կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 17:05
Տարածաշրջան

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկել է՝ հասնելով պատմական նոր նվազագույնի

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկել է՝ հասնելով պատմական  նոր նվազագույնի

Երկուշաբթի երեկոյան թուրքական լիրայի արժեքը դոլարի նկատմամբ նվազել է և արդեն հասել մեկ այլ պատմական նվազագույնի՝ մեկ դոլարի դիմաց գերազանցելով 9 լիրան՝ ըստ առևտրի տվյալների:

Մոսկվայի ժամանակով 20.00-ի դրությամբ՝ դոլարը լիրայի նկատմամբ աճել է՝ հասնելով 9.0174 լիրայի մեկ դոլարի դիմաց: Ավելի վաղ առավելագույն արժեքը, որը հասել էր ուրբաթ օրը, կազմել է 8,99 լիրա մեկ դոլարի դիմաց: Անցած երկու շաբաթվա ընթացքում ցուցանիշը մի քանի անգամ թարմացրել է նախկին պատմական նվազագույնը՝ 8,8061 լիրա մեկ դոլարի դիմաց:

Լիրան արժեզրկվում է այն բանից հետո, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը սեպտեմբերի 23-ին զեղչի տոկոսադրույքը 19%-ից իջեցրել է մինչև 18%: Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կմնա նույն մակարդակի վրա:

Զեղչի տոկոսադրույքը Թուրքիայում մնացել է 19%՝ մարտի 18-ից ի վեր, երբ այն բարձրացվել էր 17%-ից: Այս որոշումից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ արեց կենտրոնական բանկի ղեկավար Նաջի Ագբալին, ինչը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառ դարձավ. նոր ղեկավար է նշանակվել Շահափ Քավջիօղլուն:

Լիրայի արժեքի անկումը տեղի է ունենում երկուշաբթի թուրքական իշխանությունների հայտարարությունների ֆոնին, որոնք հաղորդել են Սիրիայից սահմանամերձ թուրքական քաղաքի գնդակոծման մասին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է  Սիրիայում վերջին «ահաբեկչական հարձակումների» պատճառով Թուրքիայի «համբերության բաժակի» լցվելու և սպառնալիքը վերացնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին: