կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 15:00
Տարածաշրջան

Խադիջա Իսմայիլովայի դեմ բողոքած ադրբեջանցին հայտարարել է, որ իրեն ստիպել են դա անել

Խադիջա Իսմայիլովայի դեմ բողոքած ադրբեջանցին հայտարարել է, որ իրեն ստիպել են դա անել

Թուրալ Մուստաֆաևը, ում բողոքի հիման վրա ձերբակալել էին ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային, սենսացիոն խոստովանություն է արել՝ հայտարարելով, որ բողոքել է նրա դեմ իրավապահ մարմինների ճնշման ներքո. հայտնում է contact.az-ը: Իր ուղերձը նա տեղադրել է YouTube ցանցում։

 

Մուստաֆաևը պատմել է, որ 2014-ի հոկտեմբերի 20-ին իսկապես թույն է խմել ինքնասպանության նպատակով։ Սակայն քննության ընթացքում Բաքվի դատախազի տեղակալ Ազեր Ասքերովն ու քննիչ Վագիֆ Սուլեյմանովը պարտադրել են դիմում գրել, որ իրեն ինքնասպանության է դրդել Իսմայիլովան։ Նա պատմել է, որ իրեն նաև շանտաժի են ենթարկել իր տանը գաղտնի նկարահանված տեսանյութի միջոցով:

 

Մուստաֆաևը պատմել է, որ 2014-ի դեկտեմբերի 27-ին Facebook սոցցանցի իր էջում ինքը գրել է, որ հրաժարվում է Իսմայիլովայի դեմ բողոքից ու փորձել է մեկնել Մոսկվա։ Սակայն դատախազությունն արգելել է նրա ելքը երկրից:  Նրան ձերբակալել են Գոյչայի շրջանի ոստիկանները: Նրան հասցրել են Բաքու և տնային կալանքի տակ պահել վարձու բնակարանում: Փետրվարի 14-ին Մուստաֆաևին տեղափոխել են հոգեբուժարան և ստիպել հոգեմետ դեղեր խմել։

 

Ապրիլի 8-ին նա դիմում է գրել գլխավոր դատախազին ու հայտնել, որ հրաժարվում է բողոքել Իսմայիլովայի դեմ ու խնդրում է հանել երկրից դուրս գալու արգելքը, սակայն նրան դարձյալ սպառնացել են, որ բողոքը հետ վերցնելու դեպքում լուրջ խնդիրներ կունենա:

 

Չնայած այս ամենին՝ Մուստաֆաևը հրաժարվում է բողոքից։ Turan-ի հետ զրույցում նա ասել է, որ մայիսի 5-ի առավոտյան իրեն Քննչական կոմիտե են կանչել։ Նա փաստաբան է փնտրում, որպեսզի հետը գնա հարցաքննության։