կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 17:07
Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանը Քարվաճառը տալու պատրվակն օգտագործեց, որ Արցախում ՀՅԴ-ին հեռացներ իշխանությունից

1992 թ-ից, երբ ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի ԳԽ նախագահ, Հայաստանի ՀՀՇ-ական ղեկավարության համար դա ցնցում էր և իրենք ամեն գնով ցանկանում էին ձերբազատվել Արցախում ընտրված դաշնակցական իշխանություններից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Վլադիկ Հակոբյանի որդին՝ պատմական գիտություների թեկնածու Տարոն Հակոբյանը, որն ի մի է բերել հոր արխիվը, անձնական գրառումները, նոթատետրի հուշերը։

«Լավ հասկանալով, որ Դաշնակցությունը դեմ էր ՄԱԿ-ի ԱԽ 822/93 ռեզոլյուցիային, ՀՀ իշխանական էլիտան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ուզում էր այնպես անել, որ Քարվաճառի հանձնման ամբողջ պատասխանատվությունն ընկներ Դաշնակցության վրա՝ ցեխ շպրտեին Դաշնակցության վրա։ Դաշնակցությունն էլ ներքին որոշում էր կայացրել, որ իրենք չստորագրեին նշված փաստաթուղթը և չստորագրեցին»,-ասաց Տարոն Հակոբյանը։

Խոսքը 1993թ. ապրիլի 30-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդունված՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ N 822/93 բանաձևի մասին է, որը պահանջում էր «անմիջապես դադարեցնել բոլոր տեսակի թշնամանքները  ու թշնամական գործողությունները, տևական զինադադար հաստատել, ինչպես նաև դուրս բերել բոլոր տեսակի «զավթիչ» ուժերը Քելբաջարից և Ադրբեջանի վերջերս գրավված շրջաններից»: Հայկական կողմից միակողմանի զիջումներ պահանջող բանաձևը մայիսի 26-ին ընդունեցին Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իսկ ԼՂՀ իշխանությունները մերժեցին առաջարկները: Հունիսի 3-ին Հռոմում կայացած ԵԱՀԽ Մինսկի խմբի խորհրդակցության ժամանակ առաջ քաշվեց մի նոր՝ «9+1» նախաձեռնությունը, որից հետո ՀՀ-ին, ԼՂՀ-ին, Ադրբեջանին ներկայացվեց երկու փաստաթուղթ՝ մեկը Մինսկի խմբի երկրների հանձնարարությամբ ԼՂ հարցով Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի «Նամակն» էր, մյուսը՝ այդ նամակին կից գրություն՝ «ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ միջոցառումների ժամանակացույց»: Ու սկսվեցին ճնշումները ԼՂՀ օրենսդիր մարմնի վրա՝ ստիպելով ստորագրել նշված փաստաթուղթը:

Հենց այս շրջանում էլ Երևանը հանկարծակի պահանջեց, որ ԼՂՀ ղեկավարները ԳԽ նախագահության բոլոր անդամների հետ ժամանեն Գորիս՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարների հետ: 1993 թ-ի հունիսի 12-ին Գորիս ժամանեցին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը,  ԼՂՀ ԳԽ և ՊՊԿ անդամներ:

«Այնտեղ Արցախի ԳԽ նախագահի պաշտոնակատար, ՀՅԴ անդամ Գեորգի Պետրոսյանի հանդեպ ճնշումներ գործադրվեցին և նա ասաց՝ ես ստորագրում եմ նշված փաստաթուղթը, բայց չստորագրեց ու հեռացավ։ Հեռացավ, թաքնվեց Գորիսի գյուղերից մեկում՝ Քարաշեն գյուղում։ ԳԽ նախագահը, քարտուղարը՝ հայրս, ու մեկ էլ իր խորհրդականը՝ Սերգեյ Քալանթարյանը, թաքնվեցին, սպասեցին մինչև ՀՀ իշխանությունները հայտարարություն անեն, որ բանակցությունները շարունակվեն Ստեփանակերտում, նոր իրենք վերադարձան Ստեփանակերտ»,-պատմեց Տարոն Հակոբյանը՝ Վլադիկ Հակոբյանի որդին։

Գեորգի Պետրոսյանի այս հարկադրված քայլի մասին պատմում է նաև Արցախի ԳԽ նախագահության այն ժամանակվա անդամ, ՀՀ ԳԽ պատգամավոր Համլետ Գրիգորյանը։

«Գեորգի Պետրոսյանը՝ ԳԽ նախագահի պաշտոնակատարը, այդ ժամանակ ճիշտ է վարվել, որ փախել ու թաքնվել է, թե չէ Լևոնի բանդան նրան կսպաներ։ Գեորգի Պետրոսյանը համաձայնությունը տվել է, բայց չի ստորագրել, նստել է մեքենան ու հեռացել, գիշերը մնացել են Քարաշեն գյուղում, առավոտը քշել, եկել այնտեղից։ Մենք արդեն լսել ենք, որ դավաճանություն է գնում, հողերը հանձնում են, Էդ ժամանակ սաղս առանձին-առանձին մեքենաները նստել ենք, եկել Ստեփանակերտ՝ ասելու, որ դավաճանություն է գնում։ Գեորգի Պետրոսյանի հետ մեր հարաբերությունները ջերմ են եղել, հետո ասում եմ՝ էդ ի՞նչ արեցիր, պարզվեց իսկապես խոսք էր տվել, որ կստորագրի, բայց չէր ստորագրել, որովհետև եթե խոսք չտար, իր հետ ուրիշ բան էր կատարվելու․ հասկանում եք-չեք հասկանում, բայց էլ բան չեմ ասի»,-ասաց Համլետ Գրիգորյանը։

Նա ևս վստահեցրեց, որ Արցախում դաշնակցական իշխանությունները դեմ են եղել «ԱԽ 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ միջոցառումների ժամանակացույցը» ստորագրելուն։

Նույն օրը կեսօրից հետո ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղաթիռով հանկարծակի ժամանում է Ստեփանակերտ․ դա նրա առաջին պաշտոնական այցն էր Արցախ: ՀՀ նախագահը պահանջում է շտապ հրավիրել Արցախի ԳԽ նախագահության նիստ: Հունիսի 14-ին տեղի է ունենում նիստը։ Հենց այդտեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ իրեն փաստի առաջ են կանգնեցրել Գորիսում և ինքն այդքան ստորացում է թույլ տվել։

«Լևոնը որ ասում էր՝ ստորացրեցին, այդ ստորացնելուց մեկն էլ Գեորգի Պետրոսյանի հեռանալն է եղել։ Եթե չփախչեր՝ իրեն կվնասեին։ Որովհետև ՄԱԿ-ի ԱԽ-ն ժամանակ էր տվել, որպեսզի այդ փաստաթուղթը՝ Քարվաճառից զորքերի դուրսբերման մասին, անպայման ստորագրված լինի»,-ասաց Տարոն Հակոբյանը։

Այդ փաստաթուղթը միակողմանի էր՝ ոչ մի խոսք չկար Մարտակերտի և Շահումյանի բռնազավթված տարածքների մասին, նշեց նա, դրա համար Դաշնակցությունը չէր ուզում դա ստորագրել։ Եվ հենց դա էլ առիթ հանդիսացավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն Ստեփանակերտում հասնի իշխանափոխության՝ ասաց Տարոն Հակոբյանը։ ԳԽ նախագահի դաշնակցական պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը և հրաժարական ներկայացրեց, նրա տեղակալը՝ Կարեն Բաբուրյանը նշանակվեց նախագահ ու ստորագրեց։

Տարոն Հակոբյանն ասում է՝ Գեորգի Պետրոսյանի հրաժարականից մի քանի օր հետո Կարեն Բաբուրյանը պաշտոնական այցով գնաց Հայաստանի Հանրապետություն և այնպիսի ընդունելության արժանացավ, ինչպիսիին չէին արժանացել նրա նախորդները։

Երբ Արցախի իշխանությունները՝ ի դեմս ԼՂՀ ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանի, պահանջել էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրի Հայաստանի կողմից տրված երաշխիքների արձանագրությունը, և նա հրաժարվել էր դա անել՝ համարելով ստորացում, մինչև Ստեփանակերտ գալը մի երկկողմ փաստաթուղթ էր կազմել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև պայմանագիր, որը ևս ստորագրեց ԳԽ հաջորդ նախագահը՝ Կարեն Բաբուրյանը։

Արցախի ԳԽ նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը պատմում է․ «Գորիսում քննարկել ենք տարածքների հանձնումը, Ստեփանակերտում էլ հարցը եղել է նախագահի պաշտոնակատարի փոփոխումը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ քաղաքական էլիտան ուզում էին, որ հանձնեինք, չենք համաձայնվել՝ թողել, եկել ենք Ստեփանակերտ։ Քարվաճառը հանձնելուն Արցախի ԳԽ բոլոր անդամները դեմ են եղել, և ելույթ էլ չենք ունեցել, շրջվել ենք, եկել Ստեփանակերտ։ Այդ պայմանագրի մասին մենք չենք լսել, չենք էլ իմացել, էդ հիմա է բացահայտում։ Իրականում ինքը խոսել է, ոչ մեկը չի պաշտպանել։ Իսկ Ստեփանակերտում քննարկել են Գեորգի Պետրոսյանին փոխելու, ուրիշին դնելու հարցը․ անձամբ ես կողքին նստած չգիտեի՝ ով է իր ցանկացած ԱԺ նախագահի պաշտոնակատարը»։

Արցախի ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանի որդին վստահ է, որ այդ փաստաթղթերը ստորագրել տալով՝ ազատագրված տարածքները հանձնելու ամբողջ պատասխանատվությունը ՀՀ իշխանությունները փորձում էին բարդել Արցախի իշխանությունների վրա՝ լավ հասկանալով, որ Արցախում ԳԽ նախագահի պաշտոնակատարը դաշնակցական էր և Դաշնակցությունը դեմ էր վերանշյալ փաստաթղթի ստորագրմանը։

«Դրանով երկկողմանի խաղ էին խաղում՝ փորձում էին հա՛մ իշխանափոխություն անել Արցախում, համ պատասխանատվությունից խուսափել։ Ծրագրի մի մասը հաջողվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ձերբազատվեց Արցախում ազգային ուժերից»,-ասաց Տարոն Հակոբյանը։

Այս փաստաթղթերը ստորագրելուց հետո էլ, սակայն, ոչ միայն չեն հանձնում Քարվաճառը, այլև օրեր անց սկսում են ազատագրել Մարտակերտը, Ակնան, մյուս տարածքները։

Տարոն Հակոբյանն ասում է՝ դա հաջողվեց, քանի որ ԳԽ նախագահի պաշտոնակատարը նամակով դիմեց Մարիո Ռաֆայելիին, որպեսզի երկարաձգեն Քարվաճառի հանձնման գործընթացը այն խնդրով, որ Ադրբեջանում ներքաղաքական կայունություն չկար։

«ՀՀ իշխանությունները ազատագրված տարածքները կտային, ուղղակի իրավիճակ փոխվեց՝ Աղդամի օպերացիան տեղի ունեցավ, հետո ընդունվեց ՄԱԿ-ի ԱԺ 853 ռեզոլյուցիան ազատագրված շրջանների խնդրով։ Ուղղակի պատասխանատվության խնդիր կար՝ փորձում էին պատասխանատվությունը գցել Դաշնակցության վրա։ Երբ Աղդամի և մյուս տարածքների օպերացիաները տեղի ունեցան, այդ հարցը սառեցվեց՝ մյուս հարցերը ի հայտ եկան։ Ինձ հասած տեղեկություններով Տեր-Պետրոսյանը նույնիսկ դեմ էր Աղդամի օպերացիային։ Պահի տակ դա տեղի ունեցավ՝ իմ կարծիքով»,-ասաց Տարոն Հակոբյանը

Նա համոզված է, որ ՀՀ իշխանությունների վրա միջազգային մեծ ճնշում կար, որ տարածքները տային Ադրբեջանին, իսկ նրանք այդ պատրվակն օգտագործեցին, որ Արցախում իշխանափոխություն անեն և հեռացնեն դաշնակցական իշխանությանը։

Աննա Բալյան