|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
11 ամիս է անցել պատերազմից, մինչ օրս զոհվածների ԴՆԹ նույնականացում են անում, առողջապահության նախարարությունը չի կարողանում համակարգել այդ հարցերը: Այսօր այս մասին ասուլիսում փաստերով հայտնել են զոհվածների ու անհետ կորածների ծնողները:
«Որդուս ԴՆԹ-ն համընկել էր, բայց ինձ 20 օր հետո էլ դեռ պետությունից լուր չէին տվել։ Ի վերջո, հարազատ-բարեկամներս են ստիպված ինձ հայտնել: Ու էսպիսի դեպքերը շատ շատ են: Ես մի օրվա մեջ 106 մարմին եմ ուսումնասիրել: Դա ահավոր հոգեվիճակ է, մարդ կարող է խելագարվել: Տվյալները գալիս են, մարդկանց չեն ասում, դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում: Գոնե այս հարցում մարդկային մոտեցում ցուցաբերեք»,- իր մաշկի վրա զգացածը ներկայացրել է Ստեփանակերտի Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը:
Ասում է՝ ընդհուպ դեմքով ճանաչելի զոհվածների մարմինները թողնում են ամիսներով, հետո ԴՆԹ-ով են ճանաչում:
«Բազմիցս խնդրել ենք լուսանկարել դիակները, ուղարկել քննչական, որ Ղարաբաղից մարդիկ չգան՝ մորգերով փնտրեն: Խնդրել ենք կենտրոններ ստեղծել, մարդիկ գան, լուսանկարները տեսնեն, չարեցին, մենք ենք գաղտնի նկարներ միմյանց փոխանցել, ինքնակազմակերպվել ենք ստիպված»,- զայրացած ասել է Արմեն Ասրյանը:
Նա պատմել է, որ 3,5 ամիս էր մնացել, որ որդին ավարտեր ծառայությունը: «Տեսագրություն հայտնվեց, և ես տեսա, որ իմ որդին էլ է զոհվել: Հանդիպումների ժամանակ էլ երեխաները հաստատեցին, որ նա գնացել էր առաջ, կրակում էր, ու տեսել են՝ ինչպես է ընկել: Որդուս մարմինը գտել եմ զոհվելուց 50 օր հետո, անճանաչելի էր, ԴՆԹ նույնականացում եղավ»,- պատմել է Ա. Ասրյանը: