կարևոր
1597 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-20 18:19
Քաղաքական

Շարունակելու եմ պայքարի ընկերոջս՝ Մհերի գործը. նորընտիր պատգամավոր

Շարունակելու եմ պայքարի ընկերոջս՝ Մհերի գործը. նորընտիր պատգամավոր

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն Ազգային ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մանդատը տվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։

Արմինե Խերանյանը ծնվել է 1983 թ. Արարատի մարզի Այնթապ գյուղում: 2004 թ. ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի  բակալավրիատը, 2006 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Եղել է նույն ֆակուլտետի հայցորդ։ 2007 թվականից առ այսօր դասավանդում է «Քվանտ» վարժարանում, 2021 թվականից առ այսօր՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: 2017 թվականից ՀՅ Դաշնակցության անդամ է:

Yerkir.am-ը կարճ հարցազրույց ունեցավ նորընտիր պատգամավորի հետ.

- Տիկին Խերանյան, նախ ինչպիսի՞ զգացումներով եք ստանձնում պատգամավորական մանդատը, հաշվի առնելով, որ Մհեր Սահակյանը Ձեր կուսակցական ընկերն էր:

- Չափազանց ծանր ապրումներով. Մհերն իմ կուսակցական և գաղափարական ընկերն է, իմ պայքարի ընկերը, և ես ԱԺ չեմ գնում լրացնելու Մհերի տեղը, որն իրականում անհնար է լրացնել. դա մեծ և երբեք չլրացվող բաց է մեր ողջ կուսակցական ընտանիքի, «Հայաստան» դաշինքի և ինձ համար։ Ես պարզապես օրենքի ուժով ստանձնում եմ իմ պարտավորություններն Ազգային ժողովում

- Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք գնում Ազգային ժողով

- Գնում եմ համալրելու իմ թիմի կազմը և շարունակելու այն պայքարը, որը միավորել է մեզ։ Իմ գաղափարական ընկերոջ՝ Մհերի մանդատը վերցնելը մեծ ցավի հետ մեկտեղ նաև պարտավորեցնող է։ Փորձելու եմ պատվով անցնել այդ ճանապարհը՝ ընկերներիս հետ շարունակելով Մհերի գործը:

- Հատկապես ո՞ր ոլորտներում եք ակտիվություն ցուցաբերելու:

- Ամեն ինչ այնքան հանկարծակի եղավ, որ այժմ դժվարանում եմ անգամ այդ մասին խոսել: Ինքս ուսուցիչ եմ, դասախոս, ինձ համար հարազատ է հատկապես կրթության ոլորտը: Առաջիկայում կհստականա ամեն ինչ: