կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 08:58
Քաղաքական

Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել. Արմեն Գրիգորյան

Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել. Արմեն Գրիգորյան

Որոշ քաղաքական շրջանակներ են հայտարարություններ արել, Արման Թաթոյանն է քաղաքական հայտարարություն արել, որը հերքել է ՊՆ-ն. ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած ՄԻՊ-ը փորձել է քաղաքական տեքստեր արտահայտելով դիվիդենտներ շահել: Այս մասին «Rusarm.info»-ի եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Արման Թաթոյանի՝ օրեր առաջ այն հայտարարությանը, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը ամրաշինական աշխատանքներ են կատարում, այն էլ՝ մեր բնակավայրերի անմիջական հարեւանությամբ:

«Հեղափոխություններից հետո բազմաթիվ օղակներ հանդես են եկել որպես ընդդիմադիրներ, չնայած պետք է անաչառ լինեն՝ ՍԴ-ից սկսած, բազմաթից կառույցներով՝ վերջացրած: Եթե ոչ կառույցները, ապա դրանցում պաշտոն զբաղեցնող որոշ մարդիկ փորձել են հակահեղափոխական դիրքերից հանդես գալ, այդ պրոցեսը թեեւ ոչ ամբողջապես, բայց մեծամասամբ ավարտված է: Ձեր նշած անձին էլ մի քանի ամիս է մնացել ավելի ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»,- ասել է Գրիգորյանը: 

Հարցին, թե արդյոք իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Մարդու իրավունքների պաշտպան դառնա մեկ ուրիշը Թաթոյանի փոխարեն, Գրիգորյանն արձագանքեց՝ Արման Թաթոյանի պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել:

«Նրա ժամկետն ավարտվում է, եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, համոզված եմ, իր թեկնածուին կառաջադրի: Դուք տեսել ե՞ք նրանից որեւէ անաչառ հայտարարություն, դրանք առավելապես քաղաքական են եղել, գոնե՝ հետհեղափոխական շրջանում»,- նշել է Գրիգորյանը:

Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։

Քիչ առաջ հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հակադարձելով ՊՆ-ի կողմից Գեղարքունիքի մարզի բնավայրերի անմիջական հարեւանությամբ ՀՀ տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանական զորքերի կողմից ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ իր արած հայտարարությունը հերքելուն: Արման Թաթոյանը հայտնել է, որ նախարարության հերքումից հետո «սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը»:

Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:

«Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա: Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով:

Առհասարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:

Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ»,- հայտարարել է Թաթոյանը։