կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-10 23:59
Տնտեսական

Սերունդների համերաշխություն. կենսաթոշակային նոր փաթեթ

Սերունդների համերաշխություն. կենսաթոշակային նոր փաթեթ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում դեռեւս տվյալներ չունեն, թե հունվարի 1-ից ՀՀ քանի քաղաքացի է ընդգրկվել կամավոր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի կազմում:

 

2014 թվականի հունվարի 1-ից օրենքի ուժ կստանա պարտադիր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, իսկ մինչ այդ, արդեն հունվարի 1-ից ուժի մեջ է կամավոր կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը: Սակայն, որպես կանոն, ցանկացած նոր բան մեր հասարակության մեջ ընդունվում է ոչ միանշանակ: Ու այդ առումով, բացառություն չէր նաեւ կենսաթոշակային բարեփոխումների վերջին փաթեթը, որ 10 տարվա քննարկումներից հետո հայրենի կառավարությունը վերջապես որոշեց կյանքի կոչել: Ով կշահի, ով կտուժի այս բարեփոխումներից, առայժմ դժվար է ասել:

 

Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը նախատեսում է անցում կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգին, մի շարք ռիսկային գործոններ է պարունակում, ոլորտի պատասխանատուները, սակայն, նախորդ տարվա ընթացքում գրեթե չանդրադարձան դրանց,  փոխարենը` խոսելով միայն երաշխիքների ու արտոնությունների մասին: Փաթեթի հիմքում ընկած է «սերունդների համերաշխության» սկզբունքը. փաստորեն, այսօր աշխատելով կուտակում ենք, իսկ երբ ծերանանք` կսկսենք սպառել: Բարեփոխումների փաթեթի համաձայն` ծրագրում ընդգրկվելու են մինչեւ 40 տարեկան աշխատող քաղաքացիները: Նրանք վճարելու են իրենց եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ վճարելու է պետությունը: Սակայն, եթե հիմա ընտրություն կատարողը մենք ենք, ապա 4 տարի հետո կառավարությունը մեզ պարզապես կպարտադրի կուտակային կենսաթոշակային համակարգը` հավաստիացնելով, որ դա կլինի հօգուտ քաղաքացիների: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, արդյոք որոշակի տվյալներ կան, թե քանի մարդ է արդեն ընդգրկվել կամավոր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի կազմում, սակայն նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ աշխատանքային տարին ընդամենը երկու ժամ է` ինչ սկսվել է, եւ այս պահին որոշակի տվյալների իրենք չեն տիրապետում: