Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
21-րդ դարի առաջին տասնամյակից հետո Ռուսաստանին հաջողվեց դուրս գալ տնտեսական ճգնաժամից, վերականգնել ռազմական հզորությունը և իրագործել արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրած հիմնական նպատակները: 2016 թ. նոյեմբերի 30-ին Կրեմլը հրապարակեց նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը» : Այս հայեցակարգը ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների, գերակա ոլորտների, նպատակների և խնդիրների վերաբերյալ տեսակետների համակարգ է: Դրա իրավական հիմքը ՌԴ Սահմանադրությունն է, միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը, ՌԴ միջազգային պայմանագրերը, դաշնային օրենքները, ՌԴ նախագահի 2012 թ. մայիսի 7-ի թիվ 605 հրամանագիրը ՌԴ արտաքին քաղաքականության իրականացման միջոցառումների մասին, ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունը, ՌԴ ռազմական դոկտրինը, ՌԴ իրավական ակտերը, որոնք կարգավորում են պետական իշխանության դաշնային մարմինների գործունեությունը, արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև ՌԴ այլ նորմատիվ իրավական ակտեր:
ՌԴ ազգային շահերն ապահովելու և ազգային ռազմավարական գերակայությունները կյանքի կոչելու համար պետության արտաքին քաղաքականությունն ուղղված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը.
երկրի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովում, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների դիրքի ամրապնդում,
կայուն աճի և արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում` ՌԴ տնտեսության կայունության և մրցունակության բարձրացման, տեխնոլոգիական նորացման, բնակչության կյանքի մակարդակի և որակի բարելավման համար,
ՌԴ դիրքի ամրապնդում` որպես ժամանակակից աշխարհի ազդեցիկ կենտրոններից մեկի,
համաշխարհային տնտեսական հարաբերությունների համակարգում ՌԴ դիրքի ամրապնդում, ռուսական ապրանքների, ծառայությունների, ներդրումների հարցում խտրականության կանխարգելում, այդ նպատակների իրականացման համար միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հնարավորությունների օգտագործում,
հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորում, նրանց տարածքներում առկա լարվածության օջախների վերացմանը և բախումների առաջացման կանխարգելմանն աջակցում,
երկկողմ և բազմակողմ փոխշահավետ և հավասար գործընկերային հարաբերությունների զարգացում օտարերկրյա պետությունների, միջպետական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում` հիմնված անկախության և ինքնիշխանության, թափանցիկության, բազմավեկտորության և կանխատեսելիության սկզբունքների, պրագմատիզմի, հարգանքի վրա,
ՌԴ քաղաքացիների և արտերկրում բնակվող հայրենակիցների իրավունքների և օրինական շահերի համապարփակ արդյունավետ պաշտպանություն,
աշխարհում ռուսաց լեզվի գործածության շրջանակների ընդլայնում և դիրքի ամրապնդում, ազգային մշակույթի, ազգային պատմական ժառանգության և ՌԴ ժողովուրդների կրթության և գիտության ձեռքբերումների մասսայականացում, ռուսական սփյուռքի համախմբում,
համաշխարհային տեղեկատվական տիրույթում ռուսական զանգվածային հաղորդակցությունների ամրապնդում, կառուցողական երկխոսության, գործընկերության զարգացում, միջազգային գործընթացների վերաբերյալ ռուսական տեսակետի տարածում համաշխարհային հանրության լայն շրջանակներում:
Համաշխարհային ակտիվ քաղաքականություն վերադառնալու նպատակների իրագործման առումով ՌԴ-ն պատրաստ է օգտագործելու իր հնարավոր հզոր լծակները :
ՌԴ-ն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի (ԱԽ) 5 մշտական անդամներից է: Մշտական անդամակցությունը տալիս է վետոյի իրավունք, այսինքն՝ առանց նրա վերջնական համաձայնության` ՄԱԿ-ի ԱԽ մյուս գործընկերները չեն կարող բանաձևեր ընդունել, ինչը հնարավորություն է` պահպանելու իր տեղը համաշխարհային կարևոր խաղացողների ցանկում:
Հենց սա է պատճառը, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող նոր հայեցակարգում նշված է, որ ՌԴ-ն հետամուտ է ՄԱԿ-ի դերի բարձրացմանն ու ամրապնդմանը:
ԽՍՀՄ փլուզումից հետո էլ Ռուսաստանը շարունակում է տիրապետել աշխարհի՝ հզորությամբ երկրորդ ռազմական զինանոցին, որն աչքի է ընկնում արդիականացված միջուկային սպառազինությամբ:
ՌԴ-ն տիրապետում է նավթի ու գազի, բնական հանածոների հսկայական պաշարների, որոնք նույնպես նրան զարգանալու մեծ հնարավորություններ են ընձեռում: Այս գործոնը դեռևս շարունակում է կարևոր դեր խաղալ ՌԴ արտաքին քաղաքականության մեջ, քանի որ էներգակիրների մատակարարումների շնորհիվ ՌԴ-ն տնտեսական և քաղաքական որոշակի ազդեցություն է ձեռք բերում:
Աշխարհագրական դիրքը ևս մեծ դեր է խաղում, քանի որ ռուսական ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը մանևրելու մեծ հնարավորություններ են ստանում: Արևելքից արևմուտք ձգվող սահմանները ՌԴ-ին ընձեռում են տնտեսական լայն հնարավորություններ. դրանք Եվրոպան Ասիային կապող կամուրջ են:
Հայեցակարգի` արտաքին քաղաքականության տարածաշրջանային առաջնահերթությունների բաժնում առանձնակի նշվում է, որ «տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հնարավորություններն ուղղված են ազգային տնտեսության զարգացմանը, կառույցների գործունեությանը, որոնք նպաստում են Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը»:
ՌԴ հիմնական նպատակն է զարգացնել բազմակողմ և երկկողմ հարաբերություններ ԱՊՀ երկրների հետ, նպաստել ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն ծրագրերի իրագործմանը։
Միավորելով նախկին ԽՍՀՄ երկրները մեկ տնտեսական ու քաղաքական միավորի մեջ` Ռուսաստանը կարող է ինքնուրույն, հզոր կենտրոն դառնալ, որն այլընտրանք կդառնա Արևմուտքի և Արևելքի (չինական) մոդելներին: Կիրառվող գաղափարախոսությունը՝ Եվրասիականությունը ևս հետաքրքիր է ընտրված. այն հնարավորություն կտա հետագայում ԵԱՏՄ դռները բաց պահելու նաև Եվրասիա մայրցամաքի մյուս ժողովուրդների համար, որոնք հետաքրքրված կլինեն ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ կամ ինտեգրմամբ:
ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով:
«ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման 2008-2020 թթ. հայեցակարգը» ներառում է դրույթներ, որոնք միտված են եվրասիական ինտեգրման գործընթացներում ՌԴ դերի ամրապնդմանը և երկրի վերափոխմանը համաշխարհային տնտեսական հարաբերությունների կենտրոնի :
ԵԱՏՄ փաստաթղթերի շրջանակներում ինտեգրման խորացումն ու ընդլայնումը դիտարկվում է որպես կայուն զարգացման, տեխնոլոգիական նորացման, համագործակցության, ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և նրանց բնակչության կենսամակարդակի բարելավման միջոց: ԵԱՏՄ-ն տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավոր մեխանիզմներից մեկն է, որը ներգրավում է նոր ռեսուրսներ և տնտեսական զարգացում ապահովող մեխանիզմներ:
Ըստ ռուս փորձագետների` հարևան երկրները ՌԴ բնական գործընկերներն են, և այն պայմաններում, երբ ռուսական ապրանքների վաճառքի շուկաներն այնքան էլ մեծ չեն, անհեռատեսություն կլինի անտեսել դրանց ընդլայնման հնարավորությունները :
ՌԴ միջնաժամկետ հեռանկարում եվրասիական ինտեգրման գործընթացների արդյունավետության գնահատման առումով նշվում են հետևյալ գործոնները`
ներքին արտադրության ապրանքների շուկաների ընդլայնումը,
առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը,
միասնական ֆինանսական շուկայի ձևավորումը և ՌԴ-ի վերածումը աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկի,
արտաքին առևտրի հնարավորությունների ընդլայնումը,
երկրի տրանսպորտային ներուժի իրացման աստիճանը և տրանսպորտային ու նյութատեխնիկական ենթակառուցվածքների զարգացումը,
Միության անդամ պետությունների աշխատուժի հասանելիության և մարդկային ռեսուրսների զարգացման հնարավորությունների ընդլայնումը,
էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը:
o ԵԱՏՄ կարողությունը` խթանելու հայրենական արտադրողների շուկաների ընդլայնումը, արտադրական և համագործակցության շղթաների ձևավորումը և առևտրատնտեսական հարաբերությունների բազմազանեցումը:
ՌԴ-ն մեծապես շահագրգռված է ընդլայնելու ԵԱՏՄ միասնական շուկայի արտահանման ծավալները, ապահովելու ներքին արտադրողների ապրանքների անարգել ներթափանցումը անդամ երկրներ:
Ըստ մաքսային վիճակագրական տվյալների` 2020 թ. ՌԴ արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 571.9 մլրդ դոլար և 2019 թ. համեմատ նվազել է 15.2 %-ով: 2019 թ. ՌԴ արտահանման ծավալը կազմել է 424.6 մլրդ դոլար և 2018 թ. համեմատ նվազել է 6.0 %-ով: Ոչ ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է 87.4%, ԱՊՀ երկրներինը՝ 12.6%: 2020 թ. ՌԴ արտահանման ծավալը կազմել է 338.2 մլրդ դոլար և 2019 թ. համեմատ նվազել է 20.7 %-ով: Ոչ ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է 85.6%, ԱՊՀ երկրներինը` 14.4% :
2019 թ. և 2020 թ. ՌԴ արտահանման հիմքը ավանդական վառելիքաէներգետիկ արտադրատեսակներն են, որոնց մասնաբաժինը արտահանման ապրանքային կառուցվածքում 2019 թ. կազմել է 62.1%, 2020թ.՝ 49.6% :
2020 թ. տվյալներով՝ ՌԴ ներմուծումը կազմել է 233.7 մլրդ դոլար և 2019 թ. համեմատ կրճատվել է 5.7 %-ով: Ոչ ԱՊՀ երկրներին բաժին է ընկել 89.3%, ԱՊՀ երկրներին՝ 10.7%: Ներմուծման ապրանքային կառուցվածքում ամենամեծը մեքենաների ու սարքավորումների մասնաբաժինն է՝ 47.6% (2019թ.՝ 46.1%) :
Արտաքին տնտեսական դրության և արևմտյան պետությունների հետ հակամարտության հետևանքով տեղի է ունենում ՌԴ արտահանման հոսքերի աստիճանական վերակողմնորոշում. 2016 թ. ԵՄ-ի մասնաբաժինը 44.8%-ից նվազել է 42.8%, իսկ Չինաստանինը 28.1%-ից աճել է մինչև 30% : Ապրանքաշրջանառությունը երկու առանցքային գործընկերների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև 2019 թ. 166 մլրդ դոլարով պակաս է 2013 թ. համեմատ, իսկ 2020 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրեթե հավասարվել է (ԵՄ՝ 37.7%, ԵԱՏՄ՝ 37.02%) ։ Միաժամանակ աճում է ԵԱՏՄ-ի առևտուրը Չինաստանի հետ. առևտրի ծավալը կազմել է Միության ամբողջ արտաքին առևտրի 20.1%-ը, որը համադրելի է եվրոպական չորս առանցքային գործընկերների՝ Գերմանիա, Նիդերլանդներ, Իտալիա և Լեհաստան, ցուցանիշների հետ։
ՌԴ 2020 թ. արտաքին առևտրի կառուցվածքում ԵՄ մասնաբաժինը կազմել է ՌԴ առևտրի 38.5%-ը (2019թ.՝ 41.6%), ԱՊՀ երկրներինը՝ 12.9%-ը (2019 թ.՝ 12.2%), ԵԱՏՄ երկրներինը՝ 9.1%-ը (2019 թ.՝ 8.7%), ԱԽՏԽ երկրներինը՝ 33.8%-ը (2019թ.՝ 31.8%) :
o Միասնական ֆինանսական շուկայի ձևավորում և ՌԴ-ի վերածում աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկի և եվրասիական տարածքի առաջատար ֆինանսական կենտրոնի:
Համաշխարհային տնտեսության աճող ճգնաժամի համատեքստում ԵԱՏՄ երկրների կողմից քննարկվում են տնտեսական և ֆինանսական ոլորտներում համաձայնեցված և համակարգված քաղաքականություն վարելու հարցերը: Այս առումով քննարկվում է Ֆինանսական կայունության խորհրդի ստեղծման հարցը, որի հիմնական նպատակը պետք է լինի ֆինանսատնտեսական ոլորտում հիմնական քաղաքականությունների (ներառյալ մակրոտնտեսական, արժութային, դրամավարկային, հարկային և բյուջետային քաղաքականությունները) համակարգումը:
Հայեցակարգում նախանշված են միջազգային ֆինանսական կենտրոն ստեղծելու, ռուբլին տարածաշրջանային պահուստային արժույթ դարձնելու, արտաքին առևտրաշրջանառության մեջ ռուբլու օգտագործումն ընդլայնելու և եվրասիական տարածքի պետությունների ֆինանսական շուկաներում ՌԴ առաջատար դիրքն ապահովելու խնդիրները:
Միության պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության կարևորագույն գերակայությունը ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումն է : Այս խնդրի լուծումը թույլ կտա ապահովել կապիտալի արդյունավետ բաշխումը, դիվերսիֆիկացնել ռիսկերը, մեծացնել մրցակցությունը ֆինանսական ծառայությունների շուկայում և վերացնել փոխադարձ ընդունման խոչընդոտները: Տնտեսական ճգնաժամի և ֆինանսավորման արտաքին աղբյուրների հասանելիության սահմանափակումների պայմաններում ֆինանսական ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կդառնա լրացուցիչ խթան ԵԱՏՄ պետությունների տնտեսական աճի համար: Այդ նպատակին հասնելու համար երկրները աստիճանաբար կխորացնեն տնտեսական ինտեգրումը և կներդաշնակեցնեն օրենսդրությունը ֆինանսական շուկայում:
Ի սկզբանե Միության պետությունները պետք է համաձայնության գան ֆինանսական շուկաների մասնակիցներին ներկայացվող միասնական պահանջների շուրջ:
Միատեսակ պահանջները և վերահսկողության ընդհանուր մոտեցումները որակապես նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ քայլեր են ինտեգրում՝ ֆինանսական շուկայի մասնակիցների լիցենզիաների փոխադարձ ճանաչում, ԵԱՏՄ ողջ տարածքում ֆինանսական գործունեություն ծավալելու հնարավորություն :
Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման առանցքային ուղղություններից մեկը ԵԱՏՄ ընդհանուր բորսային տարածքի ստեղծումն է: Այն թույլ կտա էապես ընդլայնել ԵԱՏՄ պետությունների առևտրային և ներդրումային համագործակցությունը, մեծացնել ներդրումների և խնայողությունների հնարավորությունները:
Համաձայնագրով ազգային բորսաներին իրավունք է տրվում ճանաչելու բրոքերների և դիլերների՝ Միության պետությունների լիազորված մարմինների կողմից տրամադրված լիցենզիաները և ապահովելու դրանց հնարավորությունը` ուղղակիորեն մասնակցելու աճուրդներին՝ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների առքուվաճառքի պայմանագրեր կնքելու համար:
o Արտաքին առևտրի հնարավորությունների ընդլայնում:
ՌԴ-ն շահագրգռված է եվրասիական տարածքում հարևան երկրների, ինչպես նաև ԱՊՀ-ին ոչ անդամ երկրների հետ ազատ առևտրի գոտիների (ԱԱԳ) ստեղծմամբ: Ազատ առևտրի գոտին ոչ միայն ընդլայնում է ՌԴ-ից արտահանումների հնարավորությունները, այլ նաև թույլ է տալիս դիվերսիֆիկացնել ներմուծումը ռուսական շուկա, ինչը կարևոր է տնտեսական պատժամիջոցների և պարենային արգելքների համատեքստում:
2015 թ. մայիսի 29-ին ազատ առևտրի գոտու շրջանակներում ստորագրվել է համաձայնագիր Վիետնամի հետ: Որպես արդյունք՝ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2017 թ. աճել է 36%-ով` 2016 թ. 4.3 մլրդ դոլարից հասնելով 5.9 մլրդ դոլարի: Ներմուծումն աճել է 34.7%-ով, իսկ արտահանումը` 39.5%-ով :
2018 թ. մայիսի 14-ին Սոչիում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը` տնտեսական համագործակցության, ինտեգրման գործընթացների հետագա խորացման նպատակով:
2018 թ. մայիսի 24-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր եվրասիական և լատինամերիկյան տարածաշրջաններում տնտեսական կազմակերպությունների փոխհարաբերության շուրջ:
2018 թ. մայիսի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր, Կուբայի Հանրապետության և ԵՏՀ-ի միջև` փոխըմբռնման հուշագիր:
2017 թ. ԵԱՏՄ երկրների արտահանումը դեպի Եգիպտոս աճել է 63.1%-ով և կազմել 6.3 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 41.5%-ով և կազմել 589.9 մլն դոլար :
ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թ., 2016 թ. համեմատությամբ, աճել է 23%-ով` 8.8 մլրդ դոլարից հասնելով 10.8 մլրդ դոլարի:
ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել 2018 թ. մայիսի 17-ին: Միաժամանակ ազատ առևտրային գոտու շուրջ ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:
o Երկրի տրանսպորտային ներուժի իրացման և տրանսպորտային ու նյութատեխնիկական ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունների ընդլայնում:
Ինչպես 2011 թ. «Известия» թերթում հրապարակված իր հոդվածում նշել է Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինը, «մենք առաջարկում ենք հզոր վերազգային միավորման մոդել, որն ի զորու է ժամանակակից աշխարհի բևեռներից մեկը դառնալու և միաժամանակ հանդես գալու Եվրոպայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև արդյունավետ «կապի» հաղորդակցական ուղու
դերակատարմամբ»։
Ռուսաստանի Դաշնությունը, բացի սեփական տարածքները զարգացնելուց, շահագրգռված է նաև ԵԱՏՄ և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) հաղորդակցական նախագծերի իրագործմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում և ձգտում է նրանց համար դառնալու աճի և սոցիալ-տնտեսական զարգացման լրացուցիչ գործոն:
ՌԴ տարանցիկ ներուժի իրացման գաղափարը հնչել է ԵԱՏՄ և ՄՃՏԳ համատեղ հայտարարությամբ. 2014 թ. հոկտեմբերի 13-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը, «Ռուսական երկաթուղիներ»-ը, ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն և «Չինական երկաթուղիներ» կորպորացիան ստորագրել են համագործակցության հուշագիր արագընթաց երթևեկության ոլորտում` Մոսկվա-Պեկին եվրասիական արագընթաց տրանսպորտային միջանցքի վերաբերյալ, տրանսսիբիրյաներ երկաթուղու գործող («Гродеково-Суйфэньхэ», «Забайкальск-Маньчжоули») և հեռանկարային («Нижнеленинское-Тунцзян», «Благовещенск-Хэйхэ») հատվածներ: Այս երթուղու նյութատեխնիկական հնարավորությունների արդիականացումը դրական ազդեցություն կունենա ՌԴ հեռավորարևելքի սոցիալ-տնտեսական դրության վրա, Վլադիվոստոկի ազատ նավահանգիստը նոր խթան կհաղորդի զարգացմանը, Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ հարաբերություններին:
2017 թ. մարտին ԵՏՀ-ն հայտարարում է, որ կազմվել է առաջնահերթ նախագծերի ցուցակ, որոնք իրականացվելու են ԵԱՏՄ երկրների կողմից և աջակցելու են ՄՃՏԳ ձևավորմանը: Դրանցից 39-ը վերաբերում են նոր ճանապարհների կառուցմանը և եղած ճանապարհների արդիականացմանը, տրանսպորտային և նյութատեխնիկական կենտրոնների ստեղծմանը, տրանսպորտային առանցքային հանգույցների զարգացմանը :
Նախատեսվում է կառուցել «Մոսկվա-Կազան» արագընթաց երկաթուղին (ճանապարհի արագությունը` մինչև 400 կմ/ժամ, ճանապարհի ժամանակը՝ 3.5 ժամ), Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթգիծը և արդիականացնել Հայաստան-Իրան երկաթգիծը` թույլ տալով Հայաստանին Իրանի տարածքով անցնել Ղազախստան, Չինաստան և այլ երկրներ: Սակայն 2020 թ. նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» 9-րդ կետը անհավանական է դարձնում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հնարավորությունը, քանի որ նախատեսվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարություն։
Ըստ «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ (ОАО «РЖД») տվյալների՝ 2016 թ. արևելասիբիրյան ենթակառուցվածքի (ВСЖД) զարգացման մեջ ներդրումների ծավալը կազմել է 34 մլրդ ռուբլի: Ներդրումների ընդհանուր ծավալը 2017 թ. կազմել է 42.3 մլրդ ռուբլի, որից շուրջ 35.6 մլրդ ռուբլին նախատեսվել է ԲԱՄ-ի (БАМ) և «Տրանսսիբ»-ի (Транссиба) ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման համար :
Ներկայումս «Տրանսսիբ»-ը 10 հազար կմ երկարությամբ երկկողմանի էլեկտրաֆիկացված երկաթուղագիծ է՝ հագեցած տեղեկատվության և հաղորդակցության ժամանակակից միջոցներով, որը կապվում է Բայկալ-Ամուր (БАМ) մայրուղու հետ: Մինչև 2024-2025 թթ. նախատեսված է իրականացնել այս տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման համապարփակ ծրագիր` թողունակությունը մեծացնելով 1.5 անգամ` 180-210 մլն տոննա :
Ըստ փորձագիտական տվյալների՝ Չինաստան-Եվրոպա ցամաքային կամրջի ստեղծման հարցում գերիշխում է Կենտրոնական Ասիայի տրանսպորտային ուղղությունը զարգացնելու գաղափարը, այսինքն` ՌԴ տարանցիկ ներուժը դիտարկվում է միայն նրա կենտրոնական շրջանի օգտագործման առումով` Օրենբուրգ-Կազան-Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Եվրոպա կամ հեռանկարային տրանսպորտային միջանցք կառուցելու նպատակով` Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան :
2021 թ. փետրվարի 19-ին համաձայնեցվել է 2021-2023 թթ. Տրանսպորտային քաղաքականության իրագործման «ճանապարհային քարտեզը» : Քննարկվել են բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման, երկաթուղային տրանսպորտի ոլորտում կոնվենցիոն արգելքների ներմուծման և կիրառման, ինչպես նաև ավիաընկերություններին Միության երկրների միջև թռիչքների հավասար պայմանների տրամադրման հարցերը։ Այդ բոլոր հարցերը կարևոր նշանակություն ունեն տրանսպորտի ոլորտում ճյուղային շուկաների ձևավորման և ինտեգրացիոն գործընթացների խորացման համար։
«Ճանապարհային քարտեզ»-ում ներառված միջոցառումները զարգացնում են Եվրասիական տնտեսական միության պայմանագրի` տրանսպորտին և ենթակառուցվածքին վերաբերող դրույթները, հաշվի են առնվում ավտոմոբիլային, երկաթուղային և ջրային տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները, ապահովվում է տրանսպորտային քաղաքականության խնդիրների և գերակայությունների իրականացումը ։
Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցում, Միությունում տրանսպորտային էլեկտրոնային փաստաթղթերի ներդրում, խառը և բեռնարկղային փոխադրումների, ինչպես նաև եվրասիական տրանսպորտային միջանցքների, այդ թվում՝ տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների զարգացում։ Ենթադրվում է խոշոր չափերի և ծանր տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերահսկողության մեխանիզմի կատարելագործում, վտանգավոր բեռների փոխադրման համար անհրաժեշտ ընթացակարգերի սահմանում:
Ջրային տրանսպորտի ոլորտում շեշտը դրվելու է ներքին ջրային ուղիներով նավարկման կարգի կատարելագործման վրա։ Քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԵԱՏՄ երկրները կշարունակեն մինչև 2025 թ. ուղևորների և բեռների ավիափոխադրումների ժամանակ սահմանափակումների վերացմանն ուղղված աշխատանքը ։
o Աշխատողների տեղաշարժի խոչընդոտների վերացում և մարդկային ռեսուրսների զարգացում:
Բնակչության արագ ծերացման պայմաններում ազգային աշխատուժի անկումը կարող է արգելակել ՌԴ տնտեսության զարգացումը: Այս առումով միգրացիոն ռեսուրսը ձեռք է բերում կարևոր դեր: ՌԴ-ն շահագրգռված է հարևան երկրներից աշխատուժի ներհոսքով: Միևնույն ժամանակ երկրի արդիականացման և նորարարական տնտեսության ստեղծման անհրաժեշտությունը աշխատանքի որակի առումով որոշակի պահանջներ է ներկայացնում միգրանտներին, ուստի մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրը դառնում է ոչ պակաս սուր, քան աշխատանքային ռեսուրսների ներգրավման խնդիրը: Այդ առումով ամրագրվել են մի շարք համաձայնագրեր, համաձայն որոնց՝ Միության երկրների քաղաքացիներն իրավունք ունեն աշխատանքային գործունեություն իրականացնելու Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ցանկացած անդամ պետությունում :
ԵԱՏՄ շրջանակներում աշխատատեղերի միասնական շուկան մի շարք հնարավորություններ է բացում.
Առկա ընդհանուր աշխատանքային ռեսուրսների ավելի ռացիոնալ բաշխման հնարավորություն՝ կախված անդամ երկրների տնտեսությունների կարիքներից:
ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածության և սոցիալական տեղաշարժերի ավելի մեծ հնարավորություններ:
Հյուրընկալող երկրում սոցիալական ապահովության համակարգի առկայություն, աշխատանքային միգրանտների մուտքի հնարավորություն:
Միգրանտների մասնագիտական ներուժի իրացման հնարավորություն (կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչում):
Ընդունող երկրների աշխատանքային շուկաներում քաղաքացիների և միգրանտների միջև զբաղվածության առումով խտրականության վերացում:
Առաջին անգամ սահմանվել է կանոն, համաձայն որի՝ Միության անդամ պետությունների քաղաքացիները պետությունների սահմաններն անցնելիս իրենց արտասահմանյան անձնագրերում չեն լրացնում միգրացիոն քարտեր` պայմանով, որ տվյալ վայրում նրանց գտնվելու ժամկետը չգերազանցի մուտքի օրվանից հաշված 30 օրը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակել է կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցության միջազգային համաձայնագիր, որի հիմնական նպատակը կենսաթոշակային ապահովման ոլորտում հավասար իրավունքների և երաշխիքների ապահովումն է, կենսաթոշակը պաշտպանելը, ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը Միության ողջ տարածքում: Համաձայնություն է ձեռք բերվել կրթական բնույթի փաստաթղթերի ուղղակի ճանաչման շուրջ. Առանց որևէ ընթացակարգի սահմանվել են աշխատանքի շուկա ընդունվելը և գիտական կոչումների ճանաչման կարգը:
o Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծում:
ՌԴ-ն շահագրգռված է ավելցուկային էլեկտրաէներգիայի արտահանմամբ ինչպես ԵԱՏՄ երկրներ, այնպես էլ՝ արտաքին շուկա: ԵԱՏՄ երկրների և ՌԴ ընդհանուր շահերից է բխում էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումը, որպեսզի կարողանան ավելորդ էլեկտրաէներգիան արտահանել երրորդ երկրներ, ինչպես նաև բավարարել սեփական կարիքները: 2015 թ. մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Նախատեսվել է մինչև 2025 թվականը ստեղծել ածխաջրածնային հումքի ընդհանուր շուկա, գազի մատակարարման միասնական համակարգ, որին հավասար հասանելիություն կունենան Միության բոլոր երկրները:
Եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն է :
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ հաստատվել է ծառայությունների ցանկը, որոնք կգործեն մեկ շուկայի սկզբունքների համաձայն. Շինարարական ծառայություններ, ինժեներական ծառայություններ, գյուղատնտեսությանը վերաբերող ծառայություններ, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում ծառայություններ, հյուրանոցային և հասարակական սննդի ծառայություններ և այլն:
ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվում է պետական գնումների միասնական շուկա, ուր հավասար պայմաններով մուտք կունենան բոլոր երեք երկրների գործարարները: Սա կընդլայնի միմյանց պետական գնումների շուկաներ մուտք գործելու և մրցակցությունը մեծացնելու հնարավորությունները: Բացի այդ` ԵԱՏՄ պայմանագիրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին լիազորություն է տալիս աջակցություն տրամադրելու Միության անդամ պետությունների գործարար կառույցներին երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հարցում: Այն սահմանում է տնտեսության կարևոր ոլորտներում՝ տրանսպորտ, էներգետիկա, մակրոտնտեսություն, արդյունաբերություն և գյուղատնտեսություն, համակարգված քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Միության շրջանակներում իրականացվում է համակարգված ագրոարդյունաբերական քաղաքականություն, որի հիմնական նպատակն է բարձրացնել ագրոարդյունաբերական հատվածի մրցունակությունը, ծածկել գյուղատնտեսական ընդհանուր շուկայի կարիքները և արտահանման ներուժի զարգացումը:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների` 2014 թ. պարենային ապրանքների ու գյուղատնտեսական հումքի փոխադարձ առևտրի մասնաբաժինը աճել է 12.7%-ից 14%, մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների մասնաբաժինը` 20.4%-ից մինչև 20.7%, միաժամանակ նվազել է հանքային արտադրանքի, վառելիքի և էներգիայի մասնաբաժինը՝ 32.6%-ից 30.7% :
2015 թվականից մինչև 2019 թվականը արդյունաբերական արտադրությունը ԵԱՏՄ-ում աճել է 12.2%-ով, այդ թվում՝ 13.8%-ով մշակող արդյունաբերությունում։ Ընդ որում, դեղագործական արտադրանքի արտադրությունն ավելացել է 20.1%-ով, էլեկտրոնայինինը և օպտիկականինը՝ 12.7%-ով ։
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները 2020 թ. դեկտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատել են մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները : Այդ առումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տրվել են հետևյալ հանձնարարականները.
1. 2021 թ. 1-ին եռամսյակում հաստատել ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը:
2. Եվրասիականտն տեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի շրջանակներում մշակել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում փոխադրման ծառայությունների գնագոյացման և սակագնագոյացման հարցը։
3. Կյանքի կոչել ինտեգրացիայի հետագա զարգացման «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է 13 միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ 60-ից ավելի նորմատիվային իրավական ակտերի մշակում և ստորագրում, Միության մասին պայմանագրում շուրջ 25 փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև փոփոխություններ ԵԱՏՄ պետությունների ազգային օրենսդրություններում։
2020 թ. հունվարի 22-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ամփոփվել են ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքները : Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հունվարի 21-ին մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների դեսպանների հետ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Մոսկվայում կայացած հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2020 թվականին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, և նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ Ընդգծվել է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն բազմամակարդակ գործընթացների համադրման կարևորությունը։
Արփի Աբրահամյան