կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 16:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասարակությունը ժխտում է պատրաստակամությունը պետականություն ունենալու․ Բագրատ Եսայան

Մինչև ընտրությունները ընդդիմությունը, նոյեմբերի պարտության արձանագրումից հետո հստակ տվեց իր գնահատականը, որ երկրի իշխանությունը պետք է փոխվի, որովհետև այդ իշխանությունը երկիրը պարտության բերելուց բացի բերել էր նաև համապարփակ ճգնաժամի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Բագրատ Եսայանը «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ։

«Առաջինը՝ պետական համակարգը ուղղակի չէր գործում, ընդհանրապես դադարել էր աշխատել, երկրորդը՝ երկրում խորանում էր տնտեսական ճգնաժամը և 2020 թ-ը երկիրը փակեց խայտառակ ցուցանիշներով, նաև լրացուցիչ ֆինանսական պարտքով՝ 5,5 միլիարդից արտաքին պարտքը հասցրին 8 միլիարդի»,-նշեց նա։

Բագրատ Եսայանը ընդգծեց, որ բոլոր ուղղություններով ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև տնտեսական առաջին հարկատուի դեմ անթաքույց և ոչնչով չհիմնավորված ուժային հարձակում է իրագործվում, որը բռնագրավման փորձ է և սեփականության վերաբաշխման ուղղակի դրսևում։

Նա նշեց, որ այն օրակարգը, որն այս ընտրությունները ավելացրին, հասարակության հետ ամենօրյա աշխատանքի անհրաժեշտությունն է։

Բագրատ Եսայանը նաև ընդգծեց, որ մամուլի ազատության բնագավառում իշխանությունը գնացել է օրենքի  խստացման ճանապարհով, ինչը բերում էր մամուլի գործունեության զգալի սահմանափակման։

«Սրան հակառակ, իշխանության հովանավորությունը վայելող մի շարք կեղծ տեղեկատվություն տարածող, նաև ֆեյքերի ֆաբրիկան աշխատեցնող հստակ անհատներ, և նաեւ պետական հաստատությունը՝ հայտնի ՊՈԱԿ-ը, ընդլայնում է իր գործունեությունը՝ դաշտը լցնելով կեղծ տեղեկատվություն, հասարակության մեջ ստեղծում է շփոթի ազդեցություն: Այն, որ հիմա ունենք այս իշխանությունը, դա միայն հետեւանքն է: Կարծում եմ, հիվանդության արմատը հասարակության մեջ գոյություն ունեցող ոչ բավարար քաղաքական, քաղաքագիտական հասունությունն է, որը հանգեցրել է այս իրավիճակին»,-ասաց Բագրատ Եսայանը:

Այսօր հասարակությունը քաղաքական առումով ժխտում է ամեն ինչ, նշեց նա, այս քաղաքական նիհիլիզմը արդեն հանգեցրել է շատ վտանգավոր իրավիճակի, երբ խոսքը ոչ թե քաղաքական ուժերի նկատմամբ որևէ վստահության անպատրաստության մասին է, այլև պետականության ժխտման:

«Այս առումով կարելի է ասել, որ մեր երկրում արդեն ոչ թե իշխանության ճգնաժամ է, այլ համապարփակ բոլոր ուղղություններով ճգնաժամ է, որը հղի է պետականության կորստով»,-ասաց Բագրատ Եսայանը։

Նրա դիտարկմամբ, հասարակությունը ժխտում է պատրաստակամությունը պետականություն ունենալու:

«Այս իրավիճակում ասել, որ ճգնաժամը հանգուցալուծվել է, անմտություն կլինի: Մենք երկրում ունենք քաղաքացու պրոբլեմ, մենք չունենք քաղաքացիներ, որոնք իրենց պատասխանատու են զգում մեր պետականության գոյությունն ամրապնդելու համար: Մենք չունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են ձեւավորելու իշխանություն, պատրաստ չեն պատասխանատվության կանչել իշխանություններին՝ խոստումները չկատարելու դեպքում: Մենք հասել ենք ճգնաժամի հատակին»,-ասաց նա:

Բագրատ Եսայանը նշեց, որ ներքաղաքական ճգնաժամը հասել է գագաթնակետին։

«Անհանդուրժողականությունը ոչ միայն չի հաղթահարվել, հասարակական համերաշխության մասին որեւէ հայտարարություն իրականության հետ որեւէ աղերս չունի: Ավելին, շարունակվում է պետության կազմաքանդումը: 25 տարի շարունակ հետեւողականորեն կայացված պետական ինքնակառավարման համակարգը կազմաքանդվում է իսպառ, ՏԻՄ ղեկավարները հետպնդվում են իրենց քաղաքական հայացքների համար»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․