կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 13:55
Տարածաշրջան

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծով բեռնափոխադրումները կրկնապատկվել են

Այս տարվա առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումները կազմել են 154 836 տոննա կամ 2468 վագոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 000 տոննայի դիմաց:

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության՝ երկաթուղային բեռնափոխադրումներն ամեն տարի ավելի մեծ նշանակություն են ստանում:

ԲԹԿ-ի միջոցով կոնտեյներային փոխադրումներ են իրականացվում դեպի Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, ինչպես նաև Ռուսաստան և Չինաստան: Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուի խոսքով՝ Սուեզի ջրանցքում վերջերս տեղի ունեցած ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց Միջին միջանցքի կարևորությունը: 2020 թվականին ԲԹԿ-ի և Միջին միջանցքի երկայնքով փոխադրված բեռների ծավալը, նախորդ տարվա համեմատ, աճել է 104 տոկոսով`կազմելով 396,778 տոննա:

«ԲԹԿ-ն դարձել է նոր ուղղություն աշխարհի երկաթուղային փոխադրումների համար: Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին՝ ԲԹԿ-ի և Միջին միջանցքի միջոցով բեռնափոխադրման պահանջարկը զգալիորեն աճել է: Եվրոպայի և Չինաստանի միջև առևտուրը տարեկան կազմում է մոտ 710 միլիարդ դոլար: Այն երկրները, որոնցով անցնում է Միջին միջանցքը, հսկայական օգուտ կստանան ապրանքների փոխադրումից»:

ԲԹԿ-ն բացվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին: Երկաթուղին միացնում է Ասիայի և Եվրոպայի երկաթուղային ցանցերը: Սա ամենակարճ ճանապարհն է ոչ միայն 3 երկրների, այլև Ասիայի և Եվրոպայի միջև։

ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը 846 կմ է: Երկաթուղու 504 կմ անցնում է Ադրբեջանի տարածքով, 263 կմ Վրաստանի տարածքով, իսկ երկաթուղային գծի 79 կմ անցնում է Թուրքիայով: