կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-09 14:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վստահ եմ, որ Փաշինյանը ֆինանսական օժանդակություն է ստանում աշխարհաքաղաքական կենտրոնների ծրագիրն ավարտելու համար․ Բագրատ Եսայան

Այս պատերազմը պայմանավորված և դիտմամբ պարտության տարվող պատերազմ էր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը մամուլի ասուլիսում:

«Պատերազմը  սկսելուց 6 օր հետո տեսնելով, որ հայկական բանակը հերոսաբար կռվում է, չի նահանջում, դադարեցնել մոբիլիզացիան, տեսնելով, որ ադրբեջանական բանակը չի կարողանում ճեղքել պաշտպանությունը, ձեռնարկել Լելե Թեփեի հանցավոր օպերացիան և կոտրել Պաշտպանության բանակի ողնաշարը, դրանից հետո անընդհատ նահանջի հրամաններ տալ ու բացել դեպի Շուշի տանող միակ ձորակը, որտեղից ադրբեջանցիները կարող էին թափանցել Շուշի․․․ կարծես նպատակաուղղված սպասում էր, որ Շուշին ընկնի և ինքը ստորագրի այդ կապիտուլյացիոն հայտարարությունը»,-ասաց Բագրատ Եսայանը:

Նրա համար միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն կեղծիքի դիմել վերընտրվելու համար։ Բայց նաև միանշանակ է, որ չի հաջողելու․ Նիկոլի այն հակառեյտինգը, որն ավելի քան 50 տոկոս է, աշխատելու է ընտրությունների ժամանակ:

Ընդդիմության արհեստական միասնականությունը, Բագրատ Եսայանի խոսքով, նույնքան վնասակար է, որքան քաղաքական դաշտի մասնատումը:

«Ես վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերը համախմբվելու են որոշակի նպատակի շուրջ, սակայն վստահ եմ, որ հանդես չեն գալու մեկ դրոշի տակ, որովհետեւ իրար հակառակ գաղափարախոսություն ունեցող ուժերին եթե բերես միավորես մի դրոշի տակ, մեկի ընտրողը մյուսին չի ընտրի»,-բացատրեց Բագրատ Եսայանը:

Նա վստահ է, որ այն ուժերը, որոնց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ինչ-որ ֆորմատով կհամագործակցեն։

«Կա՛մ հուշագիր են ստորագրելու, կա՛մ հայտարարություն են ստորագրելու, որով բացառելու են ընտրություններից հետո օրենսդիր կամ գործադիր մարմնում որևէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած քաղաքական ուժի, կամ նրան սատելիտ քաղաքական ուժերի հետ»,-կարծում է Բագրատ Եսայանը:

Նա խոսեց նաև այն տեղեկատվության մասին, որ երեկ Մուրադովի օդանավով Հայաստան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն՝ Մեղրի տարածքում կառուցվելիք ճանապարհի տեղորոշումները կատարելու համար։

Բագրատ Եսայանը հիշեցրեց, որ իշխանությունը ստախոսությամբ զավթած անձնավորությանը երբ հարց տվեցին Ռոբերտ Քոչարյանի մասին, ասաց՝ «ո՞ր Քոչարյանի, ա՞յն, որ Մեղրին տալիս էր»։

«Հասկանո՞ւմ եք՝ ի՛նչ կարգի ստախոսություն․ այն դեպքում, որ շատ լավ տեղյակ էր՝ ինչ հարց էր այն ժամանակ քննարկվում՝ ճանապարհի կառուցում՝ Արցախի կարգավիճակի դիմաց։ Մարդը, որ դա անում է, փորձում է ցանկացած գնով որոշակի աշխարհաքաղաքական ուժերի պատվերը իրականացնել։ Ինչպես Ստեփան Գրիգորյանը ներողություն խնդրեց Յուրի Խաչատուրովից, ես էլ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ հետագա ծրագրերն իրականցնելու համար որոշակի և շատ հստակ նաև ֆինանսական օժանդակություն է ստանում այդ աշխարհաքաղաքական կենտրոններից այդ ծրագիրն ավարտին հասցնելու համար»,-ասաց Բագրատ Եսայանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․