կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 17:26
Իրավական

ՔՊ-ի համակիրը մարդ է ծեծում, իրավապահները՝ մերժում ծեծի գործը

ՔՊ-ի համակիրը մարդ է ծեծում, իրավապահները՝ մերժում ծեծի գործը

Քուչակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրի՝ «Հայ մտավորականների խորհրդի» նախագահ Աբգար Ափինյանին ծեծի ենթարկելու գործը իրավապահ մարմինները մերժել են։

«Ես ոստիկանությունից ծանուցում եմ ստացել, որ քրեական գործ չի հարուցվել։ Իրենք խրախուսում են հանցագործությունը։ Սա է խնդիրը։ Բռնություն է գործադրել ՔՊ-ի ներկայացուցիչը, իսկ ոստիկանությունը ծածկադմփոց է անում․ մերժում է քրեական գործ հարուցելը»,-Yerkir.am-ին հայտնեց Աբգար Ափինյանը։

Նա միջադեպի օրը ոստիկանության Ապարանի բաժնում  ցուցմունք է տվել, բայց միջադեպին իրավական գնահատական չի տրվել։ Մերժված գործին Ափինյանը ընթացք չի տալու։

«Երբ տեսնում ես այս իրավիճակը, անօրինականությունների շքերթը, ի՞նչ հետագա քայլերի մասին է խոսքը։ Իրենց ոչինչ չի հետաքրքրում։ Ես խնդրել էի, որ իրենք վկաներով զբաղվեն, չեն զբաղվել, արդեն պարզ է՝ ում կամքն է կատարում ոստիկանությունը»,-նշեց Ափինյանը։

«Ինձ ծանուցում է եկել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի ստորագրությամբ։ Իրենք ուզում են հիշեցնել հետեւյալը՝ այլ կարծիք ունեցողների վրա հարձակվելու ենք, բռնություն ենք գործադրելու, չագուչը գործածելու ենք։ Իրենք վարչապետի բոլոր հանձնարարությունները, փաստորեն, կատարում են, այն է՝ բռնությունը։ Ոչ մի արդարություն, արդարամտություն, ճշմարտություն իրենց չի հետաքրքրում։ Միայն բռնություն։ Այսինքն՝ հաջորդ քայլը պիտի լինի մարդասպանությունը։ Սա է մեր ոստիկանության ուղերձը մտավորականությանը, հասարակական գործիչներին»,-Yerkir.am-ին հայտնեց Աբգար Ափինյանը։