Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է․
«Այսօրվա Հայաստանը քաղաքական դավադրության արդյունքում պարտված, սուվերենությունից զրկված պետություն է, որի սրճարաններում ու ռեստորաններում, իրեն՝ խրախճանքի տրամադրած մայրաքաղաքային հայությունը չի էլ պատկերացնում մոտալուտ աղետի այն խորությունը, որը կարող է ճակատագրական լինել, այն էլ այն պայմաններում, երբ երրորդ համաշխարհային պատերազմը տեղային ճակատներում խորանում և նոր ձևաչափերում՝ ընդարձակվում է։
Տնտեսապես ուժեղ և կայուն խաղացողները, այնպիսիք, ինչպիսիք են ԱՄ Նահանգներն ու եվրոպական երկրները, Թուրքիայի ու Ռուսաստանի նման տարածապաշտ երկրներին մղում են տարածական ընդլայնման, այն հույսով, որ հրահրված նոր պատերազմները ի վերջո պատճառ կհանդիսանան վերջիններիս տնտեսական շրջափակման, թուլացման ու քայքայման։
Միացյալ Եվրոպայի համար մեծ վտանգ հանդիսացող պանթուրքիստական Թուրքիան ավելի լավ կլինի, որ ծավալվի իր շրջակայքում, դեպի Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Հայաստան, Միջին Ասիա, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն ու Չինաստանը ներառյալ, քան թե այդ վեկտորները, պանիսլամիզմի հնարավոր հավելումով, ծավալվեն դեպի Եվրոպա, ինչը, մենք տեսանք, որ հնարավոր է 2020թ-ի պատերազմի ընթացքում, երբ Փաշինյանի հայտարարության հաջորդ իսկ օրը ահաբեկիչներ հայտնվեցին կենտրոնական Եվրոպայում, այն է՝ Ավստրիայում՝(հուսամ՝ հիշում եք)։
Տնտեսապես կաշկանդված, քաղաքականապես՝ գրեթե շրջափակված, Ռուսաստանը, մի կողմից վտանգված է Թուրքիայի ծավալապաշտությամբ և իր տարածքում ապրող միլիոնավոր թրքալեզու քաղաքացիների Թուրքիայի նկատմամբ համակրանքով, և զգում է, որ Հարավային Կովկասի կորուստը կարող է կայսրության քայքայման պատճառ հանդիսանալ, սակայն մյուս կողմից զգում է Թուրքիայի կարիքը, որպես տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական գործընկեր, և շահագրգռված է դեպի Միջերկրական Ծով անխափան ելք ունենալու հանգամանքով՝ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններով։
Մասամբ լինելով ոչ միայն ռուս, այլև թրքալեզու ժողովուրդների պետություն, ըմբռնելով պանթուրքիզմի մահացու վտանգի առկայությունը, Ռուսաստանը փորձելու է՝ համագործակցության ու գրկախառնումի մեջ խեղդել այդ վտանգը մի կողմից, և մյուս կողմից, աստիճանաբար կսկսի խոսել իր իսկ պետության սահմաններում՝ թուրք ժողովուրդների իրավունքներից, ինքը կդառնա ոչ միայն ռուսական տարածապաշտության, այլև պանթուրքիզմի մի նոր ապոլոգետ։ Հավատացեք, կգա այն ժամանակը, երբ մեր հյուսիսային հարևանը կհայտարարի, որ Ռուսաստանը Քրիստոնեական-իսլամական, ռուսական-թուրքական համագործակցության Երկիր է, որովհետև թրքալեզու ժողովուրդների դեմոգրաֆիական աճը, հարաճող վտանգները նրան կստիպեն դա անել։ Ցանկացած այլ դեպքում քայքայումն անխուսափելի կլինի։
Պանթուրքիզմի հանգամանքը վճռորոշ է նաև Իրանի համար, և այստեղ էլ ստիպված են լինելու հաշվի նստել իրենց միլիոնավոր թրքալեզու քաղաքացիների քաղաքական կողմնորոշումների հետ։ Այսօրվա Իրանը, կարելի է ասել, պայմանագրային Երկիր է, որտեղ Պարսկերենն ու Իսլամական արմատականությունը այդ ներպետական համերաշխհային պայմանագրի թուղթը, թանաքն ու սոսինձն են, ինչը վառ երևաց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում։
Այսօրվա Հայաստանում իշխող ուժը արդեն իսկ դավադիր գործընթաց է սկսել սեփական Երկրի դեմ, որի նպատակը դեմարկացիա-դելիմիտացիան է և խաղաղության ստորացուցիչ պայմանագիրը, որի ստորագրումը Հայաստանի Հանրապետության մահն է լինելու։
Ընտրություններն էլ լեգիտիմացրին այս իշխանություններին, ու հիմա բոլոր խաղացողները շահարկելու են հայկական հողերն ու շահերը, ի օգուտ սեփական շահերի ամրապնդման։ ու քանի դեռ այսպիսին ենք մենք ու մեր իշխանությունը, անիմաստ է դառնում որևէ մեկ ուրիշին մեղադրելը, քանի որ ինքներս ենք նրանց զիջել մեր Երկիրի սահմաններն ու մեր ինքնություն-սուվերենությունը։
Ստացվում է այնպես, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը պաշտպանում կամ ըմբռնումով են մոտենում Ռուսաստանի դերին ու շահերին, ինչը իրական աղետ ու կատաստրոֆա է, ու եթե ընդդիմություը, հատկապես՝ ՀՅԴ-ն ու Քոչարյանը չխոսեն այս մասին, չբացահայտեն Փաշինյան - Պուտին երկխոսության հնարավոր վտանգները, հստակ շեշտադրումներ չանեն ու, դարձյալ, հնարավոր վատ զարգացումների դեպքում Ազգային հեղափության ու ապստամբության կուրս չվերցնեն՝ մենք կորած ենք։
Այս ընտրությունները ժողովրդից խլեցին նրա ապստամբության իրավունքը։ Պարտված առաջնորդի ռեինկարնացիան Հայ ժողովրդի մահվան սկիզբն է, ու եթե Դուք, որպես քաղաքական դաս, իշխանություն լինեք, թե ընդդիմություն, սա չեք գիտակցում, ապա նման եք այն ինքնասիրահար, առինքնող, ինքնահմա, ինքնաբավ, ջրի մակերեսին վրա լողացող, առայժմ, կենդանի բադին, որը անտեղյակ է, թե ինչ է կատարվում ջրի խորքում ու նրա շերտերում։
Մեր ազգային նավի գլխավոր առագաստը համաշխարհային ողջ հայության միակամությունն ու միասնականությունն է։ Այս պայմաններում մենք այլ դաշնակից ու երաշխավոր, քան կազմակերպված սփյուռքն է չունենք։ Սակայն այս մասին՝ հաջորդ անգամ»։