Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետաքրքիր զուգադիպություն է, որ այսօր, Հայաստանի ու հայության համար շատ թանկ արժած ռուս֊թուրքական Մոսկվայի պայմանագրի ստորագրության 97-րդ տարելիցի օրը, անկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, մենք Հայոց ցեղասպանության հատուցման հարցերն են քննարկում։ Այս պայմանագիրը քննարկման նյութ է եղել Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդում, 1989 թ. սեպտեմբերի 23-ի (համար 1602-XI) որոշումով, երբ կազմվել է «1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի քաղաքական եւ իրավական գնահատման հանձնաժողով»՝ պրոֆ. և պատգամավոր Հրաչիկ Սիմոնյանի գլխավորությամբ։ Թեև այդ հանձնաժողովը այդպես էլ իր եզրակացությունը չի հրապարակել, այդուհանդերձ, այդ քննարկումը քաղաքական կարևոր նշանակություն ունի, որովհետեւ փաստացի արտահայտում է այդ պայմանագրի նկատմամբ հայության մոտ առկա դժգոհությունը, որն արտահայտվել է նաև նախորդող տասնամյակներին՝ թե՛ Խորհրդային Հայաստանի իշխանությունների, թե՛ Սփյուռքում գործող բազմաթիվ կազմակերպությունների և ընդհանրապես հայ ժողովրդի կողմից։ (Այս տեսանկյունից, կարևոր է, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կողմից վերջերս լույս տեսած Արման Կիրակոսյանի «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական հարաբերությունները 1945-1946թթ. դիվանագիտական փաստաթղթերում» գրքի անգլերեն տարբերակը։ Ռուսերեն տարբերակը լույս էր տեսել 2010 թվականին, Հայաստանի Ազգային Արխիվի կողմից) 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հայության, Հայաստանի վերաբերվող տրամադրությունները հիմնականում առնչվում են Հայաստան-Թուրքիա սահմանին և Նախիջևանին։ Թեև Հայաստան-Թուրքիա սահմանի խնդիրը ուղղակի չի բխում ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվեցիայից, այդուհանդերձ 1920 թվականի օգոստոսի 10 Սևրի պայմանագիրը եւ ԱՄՆ նախագահ Վուտրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի իրավարար վճիռը հիմնականում նպատակ են հետապնդել մեղմացնել ցեղասպանության պատճառով հայ ժողովրդի կրած կորուստներն ու հետևանքները։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը արժևորում է այդ փաստաթղթերի նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։ Համահայկական հռչակագրից առաջ իսկ, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների օրը, 2009թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ Նախագահը հաստատել է Հայաստան-Թուրքիա սահանների հարցի առկայությունը, ասելով՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն»։
Նույն արձանագրությունների մասին, ՀՀ Սահմանադրական Դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը ևս անդրադարձել է այս հարցին, ակնարկելով «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի» մասին։ Նույն տարվա նոյեմբերի 20-ին, ՀՀ նախագահը կարևորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ Իրավարար վճիռը, ասել է. «Քսաներորդ դարի պատմության մեջ [այդ վճիռը] մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը եւ վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետեւանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում եւ ամրագրվում էին Հայաստանի սահմանները» (…): Այսօր, երբ արդեն Հայաստանը առ ոչինչ է հայտարարել Հայաստան-Թուրքիա 2009 թվականի արձանագրությունները, պահպանվում են ՀՀ նախագահի յայտարարություններն ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։
Հայաստանի անկախ պետականության առկայության պայմաններում, Միջազգային իրավունքի համաձայն, այդ տարածքների իրավատերը Հայաստանի Հանրապետությունն է։ Որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի չցուցաբերելու այնպիսի կեցվածք, որը կվտանգի այդ իրավատիրությունը։ Ընդհակառակը, անհրաժեշտ է այնպիսի պահվածք և գործունեյություն, որը մշտապես կհուշի այդ իրավատիրության մասին։ Սա չի նշանակում պատերազմ հռչակել Թուրքիայի դեմ. սա նշանակում է իրավատերը մնալ այն ամեն ինչին, որը միջազգային համայնքը, միջազգային իրավունքի համաձայն, ճանաչել է որպես Հայաստանի կենսունակության համար անհրաժեշտ։ Ճիշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունից ի վեր երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային, միաժամանակ՝ երբեք չի հրաժարվել այդ իրավունքից։ Առավելագույնը որ ասվել է այն է, որ այսօր նման խնդիր չկա Հայաստանի օրակարգում։ Իսկ դա չի նշանակում, որ վաղը չի լինելու։
Իրականում, այս խնդիրը Հայաստանի Հանրապետության համար առաջնային է դարձել, երբ Թուրքիան է ուզեցել այն դարձնել այդպիսին՝ առկա փաստացի սահմանները որպես իրավական սահման ճանաչելու իր պահանջով։
Հայաստանի պետականության վերականգնման 100-ամյակը լավ առիթ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը աշխարհին հիշեցնի իր իրավատիրության մասին. դա կարող է դրսևորվել տարբեր քաղաքական քայլերով՝ Կառավարությունը, Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի, քաղաքամայր Երևանի եւ կամ այլ լիազոր մարմինների ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Նման կեցվածքը համահունչ կլինի ՀՀ Սահմանադրության հիմքը հանդիսացող 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրով արտահայտված այն կեցվածքին, որ գիտակցում է «իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում»։
Հայ հասարակությունը հայկական քաղաքական, եկեղեցական և այլ կառույցների ու կազմակերպությունների միջոցով կարող է և պետք է զորավիգ կանգնի Հայաստանի Հանրապետության նման քայլերին։ Սակայն, հասարակական նախաձեռնություններ, ի՛նչ անունով էլ նրանք հանդես գան, չեն կարող փոխարինել միջազգային իրավունքի հայկական միակ սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը, կամ որպես իրավատեր ներկայանալ նրա միջազգային իրավունքներին եւ պարտավորություններին։
Պետք է արձանագրել, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների եւ Հայոց Ցեղասպանության հատուցման խնդիրների հետապնդումը չի ենթադրում նախ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչում, թեեւ նման ճանաչումը պարզ է, որ կհեշտացնի այդ հարցերի արծարծումը։ Առավել, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքներն ու պահանջները Թուրքիայից չսկսեցին, հետեւաբար նաեւ չեն սահմանափակվու 1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով։ Վերջապես, այդ ուղղությամբ աշխատանքները ոչ միայն իրավական են, այլ նաեւ՝ քաղաքական։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրով ուրվագծվել է հայ ժողովրդի իրավունքների, պահանջների շրջանակը՝ անհատական, համայնքային եւ համազգային։ Գործել եւ գործում են մի շարք կառույցներ, կենտրոններ՝ մշակելու այն կոնկրետ, հստակ հիմքերն ու ուղիները այդ իրավունքների հետապնդման համար։ Առնվել են նաեւ որոշ նախնական, մասնակի քայլեր։ Այս տեսանկյունից անհրաժեշտ, բայց ոչ-բավարար քայլ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի 2013թ. ապրիլի 24-ի համատեղ հայտարարությունը, որով, մասնավորաբար, Թուրքիայից պահանջվում է վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածներն ու հոգեւոր-մշակությաին արժեքները։ Այս ուղղությամբ, քաղաքական կարեւոր քայլ էր նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 2011թ. դեկտեմբերի 13-ի (թիվ 306) բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում քրիստոնէական, ներառյալ՝ հայկական բոլոր եկեղեցիները, եկեղեցական կալվածներն ու ունեցվածքները վերադարձնել իրենց պատմական իրաւատերերին։
Նման քայլերից է նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության հարուցած դատական գործը՝ վերադարձնելու համար կաթողիկոսության Սիսի նստավայրը։ (Այս մասին կարճ կանդրադառնամ վերջում)։ Նման քայլ կարելի է համարել նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքության ջանքերը, վերատիրանալու Թուրքիայի այսօրվա սահմաններում գտնվող իր կալվածներին. այս ուղղությամբ պետք է արտայայտել գործընթացի մասին ոչ մի հրապարակային զեկուցում չտալու վարքի նկատմամբ առկա մտահոգությունը։
Կենսական է, որ այս ուղղությամբ առնված ու առնվող իրավական թե քաղաքական քայլեր, հատկապես՝ անհատական վնասուց հատուցման նպատակով անհատ հայերի կողմից հարուցված դատեր չխոչընդոտեն մեր ազգային պահանջատիրությանը, ինչը ազատագրական պայքարը հետզհետե կդատարկի իր քաղաքական բովանդակությունից եւ կվերածի սոսկ նյութական դատի:
Պետք չէ ազգի ողբերգությունը որոշ անհատների կամ կառույցների կողմից նյութական շահ ապահովելու միջոցի վերածել եւ կամ դատական աննպաստ նախադեպեր ստեղծել՝ այդպիսով – թեկուզ ակամայից – հավաքական ու ազգային իրավունքների հետապնդման խոչընդոտ հանդիսանալ: Խոսքը չի վերաբերվում անհատական իրավունքները զոհելուն. խոսքը վերաբերվում է այդ անհատական իրավունքները մի խումբ մարդկանց, հիմնականում՝ որոշ փաստաբանների անզուսպ շահի աղբյուրի վերածելու ճիգերին, ինչպես դժբախտաբար ականատես եղանք ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործերին առնչված մի շարք փաստաբանների փոխադարձ մեղադրանքներով եւ չարաշահումների մասին մերկացումներով։
Ցանկալի է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների ու Հայոց Ցեղասպանության հատուցման խնդիրների ու անելիքների ընդհանուր ծրագրի, ռազմավարության շուրջ գոյանա համահայկական համախոհություն, այնպես ինչպես կա համախոհուրթյուն Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրում։ 2015 թվականի Համահայկական հռչակագիրը այդ համախոհության ձևավորման առաջին քայլն է։ Անհրաժեշտ է առավել հիմնավորել, ամրապնդել այդ համախոհությունը։
Ամեն տեսակետից ցանկալի է – հավանաբար անաեւ անխուսափելի է –, որ այդ համահայկական համախոհության ձեւավորման առանցքը լինի պետությունը, բայց այն պետք չէ սահմանափակվի պետության իրավունքներով, հնարավորություններով եւ կատարելիքներով։ Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման եւ Հայոց Ցեղասպանության հատուցման իրագործման ռազմավարությունը, որն իր մեջ ներառելու է թե՛ քաղաքական և թե՝ իրավական քայլեր, պետք է հաշվի առնի եւ խարսխված լինի համայն հայության իրավունքների եւ հնարավորությունների վրա, ունենա իր համապատասխան բաժանումներն ու ենթաբաժանումները, իրավատերերի, հասցեատերերի ու գործեադաշտերի և ատյանների հստակ նշումներով։
Համահայկական խորհրդակցություններով և մինչև Համահայկական խորհուրդի ցանկալի ձևով՝ ընտրություններով ձևավորումը, անհրաժեշտ զարկ տալ այս ռազմավարության մշակման աշխատանքին։ Այս նպատակով անհրաժեշտ է Երեւանում ձևավորել համատասխան ոչ-պետական կառույց, – կամ վերափոխել, ընդարձակել Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնը –, որը մեկ կողմից կկատարի, կղեկավարի ռազմավարության մշակման համար անհրաժեշտ ուսումնասիրությունները, մյուս կողմից՝ փոխադարձ խորհրդակցություններով փաստացի կհամադրի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման՝ հատուցումների և իրավունքների վերականգնման ուղղությամբ տարբեր շջանակների, կենտրոնների և կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքները։ Նման կենտրոնը պետք է լինի ոչ-պետական, պետք է ընդգրկի մեր երկրի ու ժողովրդի կարող ուժերին, վայելի համահայկական հոգատարություն ու վստահություն։ Նման կենտրոնի ուսումնասիրությունները հիմք կծառայեն համահայկական ռազմավարության մշակման եւ տարբեր դերակատարների կողմից նախաձեռնվող քայլերի։
Ամփոփելու համար, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների եւ Հայոց Ցեղասպանության հատուցման խնդիրների հետապնդումը նախ եւ առաջ ենթադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից այդ իրավունքներից չհրաժարվե՛լ, բայց նաև պահանջում է ծրագրավորած, հետևողական քայլեր։ Այդ կերպ, Հայոց Ցեղասպանության հատուցման խնդիրները ոչ միայն կմնան համահայկական օրակարգի նյութ, այլև՝ կդառնան տևական գործունեություն, որի դրական արդյունքները հաստատ չեն ուշանա։