Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Ցեղասպանության ճանաչումը նաև հնարավորություն կտա իրավական գործեր հարուցելու ԱՄՆ դատարաններում Թուրքիայի դեմ հատուցման հարցերով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ գործադիր իշխանության ճանաչումից հետո ավելի հեշտ կլինի դիմել դատարաններ, քանի որ մինչ այս դատարանների որոշումներ կան, որ ասում են՝ դա արտաքին քաղաքականության հարց է, և այդ պատճառաբանությամբ հայցերը կասեցվել են կամ սառեցվել։
Կիրո Մանոյանը նշեց, որ այս տարի ԱՄՆ հայ համայնքի կողմից ավելի քան մեկ միլիոն նամակներ են ուղարկվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 115-ից ավելի անդամներ նամակով դիմել են նախագահ Բայդենին, 4 տասնյակ սենատորներ նույն դիմումով են հանդես եկել։
«Ինչո՞ւ է կարևոր այս տարին, որովհետև ընդհանրապես նախագահը նման քայլեր եթե պիտի կատարի՝ ԱՄՆ գործադիր իշխանության քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություն պիտի մտցնի, արդեն իր առաջին տարվանից դրա ազդանշանը պետք է տա, քանի որ դրանից հետո շատ հարցեր կխճողեն։ Եթե անելիք ունի՝ հիմա պետք է անի։ Դա ցույց տվեց նաև նախագահ Օբամայի չարածը՝ առաջի տարին երբ չարեց, պարզ է, որ հետագային չի անելու։ Այս տարի այդ իմաստով կարևոր է, որ ցույց տա նախագահ Բայդենը, եթե դիրքորոշման փոփոխություն լինելու է»,-ասաց Կիրո Մանոյանը։
Նա վստահեցրեց, որ եթե Բայդենը ասի «Ցեղասպանություն» բառը, դա միայն նախագահի խոսք չի լինի, այլ ԱՄՆ գործադիր իշխանության քաղաքականության փոփոխություն։
«Հիմա հնարավոր չէ ասել՝ կարտաբերի՞ այդ խոսքը, թե՞ ոչ, որովհետև ամերիկյան օրաթերթերի հաղորդումները, որ՝ Բայդենը այս տարի կփոխի կեցվածքը, չեմ կարծում, որ շատ անհամընթաց է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնայների կարծիքին, քանի որ այդպես նախապատրաստում են միջավայրը մեզ համար և թուրքերի համար»,-ասաց նա։
Կիրո Մանոյանը համարում է, որ ԱՄՆ-ը արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ երկու պալատները ճանաչել են։
30 պետություն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ Կիրո Մանոյանն ասում է՝ այստեղ հարցն այն է, թե նպատակն ի՞նչ է Ցեղասպանության ճանաչման։ Սառը պատերազմի տարիներին ճամբարներից մեկում բնակվող հայությունը պահանջում էր, որ ճանաչումից հետո յադ հողերը միացնենք Հայաստանի պետական կազմավորմանը՝ Խորհրդային Հայաստանին, մյուս մասն էլ ասում էր՝ այդ տարածքները պետք է միացնեն հայ ժողովրդին։ Այդ տարիներին բարդ էր հարցը։ Այնինչ այսօր հստակ է, որ տարբեր պետությունների կողմից տարբեր մակարդակներով Ցեղասպանության փաստի ճանաչումը դառնալու է ճնշում Թուրքիայի վրա, որպեսզի ընդունի իր պատասխանատվությունը և հատուցի հայ ժողովրդին։
Կիրո Մանոյանը նաև ընդգծեց, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը կդյուրացնի մեր գործը մինչև այսօր չճանաչած պետությունների հետ աշխատանքում։
«Մինչև այսօր, օրինակ, Իսրայելը չի ճանաչել Թուրքիային չանհանգստացնելու համար, բայց եթե ԱՄՆ գործադիր իշխանությունը անտեսի Թուրքիայի նվնվոցը, ավելի հեշտ կլինի նաև Իսրայելի հետ աշխատելը»,-պարզաբանեց նա։
Կիրո Մանոյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ ներքաղաքական գործընթացները արտառոց վիճակի մեջ են դրել Ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվողներին։
«Շատ հարցերում պատերազմի ավարտից հետո ՀՀ արտգործնախարարությունը մեկ բան է ասում, ՀՀ վարչապետի գրասենյակը կամ ԱԺ քաղաքական գրասենյակը ուրիշ բան է ասում․ մի կաողմից ԱԽ քարտուղարն ասում է, որ մենք մեր ասածների մեջ տարածաշրջանում պետք է շտկումներ կատարենք և այդ ուղղությամբ աշխատում ենք, ԱԳՆ-ն ասում է՝ ես տեղյակ չեմ շտկումերից, մեկ կողմից ասվում է՝ պետք է խոսենք չթշնամանքի մասին, մյուս կողմից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հստակ ասում է, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից ճանաչումը տարածաշրջանում անվտանգության իմաստով դրական ազդեցություն կունենա։ Հակասությունը հենց գաղափարական մոտեցման մեջ է»,-ասաց Կիրո Մանոյանը։
Նա համոզված է, որ այս իշխանություններով ՀՀ-ն, ցավոք, այս տեսանկյունից համեմատաբար դրական տրամադրությունները ցանկության դեպքում էլ չի կարող լավագույնս օգտագործել։