Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Տիկոն զանգեց Բելլային՝ կնոջը։ Ձայնում հևոց կար...հեռախոսի միջից լսվում էին խուլ կրակոցներ (սկսվել էր թշնամու հարձակումը Տիկոյենց դիրքի վրա)։
Տիկոն խոսեց մի քանի վայրկյան Բելլայի, աղջիկների՝ Անիի ու ամենավերջում Տաթևի հետ։ Քնաթաթախ հնգամյա Տաթևը, հոր ձայնը լսելով, միանգամից առույգացավ։ Պապան խոստացավ, որ երկու օրից տուն է գալու...
Իր փոքրիկ տոտիկներով իրենց ննջասենյակից վազեց դեպի հյուրասենյակ, վերցրեց քրոջ մատիտները և սկսեց արագ-արագ նկարել։
-Ի՞նչ ես նկարում, Տա՛թև ջան,- հարցնում է զարմացած տատիկը։
- Պապայիս,- անվրդով պատասխանում է Տաթևը, - գիտե՞ս տատիկ պապաս թուրքի հետ է կռվում։
Շատ արագ վերջացնում է նկարը ու անցում իր խաղալիքներին։
Զարմանալին այն է, որ Տաթև իր մանկական նկարում արտացոլել է հոր հետ կատարվածը դետալ առ դետալ։ Հետագայում պարզեցինք, որ Տիկոն մարտը վարելիս ընկել է մի մենավոր ծառի մոտ(մոտակայքում այլ ծառեր չկային)՝մահացու վիրավորում ստանալով գլխից։
Տաթևն ամեն օր սպասում է հայրիկին, երկու օրը շա՜տ երկարեց...
Գոհար Խանումյան