կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 13:10
Աշխարհ

Գազ, Ադրբեջանի կողմից ճանաչում... թուրքական և կիպրական ԶԼՄ–ները քննարկում են Էրդողանի «լավ լուրի» հինգ սցենար. Cyprus Mail

Գազ, Ադրբեջանի կողմից ճանաչում... թուրքական և կիպրական ԶԼՄ–ները քննարկում են Էրդողանի «լավ լուրի» հինգ սցենար. Cyprus Mail

Թուրքական և կիպրական լրատվամիջոցները քննարկում են հինգ սցենար, թե ինչ կհայտարարի Թուրքիայի նախագահը հաջորդ շաբաթվա սկզբին Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցի ընթացքում: Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում կհայտարարի լավ լուրի մասին։

Haber Kıbrıs-ը հայտնում է, որ առաջին սցենարը կղզու հյուսիսի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունն է, մանավանդ որ Թուրքիայի նախագահը խոսում էր «երկար ժամանակ ընթացող գործընթացների» մասին: Ինչպես հայտնի է, վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանից հինգ հոգուց կազմված խորհրդարանական պատվիրակություն է գտնվում ՀԿԹՀ-ում:

Turkiye թերթը հաղորդում է, որ կղզու հյուսիս առաջին անգամ եկել են պատվիրակություններ Ադրբեջանից, Ղրղզստանից և Ղազախստանից, որոնք պատրաստ են ճանաչել ՀԿԹՀ -ն:

Ըստ Haber Kıbrıs-ի՝ երկրորդ սցենարը կլինի հայտարարություն, որ կիպրոսցի հույներին կհրավիրեն վերադառնալ Վարոշա, ինչպես նաև անշարժ գույքի հանձնաժողովի միջոցով վերադարձնել իրենց ունեցվածքը: Եվ բոլոր հասարակական և մասնավոր շենքերը բաց կլինեն օգտագործման համար: Էրդողանը կարող է հայտարարել, որ լքված քաղաքն այլևս չի գտնվի թուրքական զինուժի վերահսկողության տակ, ինչը հնարավորություն կտա, որ քաղաքը գտնվի թուրք-կիպրական վարչակազմի վերահսկողության տակ:

Երրորդ «բարի լուրը» կարող է լինել Լեֆկոնիկոյում անօդաչու թռչող սարքերի բազայի ստեղծումը, իսկ չորրորդը` Տրիկոմոյում ծովային ռազմակայանի հիմնումը, որը «կփոխի հավասարակշռությունը տարածաշրջանում»:

Վերջապես, հինգերորդ սցենարն այն է, որ Էրդողանը կարող է հայտարարել գազի հայտնաբերման մասին այն տարածքներում, որոնք անցյալ տարի ուսումնասիրել էին թուրքական սեյսմիկ նավերը:

Turkiye-ն, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, ասել է, որ այցը «պատմական կլինի», և տեղի կունենան իրադարձություններ, որոնք «կփոխեն Կիպրոսի ապագան»: