կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 14:40
Քաղաքական

«Միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին». Թագուհի Թովմասյանն ու Տարոն Մարգարյանն այցելել են «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներին

«Միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին». Թագուհի Թովմասյանն ու Տարոն Մարգարյանն այցելել են «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանն այցելել են կալանքի տակ գտնվող՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին:

«Պետք է ընդգծեմ, որ երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետևում էին ներքաղաքական զարգացումներին և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:

Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր գործընկերոջ միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին, որոնց տարբեր դրսևորումներին ականատես ենք լինում:

Մխիթար Զաքարյանը ևս հետաքրքրված էր ու մտահոգ Սյունիքի անվտանգության թեմաներով, մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում էր՝ Սյունիքի մասով ինչ նորություն կա, ինչ ապագա է սպասվում: Վստահեցրեց, որ այսօր բոլորի, բոլոր հայերի համար դա պետք է լինի մտահոգիչ, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են»,- գրել է պատգամավորը։ 

Թովմասյանը նշել է, թե երբ հետաքրքրվել են 44-օրյա պատերազմի ընթացքում Զաքարյանի ստացած վնասվածքներից, Մխիթար Զաքարյանը պատմել է, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից:

«Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, և ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, և որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է: Այս հարցում հետևողական եմ լինելու:

Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային և գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ», - գրել է Թովմասյանը։