Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշում է, որ իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են` կողմ են խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի նախաձեռնությանը։ Նա մտավախություն չունի, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ քիչ ձայն կհավաքեն, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրություններում:
«Երևանի ընտրություններն այլ տրամադրությունների տակ են անցել. խորհրդարանը ցրելու մանդատի կոնկրետ հարց էր դրվել, որ եթե մարդիկ ցանկանում են խորհրդարանը ցրվի, ապա թող ձայնը տան «Իմ քայլը» դաշինքին։ Այսինքն՝ մեծ հաշվով չի եղել առաջին դեմքերի մրցակցություն, իսկ խորհրդարանական ընտրություններին այլևս նման օրակարգ չի լինելու, որովհետև ընտրությունները կազմակերպված կլինեն: Չնայած տեսաք, որ նախագիծ է ներկայացվում, որով վարչապետի հրաժարականով խորհրդարանը լուծարելու գործընթացը ձևափոխել են, ինչի հետ կապված նույնպես բանակցություններ պետք է լինեն»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ, անկախ ամեն ինչից, պատրաստ են նույնիսկ այս տարի գնալ խորհրդարանական ընտրությունների: Մարուքյանի խոսքով` իրենք, ըստ էության, նոր են դուրս եկել քարոզարշավից և պատրաստ են նոր քարոզարշավի։ «Բայց ես մեր տեղն եմ խոսում, քանի որ բազմաթիվ ուժեր կան, որոնք հայտարարում են, որ պատրաստ չեն, և բանակցությունները դրա համար են»,- ասաց նա:
Դիտարկմանը` որոշ պատգամավորներ, խոսելով կառավարության աշխատանքի մասին, հայտարարում են, որ խոստացվել է բարեփոխված օրենսդրություն, սակայն այսօր կառավարությունն օրենսդրական նախաձեռնություններով աչքի չի ընկնում, իսկ նախկինում ԱԺ-ում քննարկված օրինագծերի 85 տոկոսը բերում էր կառավարությունը, Մարուքյանն արձագանքեց․ «Ես գիտեմ, որ մարդիկ 24 ժամ աշխատում են, թե հիմա դրանք գեներացվում են որպես օրենքի նախագծեր, թե` որպես կառավարության որոշումներ, թե` որպես նախարարի հրամաններ, կարծում եմ, որ երկրորդական հարց է։ Կոնկրետ գործ արվում է: Մենք Մանե Թանդլյանին չենք տեսնում, այ այդքան նա զբաղված է, նույնը Արտակ Զեյնալյանն է»: