կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 14:21
Քաղաքական

Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին ասաց «իդիոտկա», Թովմասյանն էլ պահանջեց ամբիոնից ներողություն խնդրել լկտի վարքագծի համար

ԱԺ ամբիոնից անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հայտարարեց, որ ավելի զարհուրելի տեսարան, քան տեսնել հերոս տղաների դիերը, պարկերով լցված ինչ-որ սենյակում, դժվար էր պատկերացնել։

«Ընդհանրապես, դիերը մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ մարդիկ կյանք են զոհել, վիրավորել են իրենց, նույնիսկ զոհաբերել, որ իրենց ընկերոջ դիակը հանկարծ չմնա, չպղծվի, ոչ պատշաճ վերաբերմունքի չարժանանա։ Հիմա այնպես ենք վարվում այդ դիակների հետ, որ կենդանի մարդիկ այլևս երբեք չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ», - հայտարարեց Թագուհի Թովմասյանը։ 

Մինչ  Թովմասյանը ելույթից հետո հեռանում էր ամբիոնից, ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը արձագանքեց. «Իդիոտկա»։

Դրանից հետո Թագուհի Թովմասյանը դարձյալ վերադարձավ ամբիոնի մոտ՝ պահանջելով ամբիոնից ներողություն խնդրել։ «Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ ներողություն խնդրեք Ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ Ձեր իշխանությունը լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ։ Ամաչեք ուղղակի, էս ինչ վարքագիծ է։ Այս պատերազմն ուղղակի հետևանք է թողել իմ մաշկի վրա, ես դա զգում եմ։ Դուք այստեղ՝ Երևանում, նստած, ոչնչից տեղյակ չեք, չեք զգում թշնամու մուտքը։ Դուք հասկանո՞ւմ եք ընդհանրապես Ձեր կարգավիճակի լրջությունը, պաշտոնի կարևորությունը։ Մի հատ սթափվեք և հետևություններ արեք», - հայտարարեց Թովմասյանը։
 «Տիկին Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին, չի նշանակում՝ ես չեմ զգում և չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք», - արձագանքեց Լենա Նազարյանը: