կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 11:54
Քաղաքական

Սահմանները զինվորականներով ու բնակիչներով պետք է ամրացվեն, որ չկորցնենք Արցախը․ Արցախի թեմի առաջնորդ

Սահմանները զինվորականներով ու բնակիչներով պետք է ամրացվեն, որ չկորցնենք Արցախը․ Արցախի թեմի առաջնորդ

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բացառիկ հարցազրույցը Yerkir.am-ին

-Սրբազա՛ն հայր, լուրեր են շրջանառվում, որ ռուս խաղաղապահները մտահոգություն են հայտնել, թե Արցախի սահմանապահ գյուղերը հայաթափվում են, իսկ այդ պարագայում խաղաղապահների այնտեղ մնալը դառնում է անիմաստ: Լուրջ խնդիր է առաջանում՝ սահմանապահ զորքն ո՞ւմ անվտանգությունը պետք է ապահովի, եթե բնակչություն չկա:

-Սա բոլորիս մտահոգող հարց է: Եթե ուզում ենք Արցախը չկորցնել, պետք է մտնենք աշխատանքի, ապրենք, արարենք, ստեղծագործենք, պայքարը չի ավարտվել:

-Մասնավորապես՝ ո՞ր գյուղերն են հայաթափվում:

-Ընդհանրապես, բոլոր սահմանային գոտիները պետք է ամրացվեն՝ զինվորականներով, բնակիչներով, մարդիկ կարողանան աշխատատեղ ունենալ: Դժվար եւ պրոբլեմատիկ հարցեր են սրանք: Բայց պետք է միասին առաջ գնանք:

-Ամարասում պարբերաբար սադրանքներ էին լինում, ադրբեջանական կողմը փորձում էր դիրքային առաջխաղացում ունենալ, այս պահին ի՞նչ իրավիճակ է:

-Ամարասի դեպքերը տեղի ունեցան  բերքահավաքի ժամանակ․ փոքր-ինչ ակտիվություն ցուցաբերեցին, որպեսզի մարդիկ բերքը չհավաքեն, գումար չունենան, պաշար չունենան: Սա ծրագրված քայլ էր: Եթե մարդը չի կարողանում իր բարիքը, պաշարը հավաքել, անշուշտ, թուլանում է: Տրակտորիստի սպանությունը եւ այլ երեւույթներ երբ մեկը մյուսի կողքին ենք դնում՝ տեսնում ենք, որ կապված է արցախցու հանապազօրյա հաց վաստակելու հետ: Այդ սադրանքները դրա համար էն: Բայց Մաճկալաշեն գյուղից մարդ դուրս չի եկել, անգամ վերաբնակեցվում են այնտեղ:

-Ադրբեջանցի զինվորականներն ինչպե՞ս են իրենց դրսեւորում, բոլորովին վերջերս Մարտակերտում խաղաղ բնակիչ  զոհվեց թշնամու կրակից:

-Հասկանում եմ՝ ինչ եք ուզում ասել: Ոչ, նման բան այս պահի դրությամբ չկա:

-Արցախի մշակութային հուշարձանների պահպանության մասով ի՞նչ կարող եք ասել, Ալիեւը հերթական միֆն է հորինել՝ Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի: Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական մշակութի տարրերը ադրբեջանական կողմը ներկայացնում է կա՛մ որպես ռուսական, կա՛մ իրանական, կա՛մ ուդիական՝ փորձելով ջնջել հայկական հետքը Արցախից: Մշակութային վանդալիզմի է ենթարկվում նաեւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:

- Ղազանչեցոցի վերաբերյալ հստակ բան չեմ կարող ասել, դրանում Դուք եւս համոզված չեք: Ես կարող եմ ասել, որ Ղազանչեցոց եկեղեցին վերականգնվում է, այն սրբապատկերները, որ կային, բոլորը մնալու են իրենց տեղերում, պատռվածները կվերանորոգվեն: Այս հարցի շուրջ Մոսկվայում վերջերս տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը շատ բարձր մակարդակով խոսել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հետ: Վեհափառն անգամ ասել է, որ եթե շինարարական աշխատանքներ են գնում, ավելի ճիշտ կլինի ներգրավվեն նաեւ մեր ճարտարապետները: Ադրբեջանի հոգեւոր պետը քաղաքավարի մերժել է՝ ասելով․ «Մենք մեր մասնագետներն ունենք, իրենք կանեն»: Ասել են՝ վերանորոգում են այնպես, ինչպես նկարների մեջ է եղել: Այս հարցերը քննարկվել են, բայց որ վստահ այդպես կլինի, չենք կարող ասել: Կյանքը ցույց կտա, թե ինչ արդյունք կարձանագրվի հետագայում:

-Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանում տան, ապրուստի, կեցության խնդիր ունեն: Արայիկ Հարությունյանը կոչ է անում վերադառնալ Արցախ: Արցախի նախագահի առաջարկը տնավեր դարձած արցախցիները միանշանակ չեն ընդունում, վստահ չեն, որ Ստեփանակերտում կամ մեկ այլ բնակավայրում անվտանգ կարող  են ապրել:

-Ես ապրում եմ Արցախում, թեմը գործում է, ինձ համար, իմ հավատացյալների եւ հոգեւորականների համար անվտանգ է Արցախը: Կարող է Ռուսաստան էլ գնաս՝ վտանգավոր լինի: Որքան հայությունը Արցախում շատ լինի, ինչքան շատ արցախցի վերադառնա իր հայրենիքը, գյուղերը, այդքան լավ: Պետք է վերաբնակեցվեն այն տարածքները, որտեղ պետությունն ուղղորդում է: Մնալ Հայաստանում եւ պահանջներ ներկայացնել՝ ճիշտ չէ: Այս պետությունը միայն իշխանավորներինը չէ, մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, ապրենք եւ ապրեցնենք Արցախը:

- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Դադիվանքի հայ հոգեւորականները 6 ամիս է, ինչ փակված են այնտեղ: Դադիվանքում ծառայող հոգեւորականներն ի՞նչ վիճակում են այս պահին:

-Չեմ ուզում բարձրաձայնել, այդպիսով ավելի պիտի վնասեմ իմ հոգեւորականներին: Ավելի ճիշտ կլինի ներքին կարգով նրանց հետ կապը պահեմ, կարողանամ սնունդով ապահովել, եղածն էլ չփչացնեմ, լուռ անեմ, որովհետեւ բարձրաձայնելով ավելի ենք վնասելու նրանց: Շրջափակված են, անշուշտ: Մեր հոգեւորականները Դադիվանքում փոքր օղակն են, մի քիչ մեծ օղակը խաղաղապահներն են, ավելի մեծ օղակը՝ ադրբեջանցիները: Բայց այս մասին նախընտրում եմ շատ չխոսել: Մենք աշխատում ենք, մեր գործը կատարում ենք, եթե պիտի ամեն տեղից գոչենք, աղաղակենք, նրանք էլ լուռ չեն մնա, կարող են ասել՝ «մեր տարածքում եք, դուրս եկեք մեր տարածքից»: Ավելի լավ է՝ լուռ աշխատենք: Գործող վանքի գործունեությունը պայմանավորված է հավատացյալների ներկայությամբ: Եթե հավատացյալների ներկայությունը չկա, հոգեւորականները հոգեւոր իմաստով էլ են շրջափակված, քանի որ չեն կարողանում իրենց օրհնությունը տալ: Հոգեւորականի համար ամենակարեւորն այն է, երբ նա շրջվում է՝ խաղաղություն փոխանցելու: Եթե եկեղեցին դատարկ է լինում՝ հոգեւորականի օրհնությունն օդում կախված է մնում, չի հասնում հավատացյալներին:

- Նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգեւորականները, եւ ամեն կիրակի հայ ուխտավորները եկեղեցի այցելելու ու պատարագներին մասնակցելու հնարավորություն են ունենալու։ Սկզբնական շրջանում Դադիվանքը ուխտավորների պակաս չուներ, այցելուների մեծաթիվ հոսք կար, սակայն մայիս ամսից թշնամին արգելել է նրանց մուտքը: Ի՞նչ բացատրություն են տալիս:

-Սկզբնական շրջանում համավարակը, ապա սողանքների հետեւանքով ճանապարհների փլուզումը պատճառ դարձրին, հետո հարցը տեղափոխեցին քաղաքական դաշտ: Ասում են՝ հարցը լուծվում է վերեւներում, մենք զինվորական ենք, չենք կարող հարցին լիարժեք պատասխանել: Ծանրակշիռ պատճառներ էին բերում, որոնց պատասխանը իրենք չունեին, մենք էլ չէինք կարող ճշտել: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նորից վերականգնվեն ուխտագնացությունները դեպի Դադիվանք:

                                                                                                                  Լիանա Սարգսյան