կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-17 13:34
Հասարակություն

Ադանան և հայերը անցյալից մինչ օրս

Ադանան և հայերը անցյալից մինչ օրս

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ելույթից  հետո դարձյալ օրակարգ բերվեց Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայի հարցը։ Երբ ասում ենք՝ Ինջիրլիք, հիշում ենք ԱՄՆ-ում հայերի կողմից հարուցված մի շարք դատական գործեր։ Եթե դրանց ավելացնենք նաև Ադանայի դատարաններում վերջին տարիներին հարուցված դատական գործերը, ապա  կգիտակցենք, որ Ադանայի և հայերի թեման առաջիկա օրերին հաճախ օրակարգ կբերվի։

Թաներ Թալաշ/ Ադանա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թ․ Օսմանյան կայսրության տարածքում իրականացված տեղահանության վերաբերյալ «ցեղասպանություն» բառի կիրառումը մեկնաբանվել է որպես թուրք-ամերիկայն հարաբերությունների ավարտ։

Ներքին քաղաքական դաշտում Բայդենի հայտարարությունը մեծ արձագանք գտավ։ Չնայած նախագահ Էրդողանը խուսափում էր պատասխանել ներքաղաքական ազգայնական և պահպանողական ուժերի արձագանքներին, Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարաություն տարածեց Ինջիրլիքի վերաբերյալ, որն առաջացրեց հետևյալ հարցը․ արդյո՞ք առաջիկա օրերի ընթացքում նոր պայմանավորվածություն կլինի Ինջրրլիքի համատեղ  գործարկման վերաբերյալ։ Ազգային պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ հատկապես ասել է․ «Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայի զինված ուժերին պատկանող օդային ուժերի ռազմաբազաներից մեկն է, թուրքական ռազմաբազա է։ Իր ողջ զինանոցով այն պատկանում  Թուրքիայի Հանրապետությանը։ Մեր փառահեղ դրոշը ծածանվում է այնտեղ 24 ժամ և երբեք չի իջեցվել»։

Այս հայտարարության առնչությամբ ազգայնական և պահպանողական շրջանակները Բայդենի հայտարարությունից հետո Ինջիրլիքի ռազմաբազայի փակման պահանջի իրավացիությունն ապացուցելու համար օրինակ բերեցին այն փաստը, թե 1975 թ․ Կիպրոսի գործողությունից հետո Ամերիկայի կողմից Թուրքիայի նկատմամբ ամբարգո կիրառելու պատճառով ժամանակաշրջանի վարչապետ Սյուլեյման Դեմիրելի՝  առաջին ազգայնական ճակատի կառավարության երկու ղեկավարներ Էրբաքանի ու Թյուրքեշի հետ կոալիցիոն կառավարության կողմից փակվեց Ինջիրլիքի ռազմաբազան։ Ապա հիշեցրեցին, որ Ամերիկայի համար ռազմաբազան վերագործարկեց հեղաշրջում իրականացրած գեներալ Քենան Էվրենը։ Այս բոլոր քննարկումները մեզ տարան 2010 թ․։

ԱՄՆ-ում Ինջիրլիքի ռազմաբազայի վերաբերյալ դատական հայցերը

2011 թ․ սեպտեմբերին «Վաթան» թերթի լրագրող Ուղուր Քոչբաշի հոդվածը վրդովմունք և անհանգստություն առաջացրեց։ Ըստ հոդվածի, Ադանայից ԱՄՆ գաղթած ընտանիքներից սերող Ամերիկայի քաղաքացիներ Կարպիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը 2010 թ․ հուլիսի 29-ին, իսկ Ալեքս Բաքալյանը, Անայիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյանը 2010 թ․ դեկտեմբերի 10-ին  Կալիֆորնիայի շրջանային դատարանում Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսության բանկի դեմ  երկու տարբեր հայցեր ներկայացրեցին՝ փոխհատուցում ստանալու պահանջով։ Պարոն Տիգրան և տիկին Քալինա անուններով հայերի մտերիմերն այդ դատական հայցով պնդում էին, որ Ինջիրլիքի ռազմաբազայի տարածքի մի մասը՝ ընդհանուր առմամբ 32 հազ․ 500 դյոնյում (հողի մակերեսի տարածաչափ, որը հավասար է 4047 մ2– Ակունք խմբ) տարածքի վրա հիմնադրված Ինջիրլիքի ռազմաբազայի 3․671 տոկոսը պատկանում է իրենց։ Չնայած երեք հայերի կողմից Կալիֆորնիայի դաշնային դատարանում հարուցված դատական հայցի ժամանակ ԱՄՆ ԱԳՆ-ի կողմից դիվանագիտական նոտայով Անկարային զգուշացում արվեց, «իր պարտավորությունները չկատարելու պատճառով հեռակա դատապարտվելու» վտանգի մասին Ուղուր Քոչբաշը նշում է իր  հոդվածում։ Ըստ դատական հայցի, Ալեքս Բակալյանի, Անայիս Հարությունյանի և Ռիտա Մահտեսյանի կողմից Թուրքիայի Հանրապետության, Գյուղատնտեսության բանկի և Կենտրոնական բանկի դեմ հարուցված դատական հայցով մեղադրող կողմը պնդում էր, թե 1915 թ․ Գյուղատնտեսության բանկի կողմից բռնագանձվել են 4 հողակտոր և տներ՝ ընդհանուր մեծությամբ 496 դյոնյում տարածքը, և պնդում էին, որ այդ բոլոր հողերը դեռևս ընկած են Ինջիրլիքի ռազմաբազայի տարածքում։ Դատական գործընթացի առաջին փուլում խնդիրը բավականին լուրջ չէր ընդունվում Անկարայի կողմից, սակայն երբ գործով առաջընթաց գրանցվեց, խնդրահարույց դրության առաջացման հավանականությունը տեսնելով, ԱՄՆ-ի նոտայի լրջությունը հասկանալուց հետո Թուրքիան պայմանավորվում է ԱՄՆ-ում իրավաբանական բյուրոյի հետ և ժամանակ խնդրում պաշտպանություն իրականացնելու համար։ Դատարանն այդ պահանջը բավարարում է։ Անկարայի երկար ջանքերից հետո Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսության բանկի դեմ հարուցված փոխհատուցման պահանջով երկու տարբեր դատավարությունները տևեցին 9 տարի, որոնց ավարտին  թե տեղական դատարանը, թե վերաքննիչ դատարանը ամերիկահայերի պահանջները մերժեցին։ Կալիֆորիայի վերաքննիչ դատարանն իր որոշումը «վավերականության ժամկետով» է հիմնավորել։ Վերաքննիչ դատարանից առաջ շրջանային դատարանը որոշում էր կայացրել, որ «հարցը պետք է լուծեն ոչ թե դատարանները, այլ՝ ընտրված մարդիկ»։

Այս ամենից հետո դատական գործի ավարտին  և ըստ այդմ գործելուն սպասող ընտանիքների վերաբերյալ ամերիկյան մամուլում տարածվում էր, թե Ադանայից գաղթած 13 ամերիկահայեր տարբեր պատճառներով իրենց իրավունքներն են պահանջելու Ինջիրլիքի տարածքում գտնվող հողերի նկատմամբ։

Ազգային պաշտպանության նախարարությունը կասկածու՞մ է, որ նոր դատավարություններ են լինելու

Վերևում համառոտ նկարագրված դեպքերը և դատական գործընթացները մեզ կրկին տանում են դեպի ԱՊՆ հայտարարություն։

Դեռ ավելին՝ դատական վճիռների մեջ ընտրված մարդկանց հղում տալը, ամերիկյան մամուլում տարածվող այն լուրը, թե դեռ 13 մարդու էլ դատական հայց է պատրաստվում ներկայացնել, ինչպես նաև նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը կարո՞ղ են ԱՊՆ-ի կողմից Ինջիրլիքի վերաբերյալ հայտարարության հիմնավորում լինել։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը կստանանք առաջիկա օրերին։

Այն, որ նախագահ Բայդենի հայտարարությունից հետո Ինջիրլիքի ռազմաբազայի փակման նախաձեռնությունն ավելի դժվար է լինելու, քան 1975 թ․, հասկանում ենք վերը բերված նկարից։ Նախագահ Էրդողանի խորամանկ հայտարարություններից երևում է,որ նոր դատեր կլինեն։

Նաև արձանագրենք, որ Ադանայի խնդիրը միայն Ինջիրլիքի ռազմաբազայով չի սահմանափակվում։  Ադանան Օսմանյան կայսրության տարածքում եղած այն քաղաքներից էր, որտեղ ապրում էր հայկական հոծ բնակչություն։ Բացի ժամանակակից պատմությունից՝ արդի պատմության մեջ տեղի ունեցած դեպքերը մեզ շատ բան են հիշեցնում Ադանայի հայերի գոյության մասին։

Ադանայի դատարաններում բացված դատական գործերը

Գնանք 1999 թ․, երբ Բեյրութում  ապրող լիբանանահայ Գևորգ Հաջերյանը Ադանայում  ցեմենտի գործարանի մոտակայքում գտնվող  Քաֆիրքան գյուղում իրենց պապերից մնացած հողերի գոյությունն է առաջ քաշել, ձեռքի տակ եղած սեփականության վկայականը որպես փաստաթուղթ ներկայացրել և 21․07․1999 թ․ Ադանայի դատարանում սեփականության որոշման համար դատական գործ հարուցել, որից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել։ Այդ դատավարությունը Ամերիկայում եղածների նման հանգիստ չի ընդունվել։

Ադանայի չորրորդ իրավասության դատարանի դատավոր Մուսա Ուֆուքթեփեի կողմից 21․07․1999 թ․ 999/55, 999/14 «տարբեր գործեր» անունով կիրառության մեջ դրված դատական գործի նյութերում հայցորդ Հաջերյանի՝ այդ ժամանակվա արժույթով 3,6 մլն լիրա Ֆինանսների նախարարությանը փոխանցելը, փորձագետ Ֆազլը Աշքարին 27․07․1999 թ․ ի վեր 10 մլն լիրա վճարելուց հետո դատավոր Ուֆուքթեփեի ընդունած վճիռը Ադանայում շոկային արձագանքների պատճառ են դարձել։

Դատավոր Մուսա Ուֆուքթեփեն 23․07․1999 թ․ որոշում է, որ խնդրո առարկա տարածքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն է անհրաժեշտ, որից հետո Ադանայի Առաջին շրջանային հողերի ռեգիստրի պետ Հազըմ Օզսայդըի կողմից զեկույցի ներկայացման համար 15 օր ժամանակ են խնդրում, այդ ընթացքում արված ուսումնասիրությունների և փորձագետ Ֆազլը Աշքարի կողմից էլ դատարան ներկայացված փաստաթղթի համաձայն՝ որոշվում է, որ Թեշրինիսանի 338 (1922) թվագրված փաստաթղթով Սարրաֆդամը, Բաքըրսընդը և Քարայուսուֆլու թաղամասերում ընկած տարածքները պատկանում են հայցորդ Գևորգ Հաջերյանին։ Այդ վճիռը պատճառ է լինում, որ դատավորի և որոշման կայացման գործում ներդրում ունեցած ցանկացած անձի համար սկսվեն դժվարին օրեր։

Դատավոր Ուֆուքթեփեի հետ տեղի ունեցած դեպքերը

Երբ Ադանայի թեմային նվիրված գրքերով հայտնի Ջեզմի Յուրթսեվերը ներգրավվում է գործում, Ազգային ուժերի ասոցիացիայի անդամների գլխավորությամբ՝ Հայկական հարցի վերաբերյալ «զգայուն» որոշ այլ կազմակերպությունների և մարդկանց մեկնաբնություններից հետո Մուսա Ուֆուքթեփեն աքսորվում է Հաքյարի։ Որոշմանն ընդդիմացած Ուֆուքթեփեն, հայտարարում է, որ չի գնալու Հաքյարի և հրաժարական է տալիս։ Նա որոշում է փաստաբանական գործունեություն ծավալել, որից հետո Ուֆուքթեփեին մի հարված էլ հասցնում է Ադանայի փաստաբանների միությունը։ Վերջինս, այն հիմնավորմամբ, որ Ուֆուքթեփեն Ադանայում  դատավոր է եղել, չի ճանաչում նրա փաստաբանական գործունեության իրավունքը։

Դատավոր Մուսա Ուֆուքթեփեին իրական շոկային հարվածը հասցնում է Դատավորների և դատախազների միությունը։ 2004 թ․ հունվարի հրամանագրով Ուֆուքթեփեն հեռացվում է աշխատանքից։ Նույն տարում Ադանայում աշխատանքից ազատվել է ևս մեկը՝ Ինջիրլիքի ռազմաբազայի՝ ԱՄՆ-ի կողմից գործարկումը թույլ տված հեղափոխական գեներալ Քենան Էվրենին դատելու համար մեղադրական պատրաստած հանրային դատախազ Սայիթ Քարասուն։ Դատավոր Մուսա Ուֆուքթեփեի վերաբերյալ որոշումը Դատավորների և դատախազների միությունը կասեցնում է 2011 թ․ ապրիլի 26-ին, դատախազ Սաջիթ Քարասուի վերաբերյալ որոշումը ևս կասեցվում է։ Նրանց իրավունքները հետ են վերադարձվում, սակայն Ուֆուքթեփեին թույլ չեն տալիս դատավորի գործունեությունը շարունակել։ Նա Ադանայում շարունակում է փաստաբանական գործունեություն ծավալել։

Ի՞նչ պատահեց Սեփականության գրանցման կառույցի տնօրենի հետ

Խնդրով սեփականության գրանցման փաստաթղթերի գործով Սեյհանի շրջանի հողային ռեգիստրի ղեկավար Հազըմ Օզսայդըն Ադանայի երրորդ քրեական դատարանում Թուրքիայի քրեական օրեսգրքի 340-րդ կետով նախատեսված «Ճշմարտությանը չհամապատասխանող պետական փաստաթուղթը կեղծելու և պաշտոնը չարաշահելու» մեղադրանքով 5-12 տարվա ազատազրկման դատապարտվելու համար դատական գործ է հարուցվում։ Երկարատև դատավարությունից հետո Օզսայդըն արդարացվում է։ Թեման Ադանայում և հասարակության մեջ տարածած և դատավոր Մուսա Ուֆուքթեփեի, դատական փորձագետի, հողային ռեգիստրի տնօրենի վերաբերյալ շատ լուրջ մեղադրանքներ հնչեցրած գրող Ջեզմի Յուրթսեվերին պարտավորեցնում են փոխհատուցում վճարել, և հաշիվների վրա արգելք են դնում։ Այդ վիճակին ընդդիմացած մի խումբ բժիշկների կողմից փոխհատուցումները վճարվում են, և Յուրթսեվերի հաշիվների վրա եղած արգելքը հանվում է։

Քոզանում (Սիս- Ակունք խմբ) մի նոր դատական հայց

2019 թ․ օգոստոսին կենտրոնական Լիբանանում մի հայկական հիմնադրամի կողմից Քոզանի առաջին իրավասության դատարանում սեփականության վկայականի չեղարկման և վերագրանցման համար դատական գործ է հարուցվում Ադանայի Քոզան նահանգում գտնվող պատմական Քոզան ամրոցի փեշերին ընկած Սսի վանքի սեփականության վկայականը իրենց տալու պահանջով։ Ըստ մեղադրականի, 1920 թ․ հունիսի 2-ին շրջանը լքած հայերը Քոզանի ամրոցի փեշերին գտնվող պատմական Սսի վանքը պահանջում էին իրենց վերարդարձնել ։

Ավելի վաղ էլ Սսի վանքն իրենց վերադարձնելու համար Կիլիկիո հայոց կաթողիկոսարանը 2015 թ․ մայիսի 28-ին Սահմանադրական դատարան է դիմել, իսկ երբ վերջինս մերժել է հայցը, գործը տեղափոխվել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան։

Հայկական եկեղեցու գլխավոր չորս հոգևոր կենտրոններից մեկը հանդիսացող Կիլիկիո հայոց կաթողիկոսարանը հայերեն Սիս անվանվող Քոզանում վանքի և պատմական Սիսի հայկական կաթողիկոսարանի տարածքի վերադարձի համար Եվորպայի մարդու իրավունքների դատարան է դիմում, որից հետո  գործը փոխանցվում է տեղական դատարանին։

Քոզանի երկրորդ վարչական դատարանում հարուցված դատական գործով 2021 թ․ մարտի 30-ի նիստի ժամանակ դատարանը նախաքննության փուլի ավարտելու և հետաքննության փուլին անցնելու վերաբերյալ որոշում է կայացնում։ Սսի կաթողիկոսարանի փատաբան  Ջեմ Սօֆուօղլուի տված տեղեկության համաձայն՝ Քոզանի քաղաքապետարանի կողմից կաթողիկոսության վերաբերյալ առաջ քաշված «չկա իրավաբանական անձ», «օտար կառույց է» «ավանդ թող տա»-ի նման պնդումների վրա դատարանը ուշադրություն չի դարձրել։ Ըստ Սօֆուօղլուի, դատարանն, ապացույցների հավաքման որոշում կայցնելով, կաթողիկոսարանին որպես կողմ է ճանաչել, որը շատ կարևոր զարգացում է։  Դատարանը վերը նշված կառույցը օտար չի համարել և նշել է, որ ավանդ վճարելու անհրաժեշտություն չկա։

Երջանկություն կուսակցության անդամ քաղաքապետը հակադարձում է

Քոզանի քաղաքապետ, Երջանկություն կուսակցության անդամ Քազըմ Օզգանը  Բայդենի հայտարարությունը որակել է որպես «անխոհեմություն», և հայերի կողմից Քոզանում հարուցված դատական հայցի առնչությամբ ասել է․ «Ես հին Քոջաքաբասաքալ գյուղից եմ։ Պապերս ապրել են Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Այստեղ տեղի ունեցածների մասին լսել եմ ականատեսներից։ Այստեղ գազօջախներում մարդկանց ողջ-ողջ այրելու մասին բոլորը գիտեն։ Ադրբեջանում տեղի ուենցածներն էլ են հայտնի։ Թուրք ժողովրդի պատմության մեջ դաժանություն և ցեղասպանություն չի իրագործվել։ 1930-ական թթ․ հետո պետական բյուջե մտնելուց առաջ նրանց ծանուցվել է։ Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը 6 ամիս ժամանակ էր տվել։ Այդ ընթացքում ոչ մեկ չի դիմել։ Տարիներ են ացնում, մեկի դրդմամբ դատական հայց է ներկայացվում։ Չեմ կարծում, թե որևէ բան ստացվի։ Ես դրա համար ասում եմ․ «Գնա՛ այստեղից», ժողովրդի ջանքերով, արյամբ ստացված հողեր են։ Մեկ  քառակուսի չէ, մի կաթիլ հող չկա նրանց տալու»։

Քոզանի երկրորդ վարչական դատարանը այդ քննարկումների ստվերում հաջորդ դատական նիստը տեղափոխում է 2021 թ․ մայիսի 5-ին։ Սակայն ակնկալվում է, որ այն կհետաձգվի, քանի որ համընկնում է հենց փակվելու շրջանի հետ։

Հարցեր, որոնք պատասխանների են սպասում

Հետաքրքրությամբ սպասում ենք Քոզանի դատարանի վճռին, իհարկե որոշում կայացնող դատավորները գիտեն, թե ինչեր են տեղի ունեցել Ադանայում նմանատիպ դատավարությունների ժամանակ։

Ադանայում  առաջացած միակ հարցը չէ դա։ Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից ո՞ր քայլերը կարվեն, ԱՊՆ-ի հայտարարության թեմայով որքա՞ն հետաքրքրություն կա, Ադանայում գտնվող հայկական գույքի հետ կապված ԱՄՆ դատարաններում այլ դատական գործեր կբացվե՞ն, թե՞ ոչ․ հարցեր, որոնց պատասխաններին սպասում ենք հետաքրքրությամբ։

Որպես վերջաբան նշեմ, որ երևում է, թե Ադանայի և հայերի թեման մոտակա օրերին հաճախ է տեղ զբաղեցնելու հասարակության օրակարգում։

https://serbestiyet.com/haberler/dunden-bugune-adana-ve-ermeniler-59115/

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net