Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 18:28
Հասարակություն

Նիկոլն ու Իլհամն՝ ընդդեմ Սյունիքի․ 7or.am

Նիկոլն ու Իլհամն՝ ընդդեմ Սյունիքի․ 7or.am

Իրար հետ օպերատիվ կապի մեջ գտնվող, միմյանց կես խոսքից հասկացող (բանավոր փոխըմբռնմամբ) Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը սինքրոն են աշխատում: Պասերով:

Երկուսն էլ հիմա կռիվ են տալիս Սյունիքի դեմ: Մեկը՝ ներսից, մյուսը՝ դրսից: Մեկը կառավարչական առումով գլխատում է Սյունիքի համայնքները՝ ապօրինաբար կալանավորելով Սյունիքի համայնքների ղեկավարներին ու հոժարակամ հանձնելով ռազմավարական նշանակության Գորիս-Կապան ճանապարհը, մյուսը՝ զորք է մտցնում Սյունիքի տարածք, ամրանում Գորիս-Կապան ճանապարհահատվածում ու պահանջում «Զանգեզուրի միջանցք»:

Այսօր Ալիևը նոր քայլ է արել: Ինչպես հեղափոխական հպարտությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհահատվածի «Ադրբեջանին պատկանող տարածքում» (Նիկոլը հենց այդպես էլ հայտարարեց՝ «Ադրբեջանին պատկանող տարածքում») ու սրանից հետո ոչ միայն իրանական տրանսպորտային միջոցները, այլ նաև հայկականները պետք է անցնեն ադրբեջանցիների մաքսային թրի տակով: Ահա այսպիսի փոխըմբռնում է տեղի ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին գործընկերների միջև: Ժողովրդի թիկունքում:

Ինչ վերաբերում է Նիկոլի՝ ներսից Սյունիքի դեմ պայքարին, ապա այն շարունակվում է:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շինծու մեղադրանքով կալանավորվեց Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը:

Վերջերս տեղի ունեցած Գորիսի ավագանու ընտրություններում Առուշանյանի գլխավորած ցուցակը ջախջախից պարտության ենթարկեց Նիկոլի ՔՊ-ական թիմին: Առուշանյանը բանտից ընտրվեց Գորիսի քաղաքապետ, բայց շարունակում է մնալ անազատության մեջ: Ժողովրդի որոշումը դեմագոգիկ ձևով ֆետիշացնող Նիկոլը, փաստորեն, ժողովրդի որոշմանը հակառակ կալանքի տակ է պահում Գորիսի նորընտիր քաղաքապետին, բայց միայն դրանով չի բավարարվում:

Այսօր կրկին կալանավորվել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Վերքաննիչ քրեական դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել: Հովսեփյանը անցած ամիս առաջին ատյանի դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հիմա Նիկոլի ցուցումով նրան կրկին կալանավորել են: Ու դա արել են Ալիևի՝ Սյունիքում մաքսակետ դնելու օրը: Համընկնումը պատահակա՞ն է: Իհարկե՝ ոչ: Վերևում արդեն նշել էինք, որ Նիկոլն ու Իլհամը Սյունիքի դեմ սինքրոնացված են աշխատում: Նիկոլի հեռացումը, հետևաբար, մեր երկրի անվտանգության ապահովման ու մասնավորապես Սյունիքը «բանավոր փոխըմբռնման» զոհ չդարձնելու գլխավոր նախապայմանն է:

Աղբյուրը՝ 7or.am