կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 10:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դեմ դավաճանության գործ չհարուցելու դեմ բողոքած փաստաբանի որդուն ազատել են աշխատանքից

Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի քննիչ որդուն հարկադրել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ հայրը Գլխավոր դատախազության անգործության առնչությամբ հաղորդում էր ներկայացրել դատարան, որով գլխավոր դատախազին մեղադրում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով գործ չհարուցելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս մասին Հակոբ Մարտիրոսյանն ասաց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, ուր քննվում է նրա և Արծվիկ Մինասյանի՝  հունիսի 11-ին ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին։

«Հանցագործության մասին հաղորդում ներակայացնելուց հետո իմ ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել է այնպիսի վերաբերմունք, որի արդյունքում տղայիս, որն աշխատում է որպես քննիչ, ստիպել են աշխատանքից ազատվել, և այդ հարկադրանքի տակ աշխատանքի ազատման դիմում է ներկայացրել»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ իրեն վաղուց է ծանոթ իշխանության նման գործելաոճը։

«Ի՞նչն է ստիպել ինձ միանալու և Արծվիկ Մինասյանի հետ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու․ դա պայմանավորված է միայն ու միայն ՀՀ-ին պատուհասած իրադարձություններով, 4000-5000 զոհերով, այդ ցավով ու դառնությամբ, այդ կսկիծով, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց վարքագծով։ Այս ամենը ստիպել է ինձ չլռել և հաղորդում ներկայացնել պետական դավաճանության փաստի առթիվ»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը և հավելեց, որ այդ հաղորդումը չի քննվել առայսօր։

Մանրամասն՝ տեսանյութում․