կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 15:57
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի դեռ Փաշինյանը իշխանության է, երկրորդ՝ կործանիչ հարվածը չի ուշանալու. Մարատ Գրիգորյան

Չեզոք, անտարբեր լինելը ավելի մեծ հանցագործություն է, քան սորոսական լինելը: Yerkir.am-ի հաղորդմամբ՝   այս մասին ասաց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը դեկտեմբերի 12-ին՝ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ եւ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպմանը:

Ըստ նրա՝ սա մեծ դավադրություն էր մեր երկրի նկատմամբ, որը պատրաստվում էր երկար տարիներ։

«Վերջապես գտան փողոցային հավաքածու, բերեցին իշխանության, երկիրը հասցրին այս իրավիճակին։ Կոչ եմ անում՝սթափվել: Այստեղ Վազգեն Մանուկյանի կամ  մյուսի հարցը չէ, այստեղ երկրի հարցն է»,- ասաց Մարատ Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ այսօր մենք ողբերգության մեջ ենք։

«Իշխանության են եկել թլպատված ուղեղներով մարդիկ, որոնք երկիրը հասցրին այս վիճակին։ Մեզ այսօր հարկավոր է հնարավորինս շուտ երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Եթե միակամ չեղանք, շարունակեցինք երկդիմի մոտեցում ցուցաբերել, չի բացառվում երկրորդ կործանիչ հարվածը։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է իշխանության մեջ, երկրորդ հարվածը չի ուշանալու։ Պետությունը կկորցնենք ազգովի»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ այսօրվա իշխանությունները մտածում են գեբելսյան հոգեբանությամբ։

Պարզաբանում է՝ Գեբելսը՝ հիտլերյան այս հավատարիմ գործակալը, ասում էր՝ պետք է այնպես ստես, որ դիմացինդ կորցնի մտածելու ունակությունը, հասարակությունը կորցնի մտածելու ունակությունը։ Ըստ նրա՝ երբ Գերմանիան կործանվում էր, Գեբելսի համախոհներից մեկը դիմում է նրան՝ ասելով, թե գերմանական ժողովուրդը չի ների իրենց հանցագործությունների համար, Գեբելսը պատասխանում է՝ մենք պատասխանատու չենք գերմանական ժողովրդի համար, պատասխանատու է ժողովուրդը՝ մեզ իշխանություն տալու համար։

«Նույնը այս իշխանությունն է ասում՝ իրենք մեղավոր չեն։ Սա է ամենամեծ դժբախտությունը։ Եթե չհասկանանք, այլեւս երբեք չենք կարող գլուխ բարձրացնել եւ ուղղել մեր մեջքը»,- նշեց Գրիգորյանը։

Ասում է՝ այսօր Արցախ չկա, մեր սահմանները պահպանված չեն։ Սահմանը պահող զինվորի հետ երեկ զրուցել է, պատմում է. «Երեկ, երբ խոսում էի սահմանը պահող մի զինվորի հետ, ասաց՝ վիճակ չկար, ոչ մի պայման, այնտեղ կանգնած մտածում էինք՝ ինչպես անենք, որ մեզ չգողանան։ Այս իշխանությունը ունակ չէ նույնիսկ այդ հարցերը լուծել։ Սա մեծ դավադրություն էր մեր երկրի նկատմամբ, որը պատրաստվում էր երկար տարիներ»։ 

Գրիգորյանը վերհիշեց անցյալից մի դրվագ, երբ 1967 թվականին Մոսկվայում ապրիլի 23-ին, կրկին Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր հայ մտավորկանների հավաք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եւ հայ մտավորականներից խորհուրդ լսելու, հասկանալու՝ ինչպես վարվել, սխալներ թույլ չտալու համար, ինչ ճանապարհով գնալ:

«Հավաքվել էին հսկայական թվով մտավորականներ, ԱԳՆ աշխատակիցներ, գրողներ, այնտեղ էր նաեւ Սիլվա Կապուտիկյանը։ Հանդիպումից հետո գնացինք Թուրքիայի դեսպանատան առաջ եւ տոտալիտար պետության մեջ համարձակվեցինք ցույց կազմակերպել, ասել, որ նրանք սրիկաներ են, ֆաշիստներ ու հանցագործներ: Մենք ասում էինք, որ մինչ օրս ոչինչ չենք մոռացել։ Եվ կազմակերպիչներից մեկը Վազգեն Մանուկյանն էր»,- պատեց Գրիգորյանը։

Ավելի վաղ ներկայացրել էինք Վազգեն Մանուկյանի ելույթը հավաքի ժամանակ։

Լիանա Սարգսյան