Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 28-ը՝ որպես տոն օր, առաջին հերթին իր մեջ պարունակում է ազգային պետության հիմնադրման խորհուրդը: Պետականազուրկ ազգը ենթակա է ոչնչացման թե՛ առարկայական իմաստով եւ թե՛ ենթակայական հատկանիշների ոչնչացմամբ: Ազգի պահպանման ու զարգացման հիմնասյան՝ պետականության տոնն է Մայիսի 28-ը:
Ավելի քան 600 տարի պետականազուրկ հայը մայիսյան հերոսամարտերի, դրան նախորդած կեսդարյա ազգային զարթոնքի շնորհիվ, բազում զոհաբերությունների, արյան ու քրտինքի միջով հիմնադրեց պետական համակարգ, որի շնորհիվ այսօր առկա է Հայաստանը, Սփյուռքում գոյատեւում է հայությունը եւ սերունդ է մեծանում հայեցի դաստիարակությամբª ինչպես հայրենի հողի վրա, այնպես էլ՝ արտերկրում:
Խորհուրդներով լի այս օրվա տոնակատարությունը բախվում է մեր դժգույն ու դժբախտ իրականությանը: Իշխանությունների ապիկարության, ազգադավության, ստորաքարշության հետեւանքով օրեցօր խարխլվում են պետականության հիմքերը:
Ազգային պետության գաղափարական հիմք հանդիսացող արժեքների դեմ ծավալված ստահակների պայքարը հասել է մի կետի, երբ գլխավոր ստահակը առանց քաշվելու հպարտանում է պարտությամբ, հպարտանում է այն բանի համար, որ ինքը դեռեւս այնքան աներես է, որ համարձակվում է երեւալ ժողովրդի աչքին եւ բարբաջել՝ փոշիացնելով վերջին հույսն ու հավատը: Բախվում են վեհ գաղափարներն ու ստահակությունը, ճիշտն ու սուտը, ազնվականությունն ու «ժեխը»: Եվ այս բոլորը տեղի է ունենում հայրենիքի կորստի, հազարավոր նահատակների, թշնամու մոտ գտնվող գերիների, ազնիվ հայի հոգու ալեկոծությունների ու տրտմության համայնապատկերում:
Լրատվական հարթակներում տարածվել է նահատակ զինվորների աճյունների լուսանկարը, որն արված է դիահերձարանի նկուղում: Կարծես թե կրկնվում է փետրվարյան ապստամբության նախօրյակին՝ 100 տարի առաջ, 1921թ. փետրվարի 16-17-ին կատարված ոճիրը, երբ բոլշեւիկների միջոցով թուրք դահիճների ձեռմաբ Երեւանի բանտի նկուղներում կացնահարվեցին ազգային, ռազմական եւ քաղաքական դաշնակցական գործիչները: Նման են 100 տարի առաջվա եւ այժմյան պատկերները: 100 տարի հետո ահա հասել ենք նույն կետին:
1921թ. փետրվարին ապստամբությունը դարձավ ելք՝ զսպելու բոլշեւիկյան սանձարձակությունը: Հայրենիքի փրկությունն այսօր եւս հրամայական է: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ բոլշեւիկյան մտայնությունը կրող «սրանք» իշխանության ղեկին են, անկումն ու նվաստացումն ուղեկցելու են մեզ:
Հավատարիմ մնալով պետականության վերակերտման Մայիսի 28-ի խորհրդին՝ անխուսափելի է դառնում վերջին երեք տարիներին պետականությանը հասցված վնասների վերականգնումը հայ ազգի եւ հայրենիքի լինելիությանն ի խնդիր: Ինչ գնով էլ լինի, Փետրվարյան ապստամբության օրինակով պետք է զսպել թրքաբարո դուրսպրծուկներին:
Տուզիկ շան նման միայն տան բակում հաչողը, իրեն «գելխեղդ» երեւակայողն ու այլոց առաջ գառան նման խեղճացողն այլ ելք չունի, բացի զբաղեցրած աթոռը թողնելուց: Այդ արարածը իր ազգադավ գործունեության համար վաղ թե ուշ պետք է կանգնի նախ բարոյական, եւ ապա՝ իրավական դատարանի առաջ:
Մայիսի 28 կերտող ազգը չի կարող հանդուժել իր զավակների արյունով ու քրտինքով կերտված հայրենիքի կործանումը:
«Ապառաժ»-ի խմբագրական
31 մայիս, 2021թ.