Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 15-19-ը ավելի քան 50 փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանից մասնակցեցին «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսին: Հայկական ընկերությունների մասնակցությունը հնարավոր է դարձել Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանը ներկայանում է #FruitfullArmenia առցանց տաղավարով, որտեղ ցուցադրված է հայկական չրերի, պահածոների, բուսական թեյերի, օրգանական սերտիֆիկացված արտադրանքի լայն տեսականի, ինչպես նաև մեղր, գինի, թարմ հատապտուղներ, շոկոլադ, մուրաբաներ և այլն։
Ցուցահանդեսը համախմբել է ընկերությունների 75 երկրներից՝ հնարավորություն ընձեռելով նրանց գործարար կապեր հաստատել միջազգային տարբեր շուկաների առաջատար կազմակերպությունների հետ, ուսումնասիրել գյուղատնտեսական մթերքի արտադրման, վերամշակման ու մատակարարման շղթաները և ծանոթանալ նորարարական լուծումներին՝ ուղղված արտադրողականության ու մրցունակության պահպանմանն ու բարելավմանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։
Առաջատար փորձագետների մասնակցությամբ առցանց քննարկումների միջոցով «United Fresh LIVE»-ի մասնակիցները և այցելուները հարստացրին իրենց գիտելիքները կայուն գյուղատնտեսության զարգացման, սննդի անվտանգության, ճգնաժամային հաղորդակցության և այլ թեմաների վերաբերյալ։
«United Fresh LIVE»-ի վիրտուալ դռները բաց կլինեն ողջ ամռան ընթացքում՝ հնարավորություն տալով ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին շարունակել շփումն ու ամրապնդել համագործակցությունը։ Միջոցառման կազմակերպիչն է հայտնի ամերիկյան «United Fresh Produce» ասոցիացիան։
Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների փոքր և միջին ձեռնարկություններին նոր շուկաներ մուտք գործելու հարցում՝ կենտրոնանալով Եվրոպական միության վրա: Ծրագիրը ՓՄՁ-ներին աջակցում է միջազգային և ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքների արտադրման հարցում՝ նրանց կապելով արժեքի ստեղծման գլոբալ շղթաների և շուկաների գնորդների հետ։
Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ կենտրոնանալով վերամշակված մրգերի և բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի և խոտաբույսերի ու թեյերի վրա՝ արտահանող և արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին օժանդակելով արժեքի ստեղծման ամբողջ շղթայի ընթացքում՝ նրանց օգնելով ստեղծել հավելյալ արժեքով ապրանքներ՝ միջազգային և ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան, և կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ:
Հարցերի դեպքում դիմել Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանին՝ +37498255014։