Քչերն են հիշում, որ օրեր առաջ լրացել է ՀՀ կառավարության գործունեության՝ վարչապետի կողմից հռչակված ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզի 6-ամսյա ժամկետը։ 2020 թ․ նոյեմբերին այս ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո շատերն ասում էին՝ թողե՛ք, թո՛ղ աշխատի։ Թողեցին․․․ Անցել է 6 ամիս, և որևէ ուղղությամբ (բացի մասամբ 14-րդ կետից), ըստ էության, նշված աշխատանքի վերջնարդյունքը չկա, մեծ մասի դեպքում նույնիսկ որևէ գործողություն չի արվել։
Քանիցս բարձրաձայնել եմ 11-րդ կետի ուղղությամբ՝ ժողովրդագրական խնդիրների աղետալի վիճակը։ Հիմա նորից նույն միտքը (թողե՛ք, թո՛ղ աշխատի) ասելուց առաջ կարդացեք ինքներդ այդ ճանապարհային քարտեզի դրույթների մեծադղորդ ցանկը և ձեզ համար փորձեք դուրս բերել նշված ուղղություններով կատարված որևէ իրական գործողություն․
«1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:
2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:
6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:
8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:
9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:
10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:
11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:
12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:
13. Մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:
14. Հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
15. Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»:
պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ