կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-21 20:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտ է, որ ինչ անում են՝ առավելագույնն է․ Սաղաթելյանը հրապարակեց խաղաղության օրակարգի իրենց պատկերացումը

Վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնում է Բրյուսել Հայաստանի անունից բանակցություններ վարելու․ այսօր դուք մեկ անգամ ևս ձեր տասնյակ հազարներով ներկայությամբ ապացուցեցիք, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի մանդատ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Պատերազմից հետո ամիսներ շարունակ խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ասաց նա, Ադրբեջանը ներկայացրել է իր 5 առաջարկները, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս այս հողատուների, ասել է, որ այդ կետերն ընդունելի են և ներկայացրել է 6 առաջարկներ․ այդ առաջարկները ոչինչ չասող, դիվանագիտորեն սխալ ձևակերպված և մեր ժողովրդի շահերը չարտահայտող առաջարկներ են, որոնք մենք ամբողջությամբ մերժում ենք։

Իշխան Սաղաթելյանին այս օրերին ուղղվող գլխավոր հարցերից մեկը հետևյալն է․ եթե այս իշխանությունները հեռանան՝ ի՞նչ պետք է արվի, հաջորդ իշխանությունը ի՞նչ քայլեր և գործողություններ պետք է ձեռնարկի, որպեսզի լինի իրական, արժանապատիվ խաղաղություն։ Նա կետերով, մանրամասն ներկայացրեց իրենց պատկերացումները իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ։

«Ճիշտ ձևակերպելու, պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից։ Հետևաբար, սրանց այն բոլոր հիմնավորումները, որ իրենք ինչ անում են՝ առավելագույնն է, սուտ է, հակահայկական է և դավաճանական։ Իրական արժանապատվութան հասնելու՝ մեր մոտեցումները հետևյալն են»,-հայտարարեց նա և հրապարակեց ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԵՆՑ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ։

  • 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է․

-       զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը

-       ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար՝  նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային արդյունավետ և հայանպաստ մեխանիզմներ ապահովելու նպատակով

-       ռազմական, ռազմաարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և ռազմավարական հայեցակարգ

-       Համախմբել համայն հայության ողջ ներուժը՝ Սփյուռքը պետք է դառնա մասնակից և պատասխանատու համահայկական օրակարգի խնդիրների կենսագործման համար։

  • Մենք համոզված ենք, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնությունները։ Ուստի, Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի.
  1. 1.       Հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում և համաձայնեցում
  2. 2.       Բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և պայմանագրի կնքում։

Հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման հիմնարար մոտեցումներն ու սկզբունքները պետք է լինեն.

Միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի արկածախնդիր փոփոխությունն անթույլատրելի է եւ հղի է Հայաստանի անվտանգությանն ուղղակի սպառնացող վտանգներով

-       Կողմերի հավատարմությունը միջազգային հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանդեպ։

-       Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումն առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և ինքորոշման հրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Հայաստանի Հանրապետության համար ուղենշային պետք է լինի  Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 8-ի՝ Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը։

-       Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանագծման և սահմանազատման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

-       Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին՝ բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կապի Արցախի անկլավային վիճակը։

-       Որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ ապօրինի պահվող այլ անձանց։

Մենք վստահ ենք, որ այս իրատեսական մոտեցումն աջակցություն կստանա միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ իրապես շահագրգիռ մեր միջազգային գործընկերների կողմից։

Միևնույն ժամանակ, մենք հստակ ուղերձ ենք հղում ողջ միջազգային հանրությանը, որ որևէ պարագայում թույլ չենք տալու հայ ժողովրդի ազգային պետական շահերը զոհաբերել աշխարաքաղաքական հավակնությունների սպասարկմանը եւ անհարկի միջամտել Հայաստանի ներքին գործերին։

Մանրամասն՝ տեսանյութում․