Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է.
«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2021թ 1-ին կիսամյակի արդյունքները։ Ըստ այդմ հանրապետության տնտեսությունն աճել է 5%-ով, աճել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և նույնիսկ ծառայությունները։ Առաջին հայացքից դինամիկա կա։ Ճիշտ է տնտեսության աճն ավելի փոքր է (առայժմ), քան կառավարության պլանավորածը և չի թույլ տվել վերականգնել 2019-ի մակարդակը (2020-ին անկումը 7.6% էր)։ Փորձենք այս երևույթին ավելի մասնագիտական աչքով նայել։ Նախ, արդյունաբերության հավելաճը (2.1%) իրականում չկա։ Այն ապահովվել է (այս էլ որերորդ անգամ) հանքարդյունաբերության աճի շնորհիվ (7.2%)։ Առանց հանքարդյունաբերության արդյունաբերությունում անկում է՝ 98.9%։ Երկրորդ, ակնհայտ են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աճի ցածր տեմպերը։ Թերևս, միակ բացառությունը արևային ու հողմային կայանների տեսակարար կշիռների ավելացումն է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մինչև 1%։ Բայց դա ծիծաղելի թիվ է միջազգային համեմատության մեջ։
Կիսամյակի արդյունքներով ներառված են գյուղատնտեսության թվերը։ Այստեղ հավելաճը կազմել է 6.8%։ Թիվն, իհարկե, հավատ չի ներշնչում։ Կորցված է 10 հազ. քառ. կմ Արցախում, այդ թվում Քարվաճառի արոտավայրերը, չենք կարողանում օգտագործել շուրջ 800 քառ. կմ արոտներ ՀՀ տարածքում, երաշտ և այլն։ Տարօրինակ է, գյուղատնտեսությունը սպասում էր, թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն։ Բացի այդ, գյուղատնտեսության թվերի կամայական հավելագրումն ԱՎԾ կողմից ակնհայտ է դառնում, երբ նայում ենք վերամշակող արդյունաբերության սննդի հատվածի արտադրանքի թողարկման ֆիզիկական ծավալներին։ Ամենուր անկում է։ Ի վերջո, 2021-ի 1-ին կիսամյակում ՀՀ բնակչությունը պակասել է 94 հազ. մարդով (սարսափելի արտագաղթ կա), գյուղմթերքների արտադրությունն ավելացել է 6.8%-ով և սննդամթերքի գներն աճել են 7.8%-ո՞վ։ Սա ամնհնարին է։ Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ եթե այդ թվերը ճիշտ են, ապա պետք է տեղի ունենար 14-15% գնանկում։ Գյուղատնտեսության թվերի հավելագրումները ԱՎԾ 23-ամյա խաբեբայությունների շարքից են։
Բնակչության իրական եկամուտները պակասել են 0.3%-ով։ Բյուջեի եկամուտները նույնպես էական դինամիկա չեն ունեցել։Այսպես, 2021-ի հունվար-հունիսին դրանք կազմել են 750 մլրդ.դրամ և ավել են եղել 2020-ի համանուն ցուցանիշից (680 մլրդ դրամ) 10%-ով։ Ասել կուզի պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ դինամիկայի նկատմամբ պակասել են։ Ունենք 5.7% գնաճ և 5% տնտեսական աճ է։ Որպեսզի հաշվետու տարվա (2021) S1 բյուջետային եկամուտները համեմատենք բազիսային տարվա (2020) S0 եկամուտների հետ, ապա S1-ը S0-ից պետք է առնվազն մեծ լինի «գնաճ х տնտեսական աճ» արտադրյալի չափով։ Այսինքն, 2021թ հունվար-հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները պետք է լինեին 754 մլրդ դրամ՝ 750-ի փոխարեն։
Հիմա անդրադառնանք զբաղվածությանը։ ԱՎԾ-ն պնդում է, որ 2021-ի 1-ին եռամսյակում 2020-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ով (19.7%-ից դարձել է 17%)։ Այդպե՞ս է արդյոք։ Գործազրկության մակարդակը սինթետիկ ցուցանիշ է. գործազուրկների թիվը բաժանում ենք աշխատուժի վրա։ 2021-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 193 հազ. գործազուրկ, իսկ աշխատուժը եղել է 1136.8 հազ. մարդ։ Ճիշտ 17%։ 2020-ին թվերը եղել են այսպիսին. 232.8 հազ. և 1178.8 հազ. մարդ (19.7%)։ Հիմա, զբաղվածներ, այսինքն աշխատողներ, 2020-ին ունեցել ենք 946 հազ. մարդ, իսկ 2021-ին... 943.8 հազ մարդ։ Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Շատ պարզ։ 43 հազ մարդ, աշխատող, մահացել է, զոհվել է պատերազմում, համաճարակի զոհ է դարձել և/կամ հեռացել է երկրից։
Նրանց աշխատատեղերը զբաղեցրել են հերթի կանգնած գործազուրկները։ Եվ սա մենք գովու՞մ ենք։ Սա էլ ասենք. 2017-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 974.5 հազ. մարդ։ «Ժողովրդական» իշխանության շնորհիվ վերջին 4 տարում աշխատողների թիվը պակասել է ուղիղ 40 հազ. մարդով։ Եվ իրոք, 2021-ի 1-ին կիսամյակում 94338 մարդ լքել է երկիրը։ Սա էլ եղել է գործազրկության իջեցման հիմնական գործոնը։ Մարդ չկա, ուրեմն գործազուրկ չկա։
Ուրախացնում է ծնվածների թվի հավելաճը (8.9% 2020-ի նկատմամբ)։ Դժբախտաբար մահացածների թիվն աճել է 15.2%-ով։ Ցավալին այն է, որ արդեն 3-րդ տարին է, երբ մահացածների թիվը գրեթե հավասարվել է ծնվածների թվին։ Արդյունքում, մեր գնահատմամբ, մարդկանց կյանքի միջին տևողությունը վերջին տարիներին 75.5-ից դարձել է 74.3»։