Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:
Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, մասնագիտական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն: Կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Կներկայացվեն նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:
Ռուսաստանյան պատմագիտական հանրության նախագահ, ՌԴ գրականության, գրահրատարակչության և ընթերցանության կազմակերպական կոմիտեի նախագահ Ս․ Ե․ Նարիշկինի ղեկավարմամբ և համակարգմամբ հրատարակության է նախատեսվում ԱՊՀ երկրների ժողովուրդների գրականության բազմահատոր անթոլոգիա: Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան աշխատարան-քննարկումներ, որոնց նպատակն այդ հրատարակությունների պատշաճ կազմումն ու լույսընծայումն է: Այդ նախաձեռնության իրականացման համար ձևավորված խմբագրակազմի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից ևս ՌԴ կմեկնի խմբագիր-փորձագետ:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: ՀՀ տաղավարը կներկայացնեն «ՀՀ Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ամիրյանը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Քամալյանը, Երևանի «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի աշխատակից Սվետլանա Սահակյանը:
Այսօրինակ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին ներկայացնելու Հայաստանում հրատարակվող գրքերը, գրողներին, գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները:
Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին: