կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 23:01
Հասարակություն

Փաշինյանի «չագուչը» գործի է դրվել․ շուրջ 50 հարց է ներկայացվել

Փաշինյանի «չագուչը» գործի է դրվել․ շուրջ 50 հարց է ներկայացվել

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի «չագուչը» ողջ թափով ու հզորությամբ գործի է անցել, և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են։ Ինքը՝ Փաշինյանն էլ վերջերս հայտարարեց, որ պետական համակարգում ով իրեն չի հավատում, ապա պետք է հեռանա աշխատանքից։ Հրայր Մարուխյան հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքի իրավունքի պաշտպանության գրասենյակում ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված քաղաքացիների շուրջ 50 հայցադիմումներ կան այս պահին։ Hraparak.am-ի հետ զրույցում գրասենյակի ներկայացուցիչ, իրավագետ  Թադևոս Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դիմողները պետական համակարգի աշխատակիցներ են․

«Այո, վերջին շրջանում էապես ավելացել են աշխատանքից անհիմն ազատումների հիմքով վեճերը, որոնցով տարբեր քաղաքացիներ դիմում են մեր գրասենյակ։ Գրասենյակ դիմողների այդ մեծ թիվը հիմնականում աշխատանքից ազատված պետական հատվածի աշխատողների դիմումներն են, այդ թվում՝ մանկավարժներ, տարբեր պետական ծառայողներ, համայնքային ծառայողներ և այլն, որոնք դիմել են գրասենյակ, և գրասենյակը բոլոր դիմողներին, չնայած ծանրաբեռնվածությանը, նախ խորհրդատվություն է տրամադրում, ապա նաև ըստ անհրաժեշտության՝ նաև անվճար փաստաբանական ծառայություն»,- ասաց Ավետիսյանը։ 

Ավետիսյանին հարցրինք՝ ազատումները քաղաքակա՞ն դրդապատճառներով են, թե՞ այլ պատճառներ էլ կան․

«Իմ կարծիքով և իմ գնահատմամաբ՝ այո, միանշանակ քաղաքական, որովհետև երբ նայում ես ազատման հիմքը կամ, ըստ էության, հիմքի բացակայությունը, մեծ հաշվով դիմողն էլ երկարատև աշխատանքային փորձ ունի, օրինակ՝ նախորդ առնվազն 1 տարում չհանված և չմարված որևէ կարգապահական տույժ, և հանկարծ ազատում են աշխատանքից։ Այսպիսի պարագայում ակնհայտ է, որ մենք գործ ունենք առավելապես քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումների հետ։ Երկորդը՝ բոլորը գիտեն արդեն, որ «չագուչը» և զանգվածային ազատումների սպառնալիքները, որը, եթե իրենց լեքսիկոնով ասենք, կադրային ջարդի սպառնալիքները։ Կադրային ջարդը, հենց այդ հայտարարությունը ինքնին հակաիրավական է, այսինքն՝ ի՞նչ է նշանակում կադրային ջարդ իրականացնել։ Եթե հայտարարում են կադրային ջարդի մասին, ապա, բնականաբար, նաև իրականացնում են, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մի սկզբունքի ներքո կամ ինչ-որ մի շահի ներքո զանգվածաբար ազատվել մասնագիտական կադրերից կամ աշխատողներից։ Սա փաստ է, և կարծում եմ՝ դեռ ականատես լինելու ենք նման երևույթների»,- պատասխանեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 50 բողոքների մոտավորապես 80 տոկոսը վերաբերում են հենց քաղաքական դրդապատճառներով ազատումներին․

«Ես հիմա չեմ կարող ասել՝ այդ 50-ը բոլորը միատիպ կամ նույն բովանդակության բողոքնե՞ր են, բայց մոտավորապես, այո, եռապատկվել է այդ միջին հոսքը վերջին օրերին, և, այո, այդ թվի մոտ 80 տոկոսը հենց աշխատողների բողոքներն են, որոնք գտնում են, որ ոչ աշխատանքային դրդապատճառներով, այսինքն՝ աշխատանքից չբխող հիմքերով, ավելի շատ քաղաքական դրդապատճառներով, իրենց անհիմն ազատել են զբաղեցրած պաշտոններից, աշխատանքից»,- ասաց Ավետիսյանը։

Նրան հարցրինք նաև, թե կա՞ն արդեն կազմված հայցադիմումներ, որոնք ներկայացվել են դատարան․

«Այո, հայցեր կան, որոնք արդեն հայցադիմումներով ներկայացվել են դատարաններ։ Բնականաբար, դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, բայց մի բան ակնհայտ է և կարող եմ պնդել, որ մենք, մեր թիմը հետևողական ենք լինելու, որպեսզի մեր քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքները օրենքով սահմանված կարգով վերականգնվեն։ Մեր ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ անվճար են»,- պատասխանեց Ավետիսյանը։

Աղբյուրը՝ hraparak.am