կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 14:59
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամին փոխում է Արցախի գետերի հունը

Թշնամին ցանկանում է Թարթառի հունը փոխել եւ տանել դեպի Կիրովաբադ՝ Գանձակ։ Երբ ահազանգեցի, շատերը չհավատացին, քանի որ գետը Գանձակի տարածք տանելու համար մոտավորապես 25 կմ թունել է պետք Մռովի տակով փորել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը․ նա օրեր առաջ է վերադարձել Արցախից։

«Ես ունեմ փաստեր, որ ծանր տեխնիկա է տարվում՝ էքսկավատորներ, փորելու, նաեւ՝ հանքերում աշխատող ծանր տեխնիկա։ Մենք տեսնում ենք, որ Թարթառը սակավաջուր է։ Սարսանգի ջրամբարը, որը սնվում է միակ գետով՝ Թարթառով, սակավաջուր է, եւ նույնիսկ ջրավազանի ծերացման նշաններ ենք տեսնում»,- ասաց Կիրակոսյանը։

Մեր ջրահավաք ավազանի մասին պատկերացում ունենալու համար նա եղել է նաեւ Սյունիքում․ ասում է՝ թշնամին նստել է նաեւ Ուղտասարում, որտեղի ձնհալից էլ գոյանում է մեր ջրային համակարգի մի մասը։ Պատերազմից ու կապիտուլյացիայից հետո, կարծես, թշնամին հասավ իր մեծ նպատակին՝ տիրացավ Արցախի ջրային պաշարներին։ Երաշտի ու ջրի մեծ պրոբլեմների առջեւ կանգնած թշնամին փոխում է Արցախի գետերի հունը։ Պատերազմից հետո՝ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց օրեր անց, թշնամին սարերից նկարահանել էր նաեւ Սեւանա լիճը՝ աչք ունենալով նաեւ Հայաստանի ամենամեծ ջրային համակարգի վրա։ Այսօր թշնամին նստել է Հայաստանի ջրերի գլխին։ 

«Թշնամին գտնվում է Ուղտասարի, Սեւ լճի տարածքում, Գեղարքունիքի կողմից մենք տեսանք Ալ լճերը, որոնք թշնամին գրավել-նստել է։ Երբ որ նկարներ եւ վիդեոներ ես դնում, մարդիկ ասում են՝ սուտ է, բայց ասում են՝ այսինչ մարզում ջուր չունենք»,- նշեց Նարինե Կիրակոսյանը։

Նա իր աչքով է տեսել Թարթառի տարածքում աշխատող ծանր տեխնիկան, որով թշնամին մտադիր է փոխել գետի հունը։

«Մեկ-երկու ժամ էդ տեխնիկան գնում է, եւ Քարվաճառի հատվածից իրենք բերում են ահռելի մեծ ժայռաբեկորներ․ հասկանալի չէ, թե ուր են տանում։ Հավանական է, որ սկսել են ջրահավաք ավազան սարքել։ Աշխարհագրության մասնագետները, որոնք ասում էին՝ 25 կիլոմետր թունել է պետք, փաստորեն, այդպես չէ․ թշնամին ուրիշ ճանապարհ է ընտրել․ մենք ունեինք մի զորամաս՝ «Չափըրլու» էր կոչվում, այդ եւ «Յանշախ» հատվածներով ժամանակին եղել է ճանապարհ դեպի Գանձակ, այսինքն՝ պետք չէ լեռները բարձրանալ։ Այդ հատվածն են որոշել օգտագործել։ Թշնամին Թարթառի վրայի ՀԷԿ-ն է օգտագործում, Շուշիի տակ թշնամին նորից ՀԷԿ է սարքում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը։

Նրա ենթադրությունն է՝ թշնամին կառուցում է ջրահավաք ավազան, որը կօգտագործի ջուրը հավաքել-ամբարելու համար։  Նարինե Կիրակոսյանի խոսքով՝ Գանձակի տարածքում թշնամին ունի ջրի խնդիր, անապատացման գործընթաց է այնտեղ, եւ աչքը մեր ջրային համակարգից չի կտրելու։

«Պատկերացրեք՝ Հայաստանի համար ինչ աղետ է լինելու։ Սարսանգը միայն Թարթառով է լցվում, եւ այն երկու երկրներով էինք օգտագործում՝ ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանական կողմը։ Նրանք անընդհատ բողոքում էին՝ իբր հայկական կողմը ջուր չի տալիս, բայց այդպես չէր։ Եթե կտրվի Թարթառը, կկտրվի Արցախի կենսունակության հնարավորությունը։ Մենք ջուր չենք ունենա․ Թարթառը սնում է գյուղերը, դաշտերը»,-Yerkir.am-ին հայտնեց «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը։