կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 19:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոթքից մինչեւ Արաքս թշնամին թալանում է, գերեվարում մեր զինծառայողներին եւ բնակչությանը․ Ա․ Աղաբաբյան

Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը ո՛չ խաղաղասիրական է, ո՛չ էլ միտված է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ խաղաղ համակեցությանը։ Այսօր Ադրբեջանն ինչ անում է Հայաստանի եւ Արցախի սահմաններին, խաղաղասիրական քայլ չէ․ Սոթքից մինչեւ Արաքս ադրբեջանական զորքն այսօր թալան է իրականացնում, գերեվարում մեր զինծառայողներին եւ քաղաքացիական բնակչությանը,-Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանից թշնամուն ուղղված՝ Հայաստանի իշխանության  բարեկամական կոչերը, նշեց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։

Նրա խոսքով՝ սա բացահայտ թշնամական վերաբերմունք է։

«Օրինակ՝ եթե դուք ուզում եք բարեկամություն անել ձեզ հարեւան ընտանիքի հետ, նրանց վրա չեք հարձակվում, չեք գողանում նրա ունեցվածքը, զենքով նրանց տուն չեք գալիս, ցուցաբերում եք լրիվ այլ վարք։ Էս պարագայում Ադրբեջանը բացահայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մեր հանդեպ»,-ասաց Աղաբաբյանը։

Իսկ իրականում ի՞նչ եղավ Գորիս-Կապան ճանապարհին․ թշնամին փակել էր Սյունիքի ճանապարհները, օկուպացրել հայկական բնակավայրերը։

«Նրանք ճանապարհը բացեցին, երբ որ Հայաստանի վարչապետը արտաբերեց տեղանունները ադրբեջանական տարբերակով։ Ե՛ւ նա, ե՛ւ նրանց թեւի պատգամավորները հնչեցրեցին, որ նրանք դրանով ուզում էին ընդգծել՝ Ադրբեջանը հայկական տարածք մուտք չի գործել․ ի՞նչ կատարվեց։ Այսինքն, Հայաստանի ներկա իշխանությունները ընդունեցին, որ այդ տարածքները եւ այդ սահմանը ադրբեջանական են։ Դրանից հետո, հասնելով իր ուզածին, Ադրբեջանը սահմանը բացեց»,-Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը։

Տավուշի որոշ բնակավայրեր թշնամուն հանձնելու մասին խոսակցություններն, Աղաբաբյանի խոսքով, այսօր էլ չեն դադարում։ 

«Մենք արտաքին աշխարհի հետ մեր երկիրը կապող երկու մայրուղի ունենք․ Իրանի հետ կապվող մայրուղին այս պահին փաստացի մեր վերահսկողությունից դուրս է, որովհետեւ ադրբեջանական զինուժը ցանկացած պահի կարողանում է փակել այդ ճանապարհը եւ կտրել մեզ այդ ելքից։ Մյուս ճանապարհը հյուսիսով Վրաստան եւ Վրաստանով Ռուսաստանն է։ Տավուշի այն հատվածները, որ, ենթադրվում է, պիտի տրվեն-նվիրվեն թշնամուն, մենք կկորցնենք նաեւ մեր այդ ճանապարհը, ինչը նշանակում է՝ լիակատար շրջափակման մեջ ենք ընկնելու»,-Yerkir.am-ին ասաց Ալվինա Աղաբաբյանը։

Հիմա, Աղաբաբյանի խոսքով, Հայաստանում խոսում են թշնամու հետ ապաշրջափակման եւ տնտեսական գործակցության մասին, բայց ունենալու ենք հակառակը․ լինելու է լիակատար շրջափակում։ 

«Թշնամին երբ կուզի, կբացի մեր ճանապարհը՝ ստանալով այն պահանջները, որոնք մեր առջեւ կդնի։ Կստանա եւ կփակի այն դեպքում, երբ չի ստանա։ Մենք լիակատար կախման մեջ ենք լինելու Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Եթե նախկինում խոսվում էր թշնամուն Մեղրիով ճանապարհ տրամադրելու մասին, էսօր արդեն խոսվում է Գորիս-Սիսիան-Նախիջեւան ճանապարհի մասին։ Այդ դեպքում մենք, փաստացի, կորցնելու ենք Սյունիքն ամբողջությամբ»,-Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում