կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 10:56
Քաղաքական

Հակաթուրք լինելու այլընտրանը Հայաստանի մահն է

Հակաթուրք լինելու այլընտրանը Հայաստանի մահն է
• Քաղաքական Հայաստանի տարածքի մեծագույն մասը նոր ժամանակներում, երբ ծագեց ազգի գաղափարը, օկուպացված էր ներկայիս Թուրքիայի իրավանախորդ Օսմանյան կայսրության կողմից։ Այստեղից հետևում է, որ ազգային Հայաստան կարող էր ստեղծվել միայն Թուրքիայի դեմ պայքարով։ Այստեղից պարզ է դառնում, թե ինչու է ազգային Հայաստան ստեղծվել միայն Թուրքիայից դուրս և Թուրքիային անմիջապես հարևան հատվածում։ Պատճառն այն է, որ այդ հատվածը եղել է հակաթուրքական պայքար մղող այլ կայսրությունների կազմում և այդ տարածքում հայերի հակաթուրքական ռազմաքաղաքական պայքարը հիմնականում խրախուսվել է՝ ի տարբերություն բուն Թուրքիայի գրաված Հայաստանի տարածքի, որտեղ հակաթուրքականության համար արտաքին աջակցություն, ասել է թե՝ բավարար ռեսուրս չի եղել։
• Այսպես՝ Խամսայի մելիքությունները՝ որպես այսօրվա Հայաստանի տարածքի հայկական քաղաքական միավոր, ստեղծվել են իրանական պետության կողմից, որովհետև զենքով աջակցել են վերջինիս այստեղից թուրքերին քշելու։ Ռուսական կայսրության կազմում Հայկական մարզն ստեղծվել է և հայահոծ է դարձվել Հայաստանի իրանահպատակ և թուրքահպատակ տարածքներից բերված հայերով՝ որպես ապագա հակաթուրքական պայքարների միջոց։
• Հայաստանի Հանրապետությունն 1918 թ․-ին ևս ստեղծվել է հակաթուրքական պայքարով և 2 տարի շարունակել այդ պայքարը՝ թույլ տալով քիչ թե շատ հայահոծ Խորհրդային Հայաստանի գոյությունը։ Խորհրդային Հայաստան Սփյուռքի հայերի ներգաղթը և Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարվոքումը կազմակերպվել են դարձյալ սպասվող հակաթուրքական պայքարի համաշարում։ 1992 թ․ ԱՊՀ զորքերի գլխավոր հրա­մանատար գեներալ Շապոչնիկովը կանաչ լույս վառեց Արցախում մեր մեկճակատանոց պայքարի համար դարձյալ հակաթուրքական պայքարի համաշարում։
• Հայաստանը, իր սահմանափակ ռեսուրսներով, քաղաքական կշիռ ունի այնքանով, որ կարող է այս տարածաշրջանում եղանակ փոխել, ստատուս-քվոն խախտել։ Հաշվի առնելով, որ ստատուս-քվոն ձևավորող ուժի վեկտորներից մեկը թուրքականն է, որը մեր ամբողջ հայրենիքը համարում է իր հայրենիքը և նպատակ ունի մեզ ոչնչացնել, տակը մնում է հակաթուրքական վեկտորը։ Որ օրը Հայաստանն ամբողջությամբ հրաժարվեց հակաթուրքականությունից, Հայաստանը մեռնելու է՝ դառնալով Թուրքիայի մաս։
• Հաջորդիվ այս տեսական շրջանակի հիման վրա կբացատրեմ, թե ինչու 30 տարի անց հայտնվեցինք այս խղճուկ կացության մեջ ու դուրս չենք գալիս դրանից։
 
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ