի և մսի արտադրության նվազմանը, ինչը կարող է բերել այդ մթերքների գների բարձրացմանը և բացասաբար ազդել բնակչության համար սննդի մատչելիության վրա:

Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազման հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել գյուղատնտեսության անկայունությունը՝ պայմանավորված տարբեր գործոններով, ինչպիսիք են կաթի մթերման ցածր գները, կառավարության թիրախավորված աջակցության բացակայությունը, կերի բացակայությունը, անասունների պահպանման բարձր ծախսերը և այս ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների բացակայությունը:

Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ, որ կառավարությունը պատրաստ լինի իրականացնել գյուղատնտեսության աջակցության և զարգացման համապարփակ և երկարատև միջոցառումներ, ներառյալ գյուղատնտեսական արտադրողների սուբսիդավորումը, մատչելի վարկերի ապահովումը, ենթակառուցվածքների զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացումը: Նման միջոցառումները կօգնեն կայունացնել իրավիճակը և նպաստել Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացմանը ՝ ապահովելով մեր պետության պարենային անվտանգություն և գյուղատնտեսության զարգացումը»: