Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-07-07 14:42
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ-ն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ-ն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր «Սիմոն Վրացյան» կենտրոնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացնում էին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:

Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմը,  մասնավորապես ընդգծեց իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված՝ կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մտահոգություններն ու  գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայականությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդգծեց նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լ. Գալստյանը մասնավորապես անդրադարձավ երկրում արձանագրվող՝ ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորեց Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:

Դեսպան Թրեյսին շեշտեց, որ  Միացյալ Նահանգները շարունակելու են հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց հանձնառությանը:  Նա նաև հայտնեց, որ մոտիկից հետևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու է գերիների վերադարձման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները: