Լրագրող, մեկնաբան Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է հանրային փորձարկման արդյունքները.
«Հունիսի 26-ին փորձեցի թեստային հրապարակում անել՝ հասկանալու համար, թե իմ լսարանը ազգային-պետական դիմակայունության առումով ի՞նչ հոգեբանական կարողություններ ունի։
Ցավալիորեն, նույնիսկ շատ զգոն և սթափ հայեր խայծը կուլ տվեցին՝ չնկատելով, որ հրապարակման առաջին իսկ բառը գրված էր «փորձաքննական»։ Իհարկե, եղան մարդիկ, ովքեր տեսան տողերի արանքում դրած ուղերձը և նույնիսկ հարցրին՝ «սա սոցհարցո՞ւմ է»։
Հրապարակման երկրորդ պարբերության մեջ ասում եմ, որ կորցրել ենք մեր անվտանգային համակարգերը։ Հետո խոսում եմ մեր պետականության առաջ ծառացած խնդիրների մասին, որոնք թշնամին օգտագործում է մեր դեմ՝ հանձնված ռազմավարական բարձունքներ, ջրային ռեսուրսներ, հայ գերիներ, խորհրդային անկլավներ, միջպետական ճանապարհների անվտանգություն։ Բոլոր թվարկումներից հետո նշում եմ, որ կտանք, ինչ թշնամին ուզի, միայն թե մենք ուրախ լինենք։
Պատկերացրեք, բազմաթիվ մարդիկ ոգևորված կարդացել են միայն դրականը՝ անտեսելով նշված սպառնալիքները։
Ամենավերջում խփում եմ դագաղի վերջին մեխը՝ «Եթե անգամ կորցնենք ամեն ինչ, միևնույն է, մենք ունենք սիրելի և արդար երկիր, ամենակարևորը՝ ունենք հույս, և մենք անպայման ապրելու ենք սոցիալապես ապահովված, ուրախ ու երջանիկ»։ Ասել է, թե հույսը և կուշտ լինելը գերադասում ենք պետության ու ազգի անվտանգությունից։
Եվ կրկին բազմաթիվ սրտիկներ ու ոգևորություն։ Սա մարդկային հոգեբանությանը հատուկ երևույթ է, երբ փակում են աչքերը դժվարությունների առաջ՝ գերադասելով տեսնել միայն հաճելին։ Երբ այդ ախտանիշը դառնում է համընդհանուր, ապա դա արդեն խոսում է ազգային իմունային համակարգի լրջագույն խնդրի մասին։
Զավեշտալի պատասխաններ ևս եղան․ «Կարող է՞ Հոխիկյանի էջը գողացել են», «Նիկոլ, դու ե՞ս», «Դու էլ վարակվեցի՞ր», և այլն։ Շատերը ի սկզբանե հեգնանք տեսան հրապարակման մեջ՝ բարձրաձայնելով այդ մասին։
Ընդհանուր առմամբ՝ երկու մեդիահարթակների արձագանքները հետևյալ կերպ են արձանագրվել՝
դրական (կորցնելով ամեն ինչ՝ չկորցնենք հույսը և սոցիալական ապահովությունը)՝ 943 մարդ՝ 55%
բացասական (կարևորը անվտանգությունն ու Արցախն է)՝ 768 մարդ` 45%:
Հաշվի առնելով հանգամանքը, որ իմ մեդիահարթակներում խստորեն ֆիլտրվում ու հեռացվում են ատելության խոսք տարածողներն ու հայրենիքի գաղափարը ծաղրողները, ապա չի բացառվում, որ սա այնքան էլ օբյեկտիվ պատկեր չի արտացոլում։ Վախենում եմ, որ իրականությունը շատ ավելի ցավոտ է»: