կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 15:20
Հասարակություն

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում բնակվող արցախցու մեքենան ու չեն վերադարձնում․ «Փաստինֆո»

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում բնակվող արցախցու մեքենան ու չեն վերադարձնում․ «Փաստինֆո»

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, «Փաստինֆո»–ին հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։ 

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և պատահաբար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված՝ այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է», – պատմել է Շադունցը։

Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով, սակայն վերադառնալով՝ նկատել է, որ մեքենան տեղում չէ, ադրբեջանցիները տարել են։ 

««ՈՒԱԶ»-ը «բուքսիրով» են տարել՝ «Կամազի» հետևից կապել են, քարշ տվել, տարել», - ասել է Շադունցը։

Դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահ զորքերին։ Թշնամու սադրանքի մասին զեկուցել են նաև Արցախում գտնվող խաղաղապահ զորքերին, սակայն մեքենան բնակչին դեռևս չի վերադարձվել: