կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-18 10:07
Հասարակություն

Գալիք սերունդների անեծքը

Գալիք սերունդների անեծքը

«Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ, պատմաբան Վանիկ Բաբաջանյանը գրում է.

«94-ի գարունն էր, մայիսյան զինադադարից մի քանի շաբաթ առաջ։ Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսում էինք։ Արդեն կորցրել էինք մեր ընկերներ և համակուրսեցիներ Վարդան Դալլաքյանին և Զաքար Ավանեսյանին։ Իսկ ահա մեր մյուս ընկերը՝ Արթուր Եղիազարյանը, արդեն մի քանի տարի էր, որ Արցախում էր, զենքը ձեռքին կռվում էր, գրիչը ձեռքին՝ դասավանդում Շուշիում, ընտանիք էր կազմել, իսկ նրա երկվորյակ որդիները այլևս ազատ Շուշիի առաջին երկվորյակն էին։
 
Հայոց պատմության դասախոսության ժամ էր։ Դասախոսության վերջում արդեն երջանկահիշատակ դասախոսի հետ կարծիքներ փոխանակեցինք։ Նրա հնչեցրած մտքերից երկուսը մինչ այժմ մեխվել են գլխումս, հիշում եմ մանրամասն ճշգրտությամբ։
 
Առաջինը հետևյալն էր․ «Մեր պապերը ժամանակին՝ 1918-1921թթ․ չկարողացան ի օգուտ Հայաստանի լուծել Արցախի խնդիրը՝ այն թողնելով մերօրյա սերնդին։ ԵՎ, ի պատիվ մեր սերնդի, վերականգնվում է պատմական արդարությունը»։
 
Երկրորդը հետևյալն էր՝ «ԼՂԻՄ-ից բացի, ազատագրել ենք ևս 7 շրջան։ Դրանք լուրջ խաղաթուղթ են մեր ձեռքին, ապագա բանակցությունների տեսանկյունից»։
 
Դասախոսությունն ավարտվելուն պես տղերքով հավաքվեցինք միջանցքում։ Մեզնից ոմանք սկսեցին քննադատական խոսքեր ասել 20-րդ դարի սկզբների սերունդին, Արցախի հարցի լուծման գործում ոչ բավարար համառություն ու սկզբունքայնություն ցուցաբերելու հարցում։
 
Նաև հպարտանում էինք, որ Արցախն ազատագրած, Նոյեմբերյանում և Երասխում սահմանն ամրապնդած սերունդ ենք։
 
Անցան տարիներ։
 
21-ի հուլիսն է։
 
Արցախից մնացել է մի փոքր բեկոր։ Ազատագրված 7 շրջաններն այլևս չկան։ Հադրութն ու Շուշին էլ մերը չեն։ Նոր պատմության մեջ առաջին անգամ ընձեռվել էր լավ հնարավորություն։ 25 տարվա ընթացքում ադրբեջանցիների մոտ մեծացել էր նոր սերունդ, որը նույնիսկ չգիտեր Արցախի տեղը քարտեզի վրա։
 
Բայց այսօր ունենք Երասխը և ազերու հետ քնող-արթնացող շուռնուխցուն, կութեցուն․․․։
 
Հիմա ամենաշատը մտածում եմ մի բանի մասին, թե մեր մասին ի՞նչ են ասելու գալիք սերունդները։ Մեր մասին ի՞նչ է գրվելու պատմության դասագրքերում։
 
Ամենայն հավանականությամբ մի լավ հայհոյելու ու անիծելու են մեզ։ Որովհետև մեզանից շատերը մինչև հիմա չհասկացան, որ Երասխի պաշտպանության հարցը լուծվում էր Ջրականում և Վարանդայում, Շուռնուխինը՝ Թալիշում, Սև լճինը՝ Կովսականում և այլն։
 
Հայհոյանք ու անեծք։
 
Կարծում եմ՝ արժանի ենք»։