կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-28 13:51
Հասարակություն

Ադրբեջանական զինուժի հետ մարտերը տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում. ՊՆ-ն ռազմական կցորդներին մանրամասներ է ներկայացրել

Ադրբեջանական զինուժի հետ մարտերը տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում. ՊՆ-ն ռազմական կցորդներին մանրամասներ է ներկայացրել

Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Ռազմական կցորդները տեղեկացվել են, որ դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերի, նռնականետերի և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

Լ. Այվազյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին սանձելու և հակազդելու ուղղությամբ: 

Ռազմական կցորդների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սադրանքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում և անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար:

Տեղեկացվել է, որ հավատարիմ լինելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ամրագրված պարտավորությունների իրականացմանը, հայկական կողմի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

Նշվել է, որ իրավիճակի սրման և հետագա ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը: Ներկայացվել է ադրբեջանական կողմի իրականացված սադրանքի հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից ստեղծված իրավիճակը: