Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Սահմանադրական դատարանում շուրջ երեք ժամ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը բացատրություններ ներկայացրեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ: Նրա խոսքով` 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրվել են խախտումների եզակի դեպքեր, որոնք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է` ՍԴ-ում քննվում է Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի` 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:
Մուկուչյանը, անդրադառնալով ընտրողների մասնակցության ցուցանիշի շուրջ առաջացած աղմուկին, նշեց, որ ընտրողների ցուցակները հասանելի են եղել բոլորի համար: «Մինչ այս փորձ էր արվում շահարկել մասնակցության հարցը: Մասնակցության` իբր ուռճացված լինելու հետ կապված տարբեր վիճակագրություններ էին վկայակոչվում, և ինչքան հերիքում էր երևակայությունը, այդքան թիվ էին հնչեցնում: Անգամ միջնորդել են ստորագրված բոլոր ցուցակներն իրենց տրամադրել և այլն: Պատասխանը մեկն է` ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են դարձել, 1500 տեղամասերից իրականացվել է հեռարձակում, 20 օրից ավելի այդ ցուցակները հրապարակված են եղել ԿԸՀ կայքում, 20 օրվա ընթացքում ԿԸՀ-ն ունեցել է 200.000-ից ավելի քաղաքացիների այցելություն, ընտրությունների օրը ԿԸՀ կայքն ունեցել 120.000-ից ավելի այցելու, դրա համար կայքը ծանրաբեռնված է աշխատել: Սա նշանակում է, որ թե' այս ընտրություններին, թե' 2012 թ. ընտրություններին մասնակցության, այսպես կոչված, ուռճացված լինելու վերաբերյալ դատողությունները սին են, հորինված, երևակայական, ինչն, ըստ էության, այս անգամ էլ լիարժեք ապացուցվեց»,- հայտարարեց նա:
Մուկուչյանը գովեց ՀՀ ընտրական նոր համակարգը` նշելով, որ հայաստանյան ընտրական ինստիտուտի փորձին որևէ երկրում չի հանդիպել: «Դժվար է գտնել որևէ այլ կայացած պետություն, որտեղ կա ընտրողների ռեգիստր, որը միշտ հրապարակային է, քվեարկության ողջ ընթացքը հեռարձակվում է, ընտրատեղամասում ազատ տեղաշարժի որևէ սահմանափակում չի իրականացվել, ընտրատեղամասում գտնվող անձինք գրեթե առանց սահմանափակման տեսանկարահանում են իրականացրել, համացանցում հրապարակվում են քվեարկության բոլոր արդյունքները` ըստ տեղամասերի, ԿԸՀ նիստերը կայքում հեռարձակվում են ուղիղ: Ես չեմ հանդիպել որևէ երկրի փորձի, որտեղ այս բոլոր ինստիտուտները գործի են դրված»,- ասաց նա:
Մուկուչյանը խնդրեց Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը համարել անհիմն և ամբողջությամբ մերժել այն: