Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի երազանքն ու գործադրած ջանքերը, այն է՝ դուրս թողնել Արցախի անվանումը միջազգային փաստաթղթերից, ձախողվում են: Հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում «Լեռնային Ղարաբաղ» անվանումն ընդգրկվել է: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները բանաձեւին դեմ են քվեարկել: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԵԽԽՎ այս բանաձեւում չի նշվում, թե որ կողմն է սանձազերծել 44-օրյա պատերազմը եւ մի շարք դրույթներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անգամ հավասարության նշան է դրվում:
Գերիների հարցով ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ու Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին:
Վեհաժողովը Հայաստանին էլ հորդորում է անհապաղ փոխանցել ականապատ տարածքների քարտեզները: ԵԽԽՎ-ն բանաձեւով մտահոգություն է հայտնում նաեւ 6-շաբաթյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների մասին բազմաթիվ մեղադրանքների կապակցությամբ՝ առաջադրված թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Վկայակոչում է նաեւ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին, ու զավեշտը՝ Հայաստանն էլ օգտագործել է տարբեր երկրներից ժամանած հայերին: ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա անհամաձայնության պատճառով:
2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում ավելացել են միջադեպերը, եղել են սպանվածներ եւ վիրավորներ, գերեվարվել են հայ զինվորներ, ԵԽԽՎ-ն կողմերին կոչ է անում բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ եւ ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ: Ի դեպ, սա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն է:
ԵԽԽՎ բանաձեւում առանձին դրույթ է հատկացվել նաեւ մշակութային ժառանգության ոչնչացմանը. այստեղ էլ մեղադրանքներ են առաջադրվել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին:
Ի դեպ, ադրբեջանական պատվիրակությունն առաջարկ էր ներկայացրել բանաձեւում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը Ղազանչի դարձնելու վերաբերյալ, ինչը, չնայած հայկական պատվիրակության դիմադրությանը, ընդունվել է: Տեքստում կիրառվել է 2 անունն էլ եւ Ադրբեջանը դատապարտվել է Ղազանչեցոցը կանխամտածված գնդակոծելու, նաեւ հակամարտության ընթացքում ու դրանից հետո այլ եկեղեցիներ ու գերեզմաններ ավերելու կամ վնասելու համար:
ԵԽԽՎ-ն շեշտում է՝ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձեւով ներկայացնել հայերին եւ լուրջ անհանգստություն է հարուցում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը», որը վեհաժողովի պնդմամբ, չպետք է տեղ ունենա հասարակության մեջ:
Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում: